Առնվազն 15 մարդ է տուժել Իրանում տեղի ունեցած 5,3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 15 մարդ է տուժել Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգի Սարպոլ է Զահաբ քաղաքի շրջանում ապրիլի 1-ին տեղի ունեցած 5,3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

«Այսօր տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում տուժել է 15 մարդ, նրանք բոլորը հոսպիտալացվել են»,- հայտարարել է նշված նահանգի առողջապահության ծառայության ներկայացուցիչ Մազիար Թահմասեբին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի ճշգրտված տվյալներով՝ 5,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել իրան-իրաքյան սահմանի շրջանում։ Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իրանի Իլամ քաղաքից 89 կմ հյուսիս-արևմուտք, Սարպոլ է Զահաբից 25 կմ հարավ և Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 163 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Անցյալ տարվա նոյեմբերի 12-ին Իրանի և Իրաքի սահմանին, Բաղդադից 200 կմ հյուսիս-արևելք և Քերմանշահ քաղաքից 100 կմ արևմուտք գրանցվել է երկու ստորերկրյա ցնցում, որոնցից առաջինի մագնիտուդը կազմել է 7,2, երկրորդինը՝ 7,3։ Օջախները գտնվել են 19 կմ և 25 կմ խորության վրա։

Տարերքի հարվածները հասել են Իրանի յոթ նահանգների, որտեղ այս կամ այն չափով տուժել է 1650 բնակավայր։ Ամբողջությամբ փլուզվել է 12 հազ. տուն, նույնքան էլ վնասվել է։ Մահացել է առնվազն 530 մարդ, մոտ 7,5 հազարը տուժել է։




Լրահոս