Ընդհանրապես դուր չեկավ, որ անցած տարի այս օրը անցկացվեցին խորհրդարանական ընտրությունները. քառօրյա պատերազմի մասնակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 տարի է անցել 2016 թվականի ապրիլի 2-ից։ Այսօր, երբ երկրում պետք է հայտարարված լիներ հիշատակի կամ հաղթանակի, իսկ մի գուցե սգո օր, այն հերթական օր է։

Ի՞նչ ունենք 2 տարի անց  ArmLur.am-ը փորձել է հասկանալ, «Ապրիլյան քառօրյա» պատերազմի մասնակցի՝ Հայկ Թորոսյանի հետ։ Հիշեցնենք, որ նա ականի պայթյունից ծանր վիրավորում էր ստացել և մի քանի օր կոմայի մեջ է եղել, բայց հերոսն այսօր արդեն վերականգնողական փուլում է։

– Հայկ գիտենք, որ պատերազմում վիրավորված զինվորներով ստեղծել եք հասարակական կազմակերպություն. ո՞րն է նպատակը, և ստանու՞մ եք պետական աջակցություն։

-Մենք ստեղծել ենք «Դիրքապահ. քառօրյա պատերազմի մասնակիցներ» հասարակական կազմակերպությունը։ Այն ստեղծվել է բացառապես մեր ջանքերով։ Նպատակն է վիրավորված տղաներին աջակցել, օգնել նրանց հոգեբանական առումով, որպեսզի ճիշտ գնահատեն իրենց կարգավիճակը։ Կարելի է ասել` մենք ենք մեզ օգնում, չենք սպասում, որ ինչ որ մի տեղից գան մեզ հետ սելֆի անեն սեփական PR-ի համար ու գնան։ Աջակցություն ստացանք Մշակույթի նախարարությունից, որի շնորհիվ կազմակերպվեց բարեգործական համերգ և ողջ հասույթը` 2 միլիոն դրամ, ուղարկեցինք դիրքեր։ Պաշտպանության նախարարությունն է խրախուսում, որ լավ գործ ենք սկսել, ու` այդքանը։

– Ի՞նչ նոր ծրագրեր ունեք։

– Հույս ունենք, որ այս կազնակերպությունը շարունակական բնույթ կունենա։ Ցանկանում ենք մեր անդամ տղաների հետ այցելել կրթական հաստատություններ, հիմնականում դպրոցներ, որպեսզի ապագա զինվորներին քաջալերենք, պատմենք մեր փորձի մասին։ Առաջին հերթին մեզ հովանավոր է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք իրագործել մեր ծրագրերը։

– Ապրիլի 2 ից երկու տարի Է անցել. ինչպե՞ս կգնահատես ներկայիս վիճակը, եղե՞լ են դրական փոփոխություններ։

– Մեծ փոփոխություններ չկան։ Կարծում եմ` առաջին հերթին ժողովրդի գիտակցությունն է փոխվել։ Սկսել են հասկանալ իրական վտանգը և ճիշտ գնահատել մեր ուժերը և մեր սահման պահող տղաներին։

– Հայկ, իսկ ի՞նչ կասես ապրիլի 2-ը ոչ մի հատուկ օրվա չվերածելու փաստի մասին։

– Մենք կարող ենք նաև այդ օրը դիտել որպես հաղթանակի օր։ Խնդիրը երկու կողմ ունի, տարբեր կարծիքներ կան։ Տղաներն իսկապես հերոսություն են արել և դրա համար ամենաթանկ գինն են վճարել։ Կարծում եմ` այս օրը պետք է լինի հիշատակի օր, և ամեն հայի պարտքը լինի այցելել «Եռաբլուր»։ Ասեմ, որ ինձ ընդհանրապես դուր չեկավ, որ անցած տարի այս օրը անցկացվեցին խորհրդարանական ընտրությունները. դա անհարգալից վերաբերմունք էր։

Զրուցեց Հասմիկ Սարգսյանը




Լրահոս