Աշոցքի զինկոմը շոկի մեջ է. ինչպես են զինկոմիսարիատից ինքնաձիգ և փամփուշտներ անհետացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Աշոցքի զինկոմիսարիատում առեղծվածային դեպք է գրանցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` զինկոմիսարիատից երկու ինքնաձիգ եւ 48 փամփուշտ է անհետացել, եւ զինկոմիսարիատի աշխատակիցները մեկը մյուս վրա են գցում զենքերի անհետացման պատասխանատվությունը:

Եվ այսպես` «Ժողովուրդ» oրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին խառնաշփոթ իրավիճակ է տիրում Աշոցքի տարածքային զինվորական կոմիսարիատում: Բանն այն է, որ իրավապահները բացահայտել են, որ կոմիսարիատից անհետացել են երկու ինքնաձիգ՝ ավտոմատ, եւ 48 փափուշտ: Սա բացահայտվել է հերթապահների հերթափոխության ժամանակ:

Հերթափոխ ընդունող զինվորականը, տեսնելով բացթողումը, հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում հերթապահության անցնել զինկոմիսարիատում, կոչ է արել հրավիրել իրավապահներին՝ հասկանալու, թե ինչ պայմաններում են անհետացել ինքնաձիգները եւ փամփուշտները:

Հիմա իրավապահները զինկոմիսարիատում հարցաքննություններ են սկսել՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել: Սակայն ուշագրավն այն է, որ զինկոմիսարիատի ոչ մի աշխատակից մինչեւ այս պահը վստահաբար պնդում է, որ ինքը անհետացած ինքնաձիգների եւ փամփուշտների հետ որեւէ առնչություն չունի:

Ավելին` ըստ Աշոցք համայնքում տարածված լուրերի` այս պատմությունում բավականին մութ կետեր կան:
Ըստ տարածված խոսակցությունների` գրեթե բոլոր հերթապահություն իրականացրած զինվորականները նշում են, որ ստուգել են, թե իրենց հերթապահությանը ինչ է պահպանման հանձնված: Այստեղ հարց է առաջնում` եթե ստուգել են, ապա ինչպես են անհետացել զենքերն ու զինամթերքը, չի բացառվում, որ շատ զինվորականների դեպքում այդ ստուգումները ձեւական են եղել` առանց հաշվելու: Իսկ հետագայում, երբ զինվորականներից մեկը որոշել է ստուգել` արդյո՞ք տեղում են զենքերը, եւ ըստ այդմ` ինքը ինչի՞ տակ է ստորագրում, բացահայտվել է այս դեպքը:

Չի բացառվում, որ զինկոմիսարիատից զենք ու զինամթերքը վաղուց է անհետացել, սակայն իրավապահներին գործը նոր է հայտնի դարձել: Իսկ թե ինչ կպարզվի, եւ որտեղից զենքի ձայնը կլսվի, ցույց կտա ընթացքը:

Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել Աշոցքի տարածքային զինվորական կոմիսարիատի պետ Լեւոն Կարապետյանի հետ` հասկանալու, թե ուր են անհետացել զենքն ու զինամթերքը:

-Պարո՛ն Կարապետյան, զինկոմիսարիատից 48 փամփուշտ եւ երկու ինքնաձիգ են անհետացել, ինչպե՞ս կբացատրեք:

-Դուք կապ հաստատեք մեր լրատվականի բաժին, այնտեղից կասեն:

Դուք` որպես զինկոմ, իրավիճակը բացատրեք:

-Կներեք, բայց իմ իրավասությունների շրջանակում չէ, որ ես Ձեզ բան հայտնեմ, ոչ թե որեւէ բան եմ թաքցնում, պարզապես իմ իրավասություններից դուրս է:

-Բայց Ձեզ չի՞ մտահոգում այն, ինչ բացահայտվել է:

-Ես մինչեւ հիմա շոկի մեջ եմ, բայց կատարվածի մանրամասներից տեղյակ չեմ:

-Ամեն դեպքում բացահատվել է նման բան, չե՞ք փորձում հասկանալ, թե ինչ պայմաններում զենքն ու զինամթերքը անհետացան:

-Կներեք, ես ինֆորմացիային չեմ տիրապետում: Զբաղվում են իրավապահները, քննություն է գնում, ուստի չեմ կարող որեւէ տեղեկություն հայտնել:

-Լավ, անծանոթնե՞րը եկան, մտան զինկոմ, գողացան, տարան, թե՞ Ձեր աշխատողներն են այն գողացել, ի վերջո, այս հանգամանքը գոնե Ձեզ հայտնի կլինի:

-Ես չեմ եղել, արձակուդում եմ եղել, ոչ մի բանից տեղյակ չեմ, այլ բան չեմ կարող ասել:

Հ. Գ. ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատեց` Աշոցքի զինկոմում բացահայտված զենք, զինամթերքի անհետացման մասով հարուցվել է քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աշոցքի զինկոմիսարիատից 48 փափմուշտ եւ երկու ինքնաձիգ է անհետացել, եւ աշխատակիցները մեկը մյուսի վրա են գցում անհետացած զինամթերքի հարցը: Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին.

«Մարտի 28-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՊՆ Աշոցքի զինկոմիսարիատի հերթապահ մասի մետաղյա պահոցից անհայտ անձի կողմից երկու միավոր ՊՄ տեսակի ատրճանակներ, երկու պահունակ եւ 48 հատ 9մմ տրամաչափի փամփուշտների առերեւույթ հափշտակության, պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու փաստի առթիվ»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱն




Լրահոս