Ռուսաստանի Դաշնությունը պատասխան քայլեր ունի. ռուս քաղաքագետը` իրենց դիվանագետների արտաքսման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ԵՄ անդամ 14 երկիր որոշում է ընդունել երկրից արտաքսել ռուս դիվանագետների, այս որոշմանն են միացել ԱՄՆ-ը, Կանադան եւ այլ երկրներ: Միաժամանակ Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, թե ԵՄ-ում նույնպես համամիտ են այն մտքի հետ, որ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ առնչություն ունի Ռուսաստանը:
Ստացվում է` ՌԴ-Արեւմուտք հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Ինչ կարելի է սպասել դեպքերի նման ընթացքից, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի հետ:

-Պարո՛ն Սկակով, ԵՄ անդամ երկրների որոշումն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

-Սա, իհարկե, ոչ ցանկալի տարբերակ է, այդ ամենը կարող է հանգեցնել ծայրահեղությունների: Իհարկե, այդ դեպքում համապատասխան քայլեր կլինեն: Առհասարակ այս ամբողջ գործընթացը չի կարող վստահություն առաջացնել: Իհարկե, Թրմափի սրտով չեն մեր իշխանությունները, մասնավորապես Վլադիմիր Պուտինը: Այդ պատճառով, կարծում եմ, որ այս ամենը պրովակացիա է նաեւ, եւ պատասխանն էլ համարժեք կլինի: Այդ որոշումը միանգամայն սպասված էր, որովհետեւ շարունակվում է նաեւ սանկցիոն քաղաքականությունը, որեւէ զարմանալի բան չկա:

-ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում ի՞նչ կարող ենք սպասել:

-Հետեւանքները ոչ միայն ՌԴ-ից են կախված, այլ նաեւ ԱՄՆ-ից: Դոնալդ Թրամփը եւս հասկանում է, որ այս ամենը տանում է դեպի փակուղի, եւ հասկանում է, որ ամեն ինչ այդպես չի մնա: Այսինքն` մեր դեմ արված չարության պատասխանը հենց չարությունն էլ կլինի:

-Այսինքն` հակառակ քայլե՞ր են մշակված:

-Իհարկե: Մենք ՌԴ-ում եւս եվրոպական երկրներից դեսպաններ ունենք: Նրանց էլ մենք կարող ենք արտաքսել կամ առհասարակ փակել ամբողջ դեսպանությունները: Բայց չէի ցանկանա, որ այդ ամենն այդպիսի վերջաբանի հանգեցնի: Սակայն եթե այդպես լրջանա, ՌԴ-ն չի հապաղի քայլեր անելուց:

-Իսկ ըստ Ձեզ` այս ամենն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստանի վրա:

-Ես չեմ կարծում, թե շատ լուրջ ազդեցություն կարող է ունենալ: Հայաստանն այստեղ որեւէ կապ չունի: Այդ ամենը չի անդրադառնա ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ ԽՍՀՄ մյուս անդամ երկրների վրա: Խնդիրներ առաջացան, օրինակ, Ուկրաինայի եւ Վրաստանի հետ, սակայն դրանք ոչ թե ՌԴ-ԵՄ շրջանակներում էին, այլ կապված էին Մոսկվա-Կիեւ եւ Մոսկվա-Թբիլիսի հարաբերությունների հետ: Իսկ Երեւանի հարցում նման խնդիրներ չեն կարող առաջանալ:

-Սակայն, ի վերջո, մի կողմից ՀՀ-ն հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, իսկ մյուս կողմից համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ:

-Սակայն Դուք հաշվի առեք, որ Հայաստանը չի հանդիսանում ԵՄ անդամ եւ երբեւէ այդ միության անդամ չի հանդիսանա: Այդ ամենը միֆ եւ մոլորություն է: Հայաստանն ուղղակի համաձայնագիր ունի ԵՄ-ի հետ, սակայն այդպիսի համաձայնագրեր ԵՄ-ն ունի, օրինակ, Ալժիրի, Իսրայելի կամ այլ բազմաթիվ երկրների հետ: Այսինքն` Հայաստանը չի հանդիսանում ԵՄ անդամ եւ ոչ մի պարտավորություն չունի: Եվ ես կարծում եմ, որ այդ ամենից Հայաստանը չի տուժի: Ես կարծում եմ, որ դա Հայաստանի հետ որեւէ առնչություն չունի, որովհետեւ խնդիրն ավելի շատ Բրյուսել-Մոսկվա, Վաշինգտոն-Մոսկվա տիրույթում է: Դիվանագետների արտաքսումը Վաշինգտոնի՝ Մոսկվայի հանդեպ վարած քաղաքականության հերթական դրսեւորումներից մեկն է: Կա ռազմաքաղաքական բնույթի վտանգ: Միացյալ Նահանգները հիմա սահմանափակումներ է մտցնում որոշ երկրների այն ընկերությունների դեմ, որոնք Ռուսաստանից զենք են գնում:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս