Ինչպես հայտնի է` կառավարությունը հեղինակել է «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությունը» վերնագրով նախագիծ, որը, սակայն, մեծ աղմուկ է հանել: Նախագծում, ի թիվս այլ դրույթների, նշված է, որ ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացման համար ներքին մարտահրավերներից են հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը, զինվորական ծառայության եւ զինվորականի մասնագիտության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը, օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը, անկարգապահությունն ու անդաստիարակությունը:
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս կապակցությամբ նշեց, որ նախագծում չկա որեւէ միտք, որին կարելի է գաղափարական, ռացիոնալ հակափաստարկ բերել, քանի որ փաստաթուղթն ամբողջությամբ ռացիոնալ դաշտից դուրս է. «Որքան շուտ հոգեբուժարանում հայտնվենք, այնքան լավ, որովհետեւ հոգեբուժարանում ավելի ողջախոհ միջավայր կարող ենք դիտել, քան այս փաստաթղթի կիրարկումից հետո կամ այն լայն հանրությանը պարտադրելուց հետո կլինի: Երկրորդը` սա իշխանության բոլոր տեսակի ռեսուրսների սպառման վերջին կետն է` եզրակետը:
Այս փաստաթղթում օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու եւ այլ խնդիրներից բացի` այս փաստաթղթի մեջ ավելի վտանգավոր բաներ կան. երկար ժամանակ տարբեր հայեցակարգերում եւ դասագրքերում թշնամի եզրույթը չէր օգտագործվում, այլ կիրառվում էր հիմնականում հակառակորդ եզրույթը: Այստեղ ինչ-որ ակնարկի տեսքով, Ադրբեջան կամ Թուրքիա չնշելով` խոսվում է թշնամական պետությունների մասին: Ենթադրենք` վրացին կամ իրանցին կարդում են դա, կարող են իրենք իրենց վրա վերցնել: Այստեղ կարճամիտ, նեղմիտ մի բան է, որը մեզ տանում է դեպի ֆաշիզմ, բացասական առումով` ֆաշիզմ»,- աում է նա եւ հավելում, որ սոցիալական առումով ֆաշիզմն ինչ-որ չափով դրական ազդեց Գերմանիայի տնտեսության վրա: «Մեզ մոտ լրիվ հակառակ խայտառակությունն է: Մենք սպառել ենք ամեն ինչ, ու հիմա իշխանությունը պարտադրում է գտնել որդիներ, որոնք պատրաստ են մեռնելու ու վերջ: Իսկ պետություն մեռնելով չեն կառուցում: Այդ նախագծում նշված է օտար մշակույթների հետ հաղորդակցվելու խնդրի մասին. այսինքն` եթե մարդը Վիվալդի է լսում, պետք է կախե՞նք այդ մարդուն»: Թոմաջյանը վստահ է նաեւ, որ այս փաստաթուղթը շովինիզմի տարրեր է պարունակում, եւ ոչ ոք չի կարող բացատրել, թե ռազմահայրենասիրությունն ի՞նչ տերմին է: «Ներքին սպառնալիքներ եւ այլն, դա բացահայտ մանիպուլացնող, մարդկանց հուզական դաշտի վրա խաղացող, կղերապետական փաստաթուղթ է, եկեղեցին ներգրավել, բարոյականություն, դաստիարակություն: Ո՞վ է ընդհանրապես դրանք սահմանում: Դուք ո՞վ եք, որ մարդ դաստիարակեք, ինչի՞ մասին է խոսքը: Դու նախ պետություն ստեղծիր, արժեք տուր, քաղաքացուն տուր ապահովություն, սոցիալական երաշխիք եւ հազար ու մի բան, ու հետո նոր պահանջի, որ քաղաքացին ցանկանա այդ ամենը պաշտպանել: Ի՞նչը պաշտպանի. բանկում կուտակած միլիոններդ պաշտպանի՞, թե՞ բարեկամներիդ ու քրեաօլիգարխիկ համակարգիդ դղյակները: Լավ խոսք կա. ասում է` պատերազմի ժամանակ իշխանությունները պետության անունը դնում են հայրենիք ու հանձնում ժողովրդին»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե նշված է նաեւ թմրամոլության, թունամոլության եւ սեռական այլասերվածության մասին, որքանո՞վ է արդարացված նաեւ այսպիսի դրույթների ներառումը, Թոքմաջյանը նշեց. «Եթե սեռական այլասերվածության տակ հասկանում ենք, օրինակ, դիակապտությունը, որեւէ մեկին այս 30 տարվա ընթացքում նման հոդվածով դատե՞լ են: Կամ եթե նկատի ունենք կարմիր խնձորի մշակույթը… Ինչ մնում է թմրամոլությանը եւ թունամոլությանը, ես կավելացնեի նաեւ խաղամոլությունը: Բայց կարո՞ղ է իմ լիազորությունների շրջանակում է բացահայտել ու պատժել թմրամոլներին, օրինակ: Իհարկե ոչ: Իրենք բերել, այդ չար բաները տարածել են հասարակության մեջ եւ չեն կարողանում վերահսկել, մարդկանց զբաղմունք չեն կարողանում տալ, որ մարդն իր գործով զբաղվի: Հիմա եկել, ասում են` մարտահրավեր է: Տեղով մարտահրավեր է Ս. Սարգսյանի իշխանությունն` ամբողջ համակարգով ու ՀՀԿ-ով: Բացի այդ` տողեր կան փողոցային բառապաշարի մասին. ո՞վ է այդ փողոցային բառապաշարը տարածում. ձեր գողական հեռուստաընկերությունները: Դուք հասարակությանը հասցրել եք այս վիճակին, հիմա էլ մեղադրում եք, թե` գիտես ինչ, հասարակություն, դու վատն ես դարձել, ես փրկիչ եմ, հիմա եկել եմ` քեզ փրկեմ: Եվ պարգեւատրում են Դիանա Գրիգորյանին եւ այլ մարդկանց, որոնք հասարակությանը մանիպուլացնելու, զոմբիացնելու խնդիրը շատ լավ կատարել են: Դ. Գրիգորյանի գրած սցենարով սերիալը նայող քաղաքացին կարո՞ղ է պահանջատեր լինել. իհարկե, չի կարող: Ամբողջ ողբերգությունն այն է, որ Մովսես Խորենացու` 1500 տարի առաջ գրած «Ողբ»-ը տիպական է մեզ համար հիմա»: Եվ պատմաբանն ընդգծում է նաեւ, որ իշխանության վերջին հանգրվանը միշտ էլ արտաքին թշնամի ստեղծելն է եղել. «Իմ կարծիքով` Հյուսիսային Կորեայի առաջնորդը հիմա մի անկյունում կանգնած` անհանգիստ ծխում է ու նախանձում Հայաստանի իշխանություններին»,-ասում է նա:
Հարցին` իշխանության նշած ռազմահայրենասիրական դաստիարակությունը եւ ազգ-բանակ կոնցեպտը ՀՀԿ գաղափարախոսության շրջանակում դիտարկելով` ի՞նչ եզրահանգման է եկել, Թոքմաջյանը նշեց. «Հանրապետական կուսակցությունը գաղափարախոսություն չունի: Երբ ղեկավարում էր լուսահոգի Աշոտ Նավասարդյանը, այդ ժամանակ կուսակցությունն ուներ հստակ կողմնորոշում, պահպանողականություն, բայց հիմա, մեծ հաշվով, քաղաքական օրակարգ ՀՀԿ-ն չունի: Որ ասում են` Նժդեհ եւ այլն… Եթե հանդերձյալ կյանք կա, վստահ եմ` Նժդեհը շատ վատ է զգում, թե ովքեր են հիմա իր PR-ով զբաղված: ՀՀԿ-ն ունի մեկ նպատակ. հնարավորինս երկար մնալ իշխանության եւ հնարավորինս շատ թալանել»:
Պատմաբանը պատահական չի համարում, որ իշխանությունը 2 կառույց է օգտագործում` բանակ եւ եկեղեցի` մարդկանց վրա ազդելու նպատակով: Քաղաքացիների 90 տոկոսից ավելին Հայաստանում իրենց համարում են քրիստոնյա, իսկ բանակը, անկախ թերություններից, դիտարկվում է որպես կայացած կառույց: «Եվ ազգ-բանակ կոնցեպտը` դրանից բխող շիզոֆրենիայով, թաքցվում է հենց եկեղեցու ու բանակի ետեւում: Եվ դա պետության համար շատ վտանգավոր է: Սա մեռնող հասարակության հայեցակարգ է: Սրանով մենք վերադառնալու ենք կիրգիզների դարաշրջան»,-շեշտում է պատմաբանը: Թոքմաջյանը վստահ է, որ նախագծի նպատակն է ռազմահայրենասիրական մառազմի տակ հասարակությանը բերել անգիտակից, էյֆորիկ դաշտ:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ