«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները լուրջ չարաշահումներ են բացահայտել Վայոց ձորի մարզի համայնքներում:
Եվ այսպես` գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը արշավ է սկսել համայնքի ղեկավարների դեմ: Մասնավորապես Լոռու եւ Շիրակի մարզում ստուգումներ էին իրականացվել, եւ այդ ստուգումների արդյունքում ձերբակալվել էին Լոռու մարզի Միխայլովկա, Ձյունա համայնքների նախկին ղեկավարները: Ավելի ուշ չարաշահումների համար ձերբակալվել էին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան համայնքի նախկին ղեկավարը, Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ համայնքի նախկին ղեկավար:
Բացի այդ` չարաշահումներ էին հայտնաբերվել Արմավիրի մարզում եւս, այստեղ պարարտանյութի եւ սերմացուի բաշխման մասով: Արդյունքում` Արմավիրի մարզի 8 համայնքում` Արտամետ, Սարդարապատ, Նալբանդյան, Բամբակաշատ, Ամասիա, Արաքս, Մրգաշատ, Ջրաշեն, թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվում է 10 քրեական գործ:
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացրել էր, որ իրավապահ համակարգին հանձնարարական է տրվել, որ աշխատանքներ տանեն նախկին գյուղապետերի հետ` ստիպելով վերադարձնել հափշտակված գումարները: Ավելին` հիմա ձերբակալվածների առաջ պայման է դրվում` եթե վերադարձնեն այդ գումարները, բանտ չեն նստի. ամեն ինչ կավարտվի պայմանական ազատազրկումներով: Հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել կալանավայրերում:
Սակայն պատկերը այսքանով չի ավարտվում. ՀՀ իրավապահ համակագը ստուգում է իրականացնում նաեւ մյուս մարզերում, եւ մյուս մարզերի մասով առաջիկայում կրկին համայնքի նախկին ղեկավարների ձերբակալություններ են սպասվում:
Ինչեւէ: Իրավապահ համակարգը Վայոց ձորի մարզում նոր բացահայտումներ է արել: Ի՞նչ բացահայտումների մասին է խոսքը, այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է սկսել մարզերի համայնքի նախկին ղեկավարների գործունեության մասով եւ բացահայտումներ է արել: Մեզ հայտնի դարձավ, որ Վայոց ձորի մարզում նոր բացահայտում է եղել, կմանրամասնեք` ի՞նչ նոր բացահայտման մասին է խոսքը:
-Մեկ համայնքի` Վերմաշեն համայնքի հետ կապված իրավապահները զբաղվում են:
-Այսինքն` ի՞նչ են անում:
-Այնտեղ որոշակի բան է բացահայտված:
-Կոնկրետ կասեք` ի՞նչ են բացահայտել:
-Նախկին ղեկավարի մասին է խոսքը, գնումների գործընթացի հետ է կապված: Ուսումնասիրության արդյունքում այնտեղ տեսել են ինչ-որ խնդիր: Ցանկանում եմ ասել, որ մարզպետարանը իրավասություն չունի ստուգումներ կատարել: Այսինքն` գնումները ներկայացնում են մարզպետարան, մարզպետարանը դա օրենքով սահմանված կարգով կայքերում տեղադրում է, եւ այդ գնման արդյունքում թե ինչ կարգի հարաբերություններ են մտնում, դա հետո ենք տեսնում, որ այդտեղ որոշակի խնդիրներ են առաջանում:
-Հստակ կասեք, թե ի՞նչ գնումներ կատարելու մասին է խոսքը:
-Մեկ անձից ինչ-որ գնում են կատարել, հետո պարզվել է, որ գումարի հետ կապված համապատասխան գումարի չափով ապրանք գնում չի կատարվել, ճիշտ հասկացեք` բացահայտումը դեռ ընթացքի մեջ է, ինքս դեռ կոնկրետ բան չգիտեմ, որ կարողանամ հստակ, լրջորեն Ձեզ ներկայացնեմ, բայց կրկնում եմ` ուսումնասիրության ընթացքում ինչ-որ խախտում է հայտնաբերվել:
-Իսկ մյուս համայնքներում ի՞նչ պատկեր ունեք:
-Առայժմ դեռ որեւէ նման այլ բան չունենք, եթե որեւէ տեղ որեւէ բան է հայտնաբերվում, նոր տեղեկանում ենք, իրավապահները ստուգուները շարունակում են:
-Այս բացահայտումների մեջ որպես Վայոց ձորի մարզպետ` Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում, Դուք ըստ էության վերահսկող մարմին եք, սակայն անտեղյակ եք, թե ինչեր են անում համայնքի ղեկավարները:
-Ճիշտ հասկացեք, օրենքով սահմանված կարգով մարզպետարանը տեսչական ստուգում է իրականացնում, այդ տեսչական ստուգման ժամանակ յուրաքանչյուր վարչություն սահմանված կարգով մտնում է եւ նայում է փաստաթղթավորված դակումենտները, գնումը կատարվել է, փաստաթղթով ներկայացվել է, թե ոչ: Բայց ֆինանսական ստուգում մարզպետարանները իրավասու չեն իրականացնել: Եվ կարծում եմ, որ այդ հանգամանքը վստահություն է ներշնչում համայնքի ղեկավարին, որ ինքը փաստաթուղթը իրականացրել է, օրինական կազմակերպել է, եւ չպետք է գնան այլ մանր բաների հետեւից:
-Վայոց ձորի մարզպետարանը Զառիթափ համայնքի ղեկավարին դատի է տվել եւ պահանջում է մոտ 1 միլիոն 700 հազար դրամ: Ի՞նչ պատմության մասին է խոսքը:
-Համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով սերմացուի բաշխում է արել, այդ գյուղացիական տնտեսությունը, որ այդ գումարը պետք է վճարեր, չէր վճարում, սերմի գումարի մասին է խոսքը: Եվ մարզպետարանի իրավաբանի օգնությամբ Զառիթափի համայնքի ղեկավարի դեմ հայց ներկայացվեց դատարան, եւ դատարանը հօգուտ պետության որոշում կայացրեց, որ այդ գումարը պետք է բռնագանձվի:
-Եվ վճարե՞լ է համայնքի ղեկավարը:
-Պրոսեցը կարգավորվում է, ընթացքի մեջ է:
-Հնարավոր է` Զառիթափի մասով բացահայտուներ լինեն, քանի որ այլ համայնքներում գյուղացիները վճարել էին համայնքի ղեկավարին սերմնացուի գումարը, բայց համայնքի ղեկավարն էր մսղել:
-Չէ՛, չէ՛, սա չարաշահման հետ կապ չունի:
Քնար Մանուկյան