«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի, որպես քաղաքացի սեփական դիրքորոշումը արտահայտելու հարցում պասիվություն ցուցաբերելու եւ հանրային ռադիոֆոնդի երաժշտական գոհարների թվայնացման թեմաներով զրուցել է երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանի հետ։
-Պարո՛ն Իսպիրյան, «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի փողոցային տարբերակը։ Մարտի 31-ին Գյումրիում մեկնարկած «Իմ քայլը» արշավը միտված է նրա իշխանավարման երրորդ ժամկետի կանխմանը։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում պայքարի այս ձեւին։
-Դե, թող արշավն անեն, կիմանանք՝ այն իմաստ ունի, թե ոչ։ Հասարակությունն այսօր ինչ-որ շատ թմրած վիճակում է, արթուն չէ։ Մենք մեկս մյուսիս մեղադրում ենք տարբեր բաների մեջ, բայց ամեն մեկս մեր տեղում քնած ենք։ Չգիտեմ՝ ինչ կլինի, ամեն բան թողել եմ ինքնահոսի։ Հիմա ես իմ սիրած գործն եմ անում, կենտրոնացել եմ ռադիոֆոնդի մաս կազմող արժեքավոր ձայնապնակները թվայնացնելով։ Ինձ համար դա հիմա ամենակարեւոր աշխատանքն է, քաղաքականության մասին էլ չեմ ուզում լսել։
-Բայց նախկինում Դուք այդպիսին չէիք։ Հիմա Ձեզ կարող են մեղադրել պասիվանալու, քաղաքացիական դիրքորոշումը կորցնելու մեջ։
-Ինչպես ասում են իմ կոլեգաները` ակտիվիստից դարձա արխիվիստ (ծիծաղում է)։ Ռադիոֆոնդով զբաղվելն էլ պայքարի իմ ձեւն է։
-Այսինքն՝ պայքարի մյուս ձեւերը սպառե՞լ են իրենց։ Այնպիսի տպավորություն է, որ Դուք հուսախաբ եք եղել։
-Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել՝ իրենց սպառել են, թե ոչ, բայց ես չեմ տեսնում քաղաքական այն ուժին, որը կկանգնի հրապարակում, իր շուրջ կհավաքի այնքան մարդու, որքան հավաքվել էր, ասենք, 2008-ի մարտին։ Ուղղակի չեմ տեսնում այդպիսի մեկին, հասկանո՞ւմ եք։ Չգիտեմ՝ ինչ պետք է լինի, ով պետք է գա։ Ամեն դեպքում, մարդիկ սիրում են Նիկոլ Փաշինյանին, լսում են նրա խոսքը, նա, ինչպես ասում են, մեր սրտի «վինտիլյատորն է», հովացնում է մեզ։ Ես նրան՝ որպես քաղաքական գործչի, հարգում եմ։ Բայց արդյո՞ք նրա քննադատությունները հասնում են իշխանություններին, բացթողումները շտկվո՞ւմ են. կասկածում եմ։ Նիկոլ Փաշինյանն ամբիոնից շատ խիստ, կրիտիկական քննադատություններ է անում, բայց ինչպես ուռին եւ բարդին, ամեն պաշտոնյա՝ իր դարդին, ամեն մեկը շարունակում է իր գործելաոճը, ոչ մի բան չի փոխվում։ Այս կառավարությունն արդեն իր վրա թքել-մրելու իմունիտետ է ձեռք բերել, չնայած ամեն ինչին՝ շարունակում է իր գործն անել։
-Օրինակ՝ Դուք կցանկանայիք՝ Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, թե՞ մեկ այլ գործիչ զբաղեցներ վարչապետի պաշտոնը։
-Ինձ ոչ մի բան չի հետաքրքրում, ես իմ գործի «վարչապետն եմ»։
-Լավ, մի փոքր էլ Ձեր գործնական կյանքից խոսենք։ Ռադիոֆոնդի արխիվային գոհարները ուսումնասիրելուց, թվայնացնելուց հետո չե՞ք պատրաստվում որեւէ հաղորդաշար հեղինակել, երիտասարդ սերնդի շրջանում ճաշակ ձեւավորել։
-Այո, կան նման մտքեր։ Գիտե՞ք՝ ուսումնասիրում եմ արխիվներն ու մտածում՝ ժամանակին մեծ արտիստները ո՜նց են աշխատել, մեղվի պես են աշխատել, մեղր են տվել, ոչ թե այսօրվա երգիչների նման՝ լավագույն դեպքում՝ շաքարաջուր։ Ֆոնդն իրականում բարձիթողի վիճակում էր։ Հիմա, երբ այն արդեն երկրորդ կյանք է ստացել, պատրաստվում ենք հանրության դատին հանձնել նոր կայք, որտեղ մուտք գործելով՝ մարդիկ կկարողանան ծանոթանալ հատուկ հեղինակային ծրագրերի, լսել ժողովորդական, էստրադային մաքուր երաժշտություն, ինչպես նաեւ մանկական հին ու նոր երգեր, ծանոթանալ մեր մեծերի ձայներին։ Սա շատ կարեւոր առաքելություն եմ համարում։
-Օնլայն տիրույթում հաճախ կազմակերպում եք մեղեդին գուշակելու վերաբերյալ հարցումներ։ Հնարավո՞ր է` նման բնույթի հաղորդում վարեք։
-Մենք պատրաստում ենք նաեւ արխիվի մասին ռադիոհաղորդում, այնպես որ, ինչ-որ կերպ կմոտենանք Ձեր ասածին։ Այդ դեպքում արդեն լրատվամիջոցներն էլ կհասկանան, թե ինչ սխալ պրոպագանդա են անում, ինչ սխալ են դաստիարակում մատաղ սերնդին։
Անի Անտոնյան