Վահե Հակոբյանի անծայրածիր ունեցվածքն ու Իսպանիայում գնած բնակարանը. մարզպետը կհայտնվի՞ թիրախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացրել է 2017 թվականի տարեկան հայտարարագիրը: Այսպես` նա անցած տարում գնել է երկու բնակարան` մեկը 124.3 մլն, մյուսը 90.7 մլն դրամով, երեք ավտոտնակ` յուրաքանչյուրը 3 մլն դրամով: Միաժամանակ մարզպետը 52 մլն դրամով վաճառել է հողամաս: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` ունի Արաբական Միացյալ Էմիրությունների 10 հազար դիրհամի չափով արժեթուղթ: Անցած տարեսկզբին նա ունեցել է 147 մլն 406 հազար դրամի փոխառություն, իսկ տարեվերջին` 500 հազար դոլար:

Մարզպետի դրամական միջոցները անցած տարում կազմել են 24 մլն 150 հազար դրամ, 400 հազար 800 դոլար եւ 106 հազար 100 եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է 500 հազար դրամ, 222 մլն դրամի չափով վարկերը եւ մեկ ընկերությունից ստացած 636 հազար 800 դոլարի չափով շահաբաժինը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մարզպետի պաշտոնը ստանձնելու տարում 275 հազար 874 եվրոյով բնակարան է գնել Իսպանիայում:

Նշենք, որ անցած տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծը, որը անդրադառնալու է 2017 թվականի տարեկան հայտարարագրերի վրա: Հետաքրքիր է` Վահե Հակոբյանը կհայտնվի՞ թիրախում, թե՞ ոչ. նա պետք է ապացուցի, որ ոչ թե ապօրինի կերպով է հարստացել, այլ օրինական ճանապարհով, մի բան, որը խիստ դժվար է լինելու երիտասարդ ՀՀԿ-ականի դեպքում:




Լրահոս