Նարինե Պետրոսյանը սպասում է չորրորդ զավակի՞ն. պատասխանում է դերասանուհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հ. Ղափլանյանի անվան Երեւանի դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանն է, ով մեծապես հայտնի դարձավ «Ոչինչ չի մնա» ֆիլմում իր կերտած կերպարով: Վերջերս Դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ նրա մասնակցությամբ «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացման պրեմիերան: Ավելի ուշ էլ համացանցում հայտնվեց լուսանկար, որտեղ երեք աղջիկների մայրը կլորացած փորով էր: Սկսվեցին խոսակցություններ պտտվել այն մասին, որ Նարինեն կրկին երեխայի է սպասում: Վերջինս մեզ հետ զրույցում տվել է երկրպագուների հուզող բոլոր հարցերի պատասխանները:

-Նարինե՛, Դուք իսկապես չորրորդ երեխայի՞ն եք սպասում:

-Ո՛չ (ծիծաղում է): Այդ հարցը վերջին շրջանում ինձ էլի են տվել: Ուղղակի ներկայացումներից մեկի շրջանակում երկրորդ գործողության ընթացքում մարմնավորում եմ հղի կնոջ: Այդ գործողությանը պատրաստվելիս էլ ինձ լուսանկարեցին, եւ առաջ եկավ այդ թյուրըմբռնումը:

-Վերջին շրջանում կարծես Ձեր զբաղվածությունը բեմում ավելի մեծ է, քան էկրաններին, այդպե՞ս է:

-Այո՛, պարբերաբար ստանում եմ նաեւ սերիալներում նկարահանվելու առաջարկներ, բայց մերժում եմ: Նկարահանվելու ցանկություն ունեմ, բայց պետք է որակյալ նախագիծ լինի, որ հասկանամ՝ ինչու պետք է երեխաներիս թողնեմ ու ամբողջ օրս նվիրեմ աշխատանքիս: Ինձ մոտ, այսպես ասած, հեղափոխական շրջան է: Եթե չկա որակ, չի բավարարվում նաեւ գումարային առումով իմ հետաքրքրությունը, էլ ինչո՞ւ պետք է զբաղվեմ տվյալ գործով, ավելի լավ է ստեղծագործական քաղցս հագեցնեմ թատրոնի միջոցով, որտեղ նաեւ մասնագիտական աճ կապահովեմ, քան հետ գնամ՝ ոչ մի օգուտ չքաղելով: Առաջին երեխայիս ծնունդից հետո, օրինակ, ինչ-որ կերպ արտահայտվելու ցանկությունս շատ մեծ էր, բայց արդեն երրորդ երեխայիս ծնունդից հետո իրավիճակն այլ է, շատ հարցերի ավելի հանգիստ եմ նայում: Ի դեպ, փոքրիկ դուստրս արդեն այն տարիքին է, որ կարող եմ հարկ եղած դեպքում ավելի հանգիստ զբաղվել իմ գործով:

-Դուք Ձեր ստեղծագործական կյանքում ի՞նչ բացթողումներ եք ունեցել, որոնց համար ափսոսում եք:

-Միշտ էլ կա ավելին անելու հնարավորություն եւ ցանկություն: Յուրաքանչյուր լավ դերասան այն կարծիքին է, որ իր լավագույն դերերը դեռ առջեւում են: Եթե կա մի դերասան, որը կարծում է, թե ինքն ամեն ինչ խաղացել է, ուրեմն իր կյանքում ինչ-որ բան այն չէ:

-Թատրոնում նոր ներկայացում բեմադրվո՞ւմ է:

-Այո՛, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանն է բեմադրում: Այն թերեւս աշնանը կներկայացվի հանդիսատեսին: Իսկ մինչ այդ՝ ամռան սկզբից, թատրոնում տեխնիկական վերազինում է սպասվում, այնպես որ, կարող է որոշակի դադար լինել:

-Կա՞ն ռեժիսորներ, կլինի թատրոնում, թե կինոյում, որոնց հետ Ձեզ համար առանձնահատուկ հետաքրքիր է աշխատել:

-Այո՛, օրինակ՝ Ջիվան Ավետիսյանը: Շատ սիրում եւ գնահատում եմ նրա աշխատանքը: Իհարկե, էլի կան ռեժիսորներ, որոնցով հիանում եմ: Իսկ եթե խոսքն, օրինակ, թատրոնի ռեժիսորներին է վերաբերում, կարող եմ վստահ ասել, որ կան երիտասարդ ուժեր, որոնք պատրաստ են շատ բան անել, միայն թե իրենց այդ հնարավորությունը տրվի: Այնինչ` շատ վառ երեւակայությամբ ռեժիսորների ասում են՝ գիտեք ինչ՝ մեր բեմի հնարավորությունները թույլ չեն տալիս այսինչը, այնինչը, եւ բեմադրիչների թեւերն արդեն կոտրվում են:

-Եվ վերջում՝ Հայաստանում թատրոնների քաղաքականության մեջ ի՞նչը կփոխեիք:

-Ես կուզեմ, որ թատրոն ավելի շատ գումար մտնի, որ թատրոնների տեխնիկական հնարավորությունները շքեղ լինեն, որպեսզի այսօրվա կլիպային մտածողությամբ հանդիսատեսին հնարավոր լինի գրավել լուսային, ձայնային, վիզուալ էֆեկտներով, ռեկվիզիտով, հագուստներով, եւ, իհարկե, ներկայացման որակով: Այլ ոչ թե՝ հանդիսատեսը գա թատրոն ու ասի. «Էս ինչ հին հոտ էր գալիս այս ամենից»: Ռուսաստանում ինչո՞ւ է թատերասեր հասարակություն ձեւավորվել, նաեւ այն պատճառով, որ նրանց ներկայացվում է շքեղ ու գունեղ բեմ: Ուզում եմ, որ Հայաստանում էլ հնարավոր լինի դա ստանալ՝ չմոռանալով, իհարկե, բովանդակության կարեւորության մասին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս