ԼՂ խնդրի լուծման հարցում առաջընթաց չի լինի. ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ՌԴ-ի լարված հարաբերություններն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ անմիջական ադզեցություն են ունենում ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմանն ուղղված գործընթացներում: Նրա խոսքով` քանի դեռ այդ հարաբերությունները չեն կարգավորվել, ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում առաջընթաց սպասել պետք չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

-Օրեր առաջ նախիջեւանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը եւ կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ: Ի՞նչ է պատրաստվում անել ՌԴ-ն, քանի որ ոչ մեկ անգամ հայտարարվել է՝ Հայաստանին ուղղված ցանկացած ոտնձգություն նաեւ ուղղված է ՌԴ-ին:

-Հայաստանի հանդեպ սպառնալիք եղել է նաեւ նախկինում եւ ոչ միայն Նախիջեւանի կողմից: Այդ պատճառով այստեղ պետք է ուշադրություն դարձնել նման դեպքերի հաճախակի լինելուն: Իհարկե, մեր համբերությունը մի օր սպառվելու է, դա անխուսափելի է: Ադրբեջանի կողմից պրովակացիան կարող է ավելի վատ հետեւանքներ ունենալ եւ այդ պարագայում դժվար կլինի չխառնվել: Պետք է հասկանալ, որ սրանք վտանգավոր խաղեր են եւ կարող են վատ հետեւանքներ ունենալ հենց Ադրբեջանի համար: Նախիջեւանն Ադրբեջանի իշխանության քաղաքականության գերին է:

-ՌԴ-ի կողմից հայտարարություններ են եղել, թե նախկինի պես Ադրբեջանին սպառազինություն չի վաճառվելու, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նույնիսկ սպառազինություն արտահանող երկիր դառնալու մասին է խոսել: Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերում նման հայտարարություններին:

-Հարցն այն է, թե հետագայում սպառազինության ինչպիսի տեսակներ կվաճառվեն Ադրբեջանին եւ ում կողմից: Այս պարագայում կարեւորն այն է, որ Ադրբեջանին վաճառվող սպառազինությունը չպետք է օգտագործվի ո՛չ ՌԴ-ի, ո՛չ Հայաստանի դեմ: Սակայն Ադրբեջանը զենք գնելու բավականին այլ տարբերակներ ունի` բացի ՌԴ-ից: Դա, ինչպես հայտնի է, Իսրայելն ու զենքեր վաճառող այլ երկրներն են: Այնպես որ Ադրբեջանը միայն կախված չէ մեզանից: Պետք է մտածել տարածաշրջանին սպառազինություն չվաճառելու մասին:

-Այսինքն` չի վաճառվի միայն այնպիսի սպառազինություն, որը կարող է օգտագործվել ՀՀ-ի եւ ՌԴ-ի՞ դեմ:

-Իհարկե, հաշվի առեք, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազա է գտնվում: Այս պարագայում պետք է հասկանալ, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն ընդհանուր շահեր, բայց ունեն նաեւ հակասություններ: Դրանք հայտնի են, եւ այդ պարագայում սպառազինություն մատակարարել, որը կարող էր օգտագործվել նաեւ ՌԴ-ի դեմ, դա խելամիտ չէ, իհարկե:

-Հաշվի առնելով Հայաստանում եւ Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, ինչպես նաեւ ՌԴ նախագահի պաշտոնում կրկին Վլադիմիր Պուտինի ընտրվելը, առաջիկայում ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում կարո՞ղ ենք առաջխաղացում սպասել:

-Ո՛չ, չեմ սպասում: Հաշվի առեք, որ ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում անհրաժեշտ է Մինսկի խմբի համանախագահների միասնական մոտեցում, համաձայնություն եւ, իհարկե, մեծ ցանկություն: Սակայն մինչ ՌԴ-ԱՄՆ եւ ՌԴ-ԵՄ հարաբերությունները լարված են, եւ չկա համաձայնություն ու վստահություն, ապա ճնշման սպասել պետք չէ: Միասնական ճնշման դեպքում ինչ-որ բան հնարավոր կլիներ անել:

-Այսինքն` ՌԴ-ԱՄՆ եւ ՌԴ-ԵՄ հարաբերություններն անմիջականորեն ազդո՞ւմ են ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման վրա:

-Իհարկե, այդ հարաբերությունները սերտ կապված են Ղարաբաղյան հարցի հետ: Ի վերջո, այդ հարաբերությունների ընթացքում է վստահություն առաջանում: Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելը հանդիսանում են միջնորդ կողմեր, եւ եթե նրանց միջեւ համաձայնություն չկա, ապա չկա նաեւ այդ հարցում առաջընթաց:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս