«Ժողովուրդ» օրաթերթը «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ զրուցել է Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի, նոր նախագահի հնարավորությունների, Սերժ Սարգսյանի առաջադրման եւ այլ թեմաների շուրջ: Նա նշել է, որ Արմեն Սարգսյանից, որից նախօրոք սահմանադրորեն բոլոր իրավասությունները խլել են, լուրջ փոփոխություններ հնարավոր չէ ակնկալել:
-Պարո՛ն Գինոսյան, նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Հետաքրքիր է՝ ի՞նչ հույսեր եք կապում նրա հետ:
-Գիտեք՝ կարելի է բոլորի հետ էլ հույսեր կապել, բայց հույսերը շատ սին բաներ են, եթե երկրում համակարգային ոչինչ չի փոխվում: Ես կարծում եմ՝ մինչեւ Արմեն Սարգսյանը չսկսի կիրառել իր գործառույթները, ոչ ոք ոչինչ չի կարող ասել:
-Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիների ընթացքում Հայաստանը լքել է ավելի քան 257 հազար հոգի, երկրի պետական պարտքը կազմում է 6,8 մլրդ դոլար, աղքատության ցուցանիշը՝ 29,4 տոկոս: Նման տվյալների ֆոնին ի՞նչ հետեւություններ պետք է անենք:
-Եթե արտաքին պայմանները չթելադրեն լուծումներ, մեր ճահճում առանձնապես ոչինչ չի փոխվի: Մեկ հոգուց, որից նախօրոք սահմանադրորեն բոլոր իրավասությունները խլել են, լուրջ բաներ հնարավոր չէ ակնկալել (նկատի ունի Արմեն Սարգսյանին-հեղ.): Սահմանադրությամբ փոխել են նախագահի իրավասությունները, բայց եթե նույնիսկ նախորդ լիազորությունները մնային, շատ հզոր կամք էր պետք լինելու՝ երկիրը ճահճից դուրս բերելու համար: Իսկ առավել եւս հիմա շատ դժվար է ինչ-որ բան հուսալ: Հիշենք՝ ինչպես վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Կարեն Կարապետյանը, գեղեցիկ խոսքեր ասվեցին, բայց գործողությունների տեսանկյունից շատ բան չփոխվեց: Հիմա էլ դեկլարատիվ փոփոխություններ կլինեն, բայց եթե լուրջ մարտահրավերներ չլինեն, որոնք կսթափեցնեն իշխանությանը, փոփոխություններ չեն լինելու:
-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է «Իմ քայլը» արշավը, որը միտված է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխմանը։ Ի՞նչ կասեք պայքարի այս ձեւի առնչությամբ:
-Չգիտեմ, կյանքը ցույց կտա: Կարծում եմ՝ արշավը սկզբնավորման փուլում է, նոր է սկսվել, իսկ այս փուլում կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, կապրենք, կտեսնենք` ինչ զարգացումներ կլինեն:
-Պարո՛ն Գինոսյան, հիմա, երբ ժողովուրդը այդքան էլ կողմնորոշված չէ քաղաքական այս պրոցեսներում, ո՞րը պետք է լինի մտավորականի դերը, նա կարո՞ղ է ինչ-որ կերպ կողմնորոշողի դերում լինել:
-Մտավորականի առաջին կոչումը հենց ժողովրդին այդ մոլորվածության միջից հանելն է եւ անընդհատ եղած խնդիրները բարձրաձայնելն է, որքան էլ դրանք որոշ շրջանակների համար հաճելի կամ տհաճ լինեն: Ես նույնիսկ կասեի, որ մտավորականը բուժող բժիշկը չէ, այլ ախտորոշողը, բայց, ցավոք սրտի, այդ ախտորոշումը հստակ չէ, մենք հիվանդին խնայելու համար չենք ասում հիվանդության խորության չափը, ընդ որում՝ չենք ասում ոչ միայն հիվանդին, այլեւ բուժող բժշկին: Այդ դեպքում դժվար է հիվանդին բուժել:
-Բայց մեր ընդդիմադիր գործիչները, լրատվամիջոցները անընդմեջ հենց ախտորոշումը տալով են զբաղված եւ դժգոհում են, որ բուժումն է բացակայում: Ո՞վ պետք է լինի բուժողը, ըստ Ձեզ:
-Եթե գործող իշխանությունը թույլ տա, բուժումը պետք է ընդդմիությունն անի, եթե, իհարկե, ձեւավորված լիներ լիարժեք եւ անկողմնակալ ընդդիմություն: Կարծում եմ՝ մտավորականի դերը նաեւ գալիք սերունդներին դաստիարակելն է, որպեսզի նրանք ինքնամաքրման ճանապարհով գնան: Բայց լուծումը միայն մտավորականի կամ հասարակության որեւէ մեկ շերտի ձեռքում չէ, այլ նաեւ երիտասարդության: Ես նրա վրա եմ դնում իմ հույսը:
Աննա Բաբաջանյան