Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» ուշացած քայլ է. Հաղթանակ Շահումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն է: Նա անդրադարձել է մեր երկրում տիրող քաղաքական իրավիճակին՝ նոր նախագահի պաշտոնավարումից մինչեւ «Իմ քայլը» արշավը:

-Պարո՛ն Շահումյան, օրեր առաջ տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Ի՞նչ տպավորություններ ունեք նոր նախագահից եւ ի՞նչ հույսեր եք կապում նրա հետ:

-Եթե Արմեն Սարգսյանը իր ազատ, բարեկեցիկ կյանքը թողել է Մեծ Բրիտանիայում եւ եկել է այստեղ, ուրեմն պետք է փորձի մի բան անել, չէ՞, մի ծրագրային մղում պետք է ունենա, հույս ունենանք: Եվ բացի այդ՝ կարեւորը ոչ թե անհատների, այլ համակարգի խնդիրն է: Մեր երկրում նախ պետք է համակարգը զարգանա: Հիմա Միացյալ Նահանգներում ում ուզում ես՝ տար, դիր նախագահի պաշտոնում, այդ երկիրն իր համակարգն ունի, դրանով է ապրում, Ամերիկան դրանից չի փոխվում: Ուզում ես՝ անգրագետ նախագահ դիր, ուզում ես՝ անբարոյական, Ամերիկան էլի կգործի իր համակարգով: Աստված տա՝ մեզ մոտ էլ այդ համակարգը ձեւավորվի, որը կնպաստի մեր երկրի զարգացմանը: Այսօր մեր երկրում գիտությանը, արվեստին ո՞վ է ուշադրություն դարձնում, բայց չէ՞ որ դրանց զարգանալու արդյունքում է երկիր զարգանում: Մենք պետք է հասկանանք դա եւ աշխատենք այդ ուղղությամբ:

-Ի՞նչ եք կարծում՝ Սերժ Սարգսյանի վարչապետ լինել-չլինելուց երկրում ինչ-որ լուրջ տեղաշարժեր կլինե՞ն:

-Կարծում եմ՝ ոչ, դրանից բան չի փոխվի. մեր երկրին համակարգային զարգացում է պետք: Պարտադիր չէ՝ նախագահը կամ վարչապետը լինեն աշխարհի ամենախելոք ու գիտակ մարդիկ, փոխարենը պետք է ուժեղ լինի ապարատը: Իսկ եթե մասնագետների կարծիքի հետ հաշվի նստեն, այդ ապարատը կուժեղանա, անշուշտ, մեր երկիրը առաջխաղացում կունենա: Թե չէ՝ ով ուզում է՝ վարչապետ լինի, ոչինչ էլ չի փոխվի:

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է «Իմ քայլը» արշավը, որը միտված է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխմանը։ Ի՞նչ կարծիք ունեք պայքարի այս տարբերակի վերաբերյալ:

-Կարծում եմ՝ դա ուշացած քայլ է, մեր իրականությունը թատերական ներկայացման է վերածվել: Ընտրությունների ժամանակ թող ընդդիմադիր ուժերը այնքան համոզիչ լինեին, որ կարողանային շահել ժողովրդի վստահությունը: Քաղաքական լուրջ քայլեր չեն կատարվում ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության կողմից: Այս երկուսը կարծես իրար «ինադու» են գործում՝ իրար հակառակվելու կամ իրարից տարբերվելու համար: Ամեն դեպքում, ես կուզեմ, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քայլարշավը լինի դեմոկրատիայի մղող քայլ, եւ մեր պետությունը զարգացում ապրի:

-Նկատի ունեք, որ ժողովրդի վստահությունը կորել է ոչ միայն իշխանությունների, այլեւ ընդդիմադիր ուժե՞րի նկատմամբ:

-Վերջին քսան-քսանհինգ տարվա ընթացքում այդ վստահությունն իսկապես կորել է: Ընդդիմադիր ուժը մի օրվա մեջ չի գալիս, համապատասխան միջավայր է պետք զարգացնել, այնինչ` ինտելեկտուալ միջավայրը ոչնչացված է, հետեւաբար քաղաքական առողջ միջավայրն ու տնտեսությունը՝ եւս: Մենք հիմա մեր մտավոր ուժը հանել-շպրտել ենք դուրս, մարդիկ գնացել են արտերկիր, ընտանիք են պահում: Այսօր ինտելեկտուալ միջավայրի մարդը կոպեկներ է աշխատում եւ հազիվ կարողանում է գոյությունը քարշ տալ, ուսումնական համակարգն էլ արժանի փոխարինողներ չի ստեղծում եւ այլն, եւ այլն: Սրա մասին պետք է մտածենք, թե չէ հուսալ, որ մի փրկիչ պետք է հայտնվի, Քրիստոսի նման եւ փրկի մեզ, ճիշտ չի լինի:

-Ժողովուրդը ի՞նչ պետք է անի ստեղծված իրավիճակում:

-Գիտեք՝ ես էլ, լինելով այդ ժողովրդի մի մասնիկը, եկել եմ այն եզրակացության, որ հազար ու մի բացթողում կա, որոնց մասին կարելի է խոսել, բայց դրանք խոսքով չեն շտկվում, պետք է միջավայր ստեղծվի՝ ամեն բան կարգի բերելու համար: Եվ ժողովրդի ամեն մասնիկ պետք է աշխատի այդ միջավայրի ձեւավորման ուղղությամբ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս