Հարց քաղաքացիներից` ովքե՞ր իրավունք ունեն օգտվելու ուսման վարձի զեղչից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ովքե՞ր իրավունք ունեն օգտվելու ուսման վարձի զեղչից: Ո՞ւմ է տրվում նման արտոնություն:

Հերմինե Գրիգորյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչեւ տասը տոկոսին` հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը եւ բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը`
1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին. 2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին. 3) 3 եւ ավելի անչափահաս կամ 3 եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին. 4) վճարովի ուսուցման համակարգում երկու եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին. 5) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին. 6) հեռավոր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին. 7) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին. 8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` ուսումնական հաստատության հայեցողությամբ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով, բացառությամբ` արվեստի, առողջապահության եւ սպորտի ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների: Ի դեպ, օտարերկրացիները, իրենց ընտրությամբ, ուսհաստատություն կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով` միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս