Ապրիլի 13-ից «Իմ քայլը» եւ «Մեժիր Սերժին» նախաձեռնությունները պայքար են սկսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Եվ չնայած ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանն արդեն խորհրդարանի կողմից վարչապետ է ընտրվել, սակայն սկսված շարժումը չի մարում, այլ հակառակը` օր օրի նոր թափ է հավաքում:
Ընդ որում, Հայաստանում այս օրերին անցկացվող հանրահավաքներին եւ բողոքի ցույցերին միջազգային հանրության արձագանքը բավական խոսուն է: ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ ՌԴ-ն գրեթե միաժամանակ են արձագանքել բողոքի ցույցերին եւ միաձայն կոչ արել իշխանություններին առաջին հերթին զսպվածություն ցուցաբերել: ՌԴ-ն ՀՀ-ում կատարվող իրավիճակին անդրադարձել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով. «Եւ ամենակարեւորը, մենք հույս ունենք, որ ամեն ինչ ընթանում է օրինականության շրջանակներում»,- ասել է նա: Նկատենք նաեւ, որ բողոքի ցույցերի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է թավշյա իշխանափոխության մասին` ընդգծելով, որ իրենք մերժում են բռնությունը, հակաօրինական քայլերը եւ իշխանությունների ուժին հակադրելու են միայն ժպիտ:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովի հետ:
-Պարո՛ն Դուբնով, այս օրերին Հայաստանում մեծ ցույցեր են ընթանում իշխող ուժի եւ ղեկավար Սերժ Սարգսյանի դեմ: Ինչպե՞ս եք տեսնում այս ամենի ելքը:
-Ես կարծում եմ, որ մի քանի օրից այս շարժումը կմարի: Մարդիկ կվերադառնան իրենց բնականոն կյանքին, ուսանողները` գրքերին, դասերին եւ այն ամենին, ինչով զբաղվել են, իսկ հեղափոխական տրամադրություններն էլ կմարեն եւ վերջ: Այդպիսի տրամադրություններ եղել են նաեւ 2013-ին ու 2015-ին ու նույն ավարտն ունեցել. այդպես կլինի նաեւ այժմ:
-Ինչո՞ւ եք այդպես կարծում:
-Առաջին հերթին հեղափոխության համար պայմանները բավարար չեն: Դա հաջողության գրավական չէ, երբ մեկ անձի շուրջ է պտտվում ամեն ինչ, ինչպես հիմա Փաշինյանի դեպքում է: Քաղաքական ուժերը չկարողացան թաքցնել տարաձայնությունները, ընդհանուր դժգոհությունները եւ չմիացան Փաշինյանի պայքարին:
-Սակայն արդեն մեկ շաբաթ է, ինչ այս հանրահավաքներն ու ակցիաներն ընթանում են, եւ մարդկանց քանակն ավելանում է, ոչ թե պակասում:
-Այո, բայց դա բավարար չէ, որպեսզի ներկայիս իշխանություններին ստիպի հեռանալ:
-Իսկ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:
-Առաջին հերթին ամբողջ հանրապետությունում մարդկանց ներգրավում, որպեսզի էլիտան վախենա, ահաբեկվի, սակայն այդպիսի հիմքեր չեմ տեսնում: Բացի այդ` ես չեմ տեսնում այնպիսի լիդերներ, ովքեր կանգնած են Փաշինյանի հետ, նրա կողքին:
-Իսկ որպես լիդեր ինչպե՞ս եք գնահատում նրա քայլերը:
-Տեխնիկական առումով հետաքրքիր է, սակայն քաղաքական տարբերակներ նրա մոտ չկան եւ չի էլ եղել: Նա ոչ մի շանս չունի այդ առումով: Ուկրաինայում եւ Վրաստանում դա լավ ստացվեց, 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանն ուներ շանսեր, նրա կողքը մեծ թվով քաղաքական գործիչներ էին կանգնած, սակայն այժմ Փաշինյանը չունի: Այժմ սոցիալական դժգոհոթյուն է` առանց քաղաքական հեռանկարի: Իսկ 2008-ին կար քաղաքական ծրագիր, նրանց ընտրողները, կարգախոսները: Հիմա քաղաքական լոզունգներ չկան, ծրագիր չկա, ընտրական զանգված որպես մեկ մարմին չկա: Բացի այդ` հայտնի չէ` ինչպիսին է նա տեսնում համակարգն այդ իշխանափոխությունից հետո, ո՞վ պետք է գա իշխանության:
-Դուք նշեցիք, թե շարժումն օր օրի կմարի: Իսկ ոստիկանական ուժերի գործողությունները համարժե՞ք եք գնահատում:
-Կարծում եմ` մարդիկ կհոգնեն եւ կհեռանան: Բայց, իհարկե, ոստիկանական ուժերը եւս քայլեր կձեռնարկեն: Ես չեմ կարծում, թե նրանք շատ կոշտ միջոցների կդիմեն, քանի որ մարդիկ ինքնըստինքյան կհեռանան:
-ՀՀ նորընտիր նախագահը երկխոսության կոչ է արել: Ինչպիսի՞ն պետք է լինի Փաշինյանի արձագանքը:
-Կարծում եմ` երկխոսելու առիթ չկա, եւ պետք է հասկանալ, թե ինչ են նրանք հասկանում` երկխոսել ասելով: Եթե Փաշինյանը գնա եւ ասի` տուր ինձ իշխանություն, դա նույնպես երկխոսություն է: Կարծում եմ` նա չունի այնպիսի պահանջներ, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ: Նա կշարունակի փողոցներ փակել այնքան ժամանակ, քան դեռ ունի ուժ եւ ռեսուրս:
Նաիրա Հովհաննիսյան