Դիլիջան-Իջեւան երկաթուղու էլեկտրական լարերը թալանվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1980-ական թվականներին Դիլիջան-Իջեւան երկաթուղին հարվածային կառույց էր, դրան մեծ նշանակություն էր տրվում: Երկաթուղու գործարկումով Հայաստանի հյուսիս-արեւելյան տարածաշրջանի տնտեսական կյանքն աշխուժացավ: Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող Հայաստանի տնտեսական օրգանիզմի կարեւոր մի երակ ներկայումս կտրված է: Տավուշի մարզի Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին գյուղի տարածքում հողի սողանքից ավերված է Դիլիջան-Իջեւան երկաթուղու հատվածը: Սողանքի հետեւանքով Աղստեւ գետի ձախ ափին գտնվող առանձնատների տերերը լքել են իրենց բնակարանները, նրանց պետական բյուջեից դրամական փոխհատուցում է տրվել: Դիլիջան-Իջեւան-Ադրբեջանի սահման երկաթգիծը 1990-ական թվականների երկրորդ կեսից թալանվել է, երկաթուղու ռելսերը տեղում են, սակայն էլեկտրական լարերը եւ այլ պարագաներ գողացվել-թալանվել են: Երկաթգիծը վերագործարկելու դեպքում Իջեւանի բենտոնիտ կոմբինատը, Իջեւանի գինու գործարանը, Իջեւանի եւ Դիլիջանի տարածաշրջանների այլ ձեռնարկություններ իրենց արտադրանքը կարող էին առաքել երկաթուղով, դեպի Երեւան եւ այլ քաղաքներ մեկնող մարդատար գնացքներ կաշխատեին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս