Մի քանի քաղաքական ուժեր շտապ հայտարարություններ են տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի քաղաքական ուժեր հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով այսօր Երևանում տեղի ունեցած դեպքերինբ ևպատգամավորների ձերբակալություններին:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է այսօր խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառումը։

  • Անթույլատրելի ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և շարժման մյուս մասնակիցների ձերբակալությունները:

Կից տեսե՛ք կուսակցության հայտարարության տեքստն ամբողջությամբ։

Հարգանքով՝

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

  • Վերջին օրերի լարված, պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու, երկխոսության հարթակ ստեղծելու ՀՅ Դաշնակցության ջանքերը երեկ հույս էին առաջացրել, որ հնարավոր կլինի փոխզիջումային և կառուցողական լուծումներ գտնել: Մենք ամեն ինչ արել էինք կողմերին երկխոսության, բանակցությունների բերելու համար:
    Ցավոք, սկսված գործընթացը, բևեռացված մոտեցումների պատճառով, այսօր տապալվեց: Բայց նույնիսկ վերջին իրադարձություններից հետո մենք շարունակում ենք հավատալ, որ ցանկացած փակուղային իրավիճակում կարելի է ելքեր գտնել և շտկել կացությունը:

Այս առումով կարևոր է, որ բոլոր կողմերը հասկանան՝ հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել: Հասարակության և պետության շահերը վեր են ամեն ինչից: Կոչ ենք անում բոլորին՝ սթափ գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրահեղություններից և բանական ու իրատեսական լուծումներ փնտրել:
Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Մեզ ոչ ոք հակառակը չի կարող համոզել:
Իր սկզբունքային դիրքորոշումներին հավատարիմ՝ Դաշնակցությունը շարունակելու է երկխոսությանն ուղղված հետևողական ջանքերը:

22.04.2018թ.
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

  • Օրինական հավաքներ անցկացնելու համար «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Հավաքների ազատության մասին օրենքի համաձայն նախօրոք և այսօր իրազեկել է լիազոր մարմնին և ոստիկանությանը։ Իրազեկումն ընդունվել է ի գիտություն լիազոր մարմնի կողմից։

2018 թվականի ապրիլի 22-ին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ժամը 17:00-ից մինչև 22:00 Ազատության հրապարակում կանցկացնի հավաք, որից հետո՝ երթ։

Իսկ նույն օրը ժամը 17:00-ից մինչև 23:00 Հանրապետության հրապարակում կանցկացնի շտապ հավաք և երթ, որի երթուղին կլինի Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Հաղթանակ կամուրջ – Իսակովի պողոտա։ Շտապ հավաքի և երթի մասին օրենքով սահմանված կարգով իրազեկում է ուղարկվել լիազոր մարմնին և տեղեկացվել է ոստիկանությանը։

Զարուհի Փոստանջյանը ՀՀ ոստիկանապետից և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է անհապաղ կապ հաստատել և շտապ հանդիպել իր հետ։ Նա գտնվում է Երևանի փողոցներում, որպեսզի համատեղ կազմակերպեն քաղաքացիների խաղաղ և անզեն հավաքների անցկացնելու իրավունքի իրականացումը։

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

  • Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ստեղծված իրավիճակը գնահատելով որպես պայթյունավտանգ և լի անկանխատեսելի հետևանքներով, որպես պետության գլուխ, դիմում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, անհապաղ հրավիրելու խորհրդակցություն քաղաքական կուսակցությունների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ցանկացած անխոհեմ քայլ հարցականի տակ է դնում մեր պետության և ժողովրդի անվտանգությունը։
Միաժամանակ խստորեն դատապարտում ենք կիրառված բռնի ուժը խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ և պահանջում ենք զսպվածություն հանդես բերել։

Հանգուցալուծումը կարող է լինել միմիայն քաղաքական ճանապարհով և մեթոդներով։

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցություն
22․04․2018թ․




Լրահոս