ՈՒ ՀՆՉԵՑ, ԶԱՆԳԸ ՀՆՉԵՑ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության վերջին նիստն էր. երկուշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, երբ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդմնակալությունից հետո ստանձնի իր պարտականությունները, գործադիրը հրաժարական կտա: Եվ չնայած երեկ Կարապետյանը կառավարության անդամներին «աչքալուսանք» տվեց, թե շատ չուրախանան՝ միասին աշխատելու են, սակայն նկատենք, որ երեկ շատերի մոտ անորոշության եւ ճամպրուկային տրամադրություն էր, խոսքը բոլոր օղակների ներկայացուցիչների, այդ թվում՝ կառավարության աշխատակազմի մի շարք աշխատակիցների մասին էր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրանցից շատերն արդեն տեսել են իրենց գլխի ճարն ու նոր աշխատանք գտել, ոմանք էլ մտմտում են՝ փնտրելով նոր աշխաստանք: Ըստ ամենայնի, հենց Կարեն Կարապետյանն է նշանակվելու առաջին փոխվարչապետ եւ մնալու է այդ շենքում, բնականաբար, չի ունենա այնպիսի աշխատակազմ, ինչպիսին այժմ է: Բացի այդ էլ վարչապետ նշանակվելով` Սերժ Սարգսյանն իր կադրերին «կբերի» իր հետ: Պատահական չէ, որ երեկ նա միանգամից իր երեք խորհրդականներին էր աշխատանքից ազատել՝ իհարկե, հետագայում նրանց արդեն իր աշխատակազմում ներառելու հեռանկարով:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառել է իրեն պատկանող գույքը: Եւ հիմա այդ գործարքից ստացված գումարով նախարարը Ռադիոտան շենքի հետնամասում հյուրանոցային համալիր է կառուցում: Ասել է, թե Ամիրյանը, որ համարվում էր չվարկաբեկված անձնավորություն, իշխանական աղտոտ վարքուբարքից հեռու, որոշել է օգտագործել պաշտոնը՝ բիզնես անելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել նախարարից, ինչին ի պատասխան` Արմեն Ամիրյանը հայտնեց. «Մի քանիսը չեմ վաճառել, մեկն է, հյուրանոցային համալիր չէ, փոքրիկ հյուրանոց է, որի նատակն է ներդրում կատարել Հայաստանում»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ նախարարը զբաղվում է բիզնես գործունեությամբ, Արմեն Ամիրյանը պատասխանեց, թե ինչով պետք է խանգարի. «Ինչ կապ ունի դա նրա հետ»: Չնայած, եթե անկեղծ լինենք, պետք է արձանագրենք, որ Արմեն Ամիրյանը պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ անց անդամագրվեց ՀՀԿ-ին, ասել է, թե մաս կազմեց Հայաստանը տարիներ շարունակ քայքայած կուսակցությանը, ու հիմա նրա բիզնես գործունեությունն ամենեւին էլ զարմանալի չպիտի թվա:

 

 

 

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի խնդիրները սկսվելու են վարչապետ դառնալուց հետո: «Քաղաքական կյանքը շատ արագ փոփոխության է ենթարկվում, եւ ես մնում եմ իմ կարծիքին՝ կդառնա՞ Սերժ Սարգսյանը վարչապետ, դա լավ չէ երկրի համար, երկու անգամից ավելի որեւէ մարդ չպետք է փոքր Հայաստանում հավակներ իշխանության: Նրա պրոբլեմները հետո են սկսվելու, ինքը դա լավ գիտի: Նա խորությամբ հասկանում է, թե ես ինչ եմ անում»,- ասել է Կարապետյանն` առանց մանրամասնելու հայտարարության ենթատեքստը: Մինչ այդ նա նշել է, թե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը հաջողություն կունենա, եթե բավական թվով քաղաքացիներ դուրս գան փողոց: «Կարեւորագույն հարցը՝ քաղաքացին պատրա՞ստ է, եւ ինչքան շատ քաղաքացի է Հայաստանում պատրաստ պայքարելու այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ»,- ասաց նա:

 

 

 

Կաշառք ստանալու համար մեղադրյալի աթոռին հայտնված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ գումարի պահանջով քաղաքացիական հայցերի շարան է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Բարսեղյանի դեմ մի քանի տասնյակ միլիոն դրամի հայց են ներկայացրել քաղաքացիներ, նաեւ առեւտրային բանկերը: Օրինակ` «Արդշինբանկ ՓԲԸ»-ն, դիմելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Բարսեղյանից պահանջում է գանձել 8 միլիոն 218 հազար 991.30 դրամ: Այդ գործը քննել է դատավոր Սերոբ Մանուկյանը եւ բավարարել հայցը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նախկին դատավորի փաստաբան Վարդուհի Էլբակյանին, որն էլ ասաց. «Գիտեմ, որ ֆինանսական խնդիրներ կային, որքանով գիտեմ` վճարվել է, բայց ես քաղաքացիական հայցերով չեմ զբաղվում եւ ձեռնպահ կմնան այդ հարցերին պատասխանելուց»:

 

 

 

ԿՈՍՏՅՈ՞ՒՄՆ Է, ՈՐ ՊԻՏԻ ԶԱՐԴԱՐԻ
Սերժ Սարգսյանի հանդեպ կառավարության հոգատարությանը նույնիսկ կարելի է նախանձել: ԳԱԱ վերջին նիստում Սերժ Սարգսյանի անկեղծ պոռթկումը՝ «Գումա՞ր եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են», անհետեւանք չմնաց: Հաջորդ օրն իսկ կառավարության որոշմամբ Ս. Սարգսյանին անհատույց բնակարան հատկացվեց. ճիշտ է` բոլոր պաշտոնաթող նախագահներին էլ օրենքով սահմանված կարգով, տրվում է կեցավայր, սակայն Ս. Սարգսյանին տունը տրվեց հենց կառավարական ամառանոցներից, եւ տրվեց այն տունը, որում նա ապրում է այսօր:
Դրանից հետո կառավարությունը նախատեսել է, որ Ս. Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո միանգամից երկու նստավայր է ունենալու՝ մեկը Բաղրամյան 26-ում, այսինքն՝ որտեղ աշխատում է հիմա, մյուսը՝ կառավարության գլխավոր մասնաշենքում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տեւական ժամանակ կառավարության գլխավոր մասնաշենքի երրորդ հարկում ակտիվ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում. պատրաստում էին Ս. Սարգսյանի ապագա աշխատասենյակը: Երեկ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այս կապակցությամբ մեկնաբանել է. «Զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը այդ առումով հարմարեցված է վարչապետի մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար: Կարծում եմ` զարմանալի բան չկա, որ լիազորությունների մի մասն էլ վարչապետն իրականացնելու է այլ տարածքից: Կառավարության անդամների հետ աշխատանքը կարող է իրականացվել այստեղ»:
Կարելի է ենթադրել, որ Ս. Սարգսյանը բանակի, ԱԱԾ-ի, ոստիկանության, ընդհանրապես՝ երկրի ղեկավարման հետ կապված հրահանգները տալու է Բաղրամյան 26-ից, այստեղ են կազմակերպվելու ներիշխանական, կուլիսային գործընթացները, իսկ ահա փոխվարչապետներին ու նախարարներին հանձնարարականները տրվելու են կառավարության գլխավոր մասնաշենքում, որտեղ եւ անցկացվելու են նաեւ կառավարության նիստերը:
Իսկապես զավեշտալի է: Փաստորեն պետական պաշտոնյայի գործունեության արդյունավետությունը կախված է աշխատասենյակների քանակից, հայտնի ֆիլմի հերոսը կասեր. «Կոստյո՞ւմն է, որ ինձ պիտի զարդարե»: Հիմա, փաստորեն, Սերժ Սարգսյանին աշխատավայրերն են զարդարում, եւ եթե նրա նստավայրը լինի միայն կառավարության գլխավոր մասնաշենքում, պետության գործերը դրանից կտուժեին:
Իսկ իրական պատճառը մեկն է. Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի պատրաստվում հրաժեշտ տալ իշխանությանը եւ Բաղրամյան 26-ին: Բայց մյուս կողմից անտրամաբանական կլիներ, եթե լինելով վարչապետ` չունենար աշխատասենյակ կառավարությունում: Ուստի ընտրվել է ե՛ւ, ե՛ւ տարբերակը:




Լրահոս