ԼԵԳԻՏԻՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԾՎԻ ԼԵԳԻՏԻՄ ՔԱՈՍԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

-Պարո՛ն Մելիքյան, նախօրեին Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե որպես առաջին դեմք ՀՀԿ-ականները տեսնում են Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ Կարապետյանն օգտագործեց հենց առաջին դեմք եզրույթը:
-Կարեն Կարապետյանն ընդամենը ներկայացրեց իր կարծիքը: Եվ ես կարծում եմ, որ դա իրականությունն է: Առաջին դեմքն այո՛, Սերժ Սարգսյանն է` քաղաքական բնագավառում, քաղաքականության մեջ եւ Հանրապետական կուսակցության նախագահը լինելով հանդերձ` նա իրոք առաջին դեմքն է:
-Այդ դեպքում Արմեն Սարգսյա՞նը: Չէ՞ որ ըստ Սահմանադրության` նա պետության գլուխն է համարվում:
-Այո՛, խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում նախագահը պետության գլուխն է համարվում: Սակայն Սերժ Սարգսյանն է առաջին դեմքը լինելու: Իսկ ի՞նչ կա այդտեղ զարմանալի, ո՞վ պետք է լիներ առաջին դեմք: Քաղաքականության մեջ դա լինում է տվյալ կուսակցության ղեկավարը, ում կուսակցությունը նախորդ քաղաքական գործընթացների ընթացքում ստացել է ամենաբարձր քվեն եւ ձեւավորել իշխանություն:
-Իսկ ինչո՞ւ հենց Կարեն Կարապետյանը բարձրաձայնեց նրա` առաջին դեմք լինելու մասին:
-Դա կարծում եմ, որ միայն ողջունել կարելի է: Միմիայն ողջունել կարելի է, եւ շատ լավ է, որ կուսակցության առաջին փոխնախագահը խոսում է հենց այդ մասին:
-Սա նշանակում է, որ հենց ինքը գիտակցո՞ւմ է, որ այս նոր Սահմանադրության պայմաններում ի վիճակի չէ վարչապետ լինել:
-Սա խոսում է այն մասին, որ այս կուսակցությունում ամեն ինչ դրված է քաղաքական ամենաբարձր հիմքերի վրա: Եվ ոչ մի տարաձայնություններ, ինչպես ներկայացնում էին նախկինում տարբեր քաղաքական ուժերի կողմից, մեզ մոտ գոյություն չունի:
-Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեությունը: ԱՎԾ տվյալները փաստում են նրա ղեկավարած գերատեսչության արձանագրած հաջողությունների մասին:
-Ես հետեւյալը կասեմ. պետք չէ կառավարությունը ներկայացնել որպես Կարեն Կարապետյան կամ մեկ ուրիշի կառավարություն: Սա իշխանական քաղաքական ուժի կողմից ձեւավորված կառավարություն է, որի կատարած դրական եւ բացասական ամբողջ գործընթացի համար պատասխանատու է տվյալ քաղաքական ուժը:
-Բայց նախորդ վարչապետների օրոք այսպիսի ցուցանիշներ չկային: Ամեն դեպքում Կարեն Կարապետյանի ֆակտորն առաջնայի՞ն չէ:
-Բոլորի գործոնն առկա է, եւ բոլորին պետք է յուրովի գնահատական տրվի: Առկա է տվյալ քաղաքական ուժի կողմից իրականացված դրական աշխատանքը, որը տնտեսության մեջ վստահվել է տվյալ դեպքում իրականացնելու Կարեն Կարապետյանին: Նրա գնահատականը շատ բարձր է, ի՞նչ է, գնահատականը միայն պաշտոն առաջարկելո՞վ է:
-Պարո՛ն Մելիքյան, դեռ 2015 թվականին` սահմանադրական փոփոխությունների ժամանակ, ՀՀԿ-ի ներկայացուցիչները վստահեցնում էին, թե այս ամենը չի արվում իշխանության վերարտադության համար, այնինչ` ընդդիմադիրները հակառակն էին պնդում: Ստացվում է` ընդդիմության մեղադրանքները ճիշտ էին:
-Միգուցե դա մտահոգություն էր իրենց համար, բայց ես կարծում եմ, որ կոնկրետ դեպքում ժողովրդի համար որեւէ մտահոգություն չի ներկայացնում: Եվ ցանկացած գործընթաց, որ իրականացվում է, որեւէ քաղաքական ուժ չի կարող ասել, թե դրանից հետո ով կդառնա իշխանություն կամ ընդդիմություն, դա որոշում է ժողովուրդը: Եթե ժողովուրդը տար մեկ այլ քաղաքական ուժի, այդ դեպքում ընդդիմությունն ի՞նչ կասեր: Ես այստեղ որեւէ տրամաբանություն չեմ տեսնում, դա հիվանդ երեւակայության օրինակ է:
-Սակայն ստացվում է` իշխանությունը վերարտադրվեց, իսկ Սերժ Սարգսյանի` վարչապետի պաշտոնում չհավակնելու խոստումն էլ չկատարվեց: Ի՞նչը ստիպեց փոխել որոշումը:
-Ժողովրդին ծառայելու, պետության շահերից բխող քաղաքականություն իրականացնելու, երկրի անվտանգությունն ապահովելու նպատակներն են, որ բխում են կոնկրետ մեր` որպես քաղաքական ուժի շահերից, որովհետեւ դրանք բխում են մեր ժողովրդի շահերից: Այն որոշումը, որ կկայացնի մեր քաղաքական ուժն առաջիկա քննարկումների ընթացքում, դա էլ մեր կողմից կհամարվի ճիշտը եւ կմատուցվի ժողովրդին: Ում հարմար կգտնի, նրան էլ կներկայացնի տարբեր պաշտոնների համար: Մինչեւ 2022 թվական ՀՀԿ-ին է վերապահված այդ իրավունքը:
-Այլ անձ չկա՞ր, ով կարող էր այս փուլում իրականացնել այդ գործառույթները:
-Սերժ Սարգսյանը մեր քաղաքական ուժի ղեկավարն է եւ գտնվում է քաղաքականության բուրգի գագաթնակետում: Նրա առաջնորդությամբ մենք հասել ենք բավականին լուրջ հաջողությունների:
-Ձեր ընդդիմախոսները հակառակն են նշում` արտագաղթ, աղքատություն:
-Լավ կլինի, որ մեր ընդդիմախոսները փաստերով խոսեն, փաստեր չկան:
-Ի՞նչ կլինի, եթե նա չլինի:
-Դուք երեւի չեք պատկերացնում, թե ինչ կլինի: Պատկերացրեք Ձեր ասածը լինի, ուղղակի լեգիտիմ իշխանությունը կփոխարինվի լեգիտիմ քաոսով:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՅՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

ԱՄՆ-ից օրերս Հայաստան վերադարձած ԱԻՄ առաջնորդը պատրաստ է մասնակցելու Ս. Սարգսյանի վարչապետության դեմ մղվող պայքարին. օրերս նա միացել է ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քայլերթին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս ամենի մասով զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ:

-Պարո՛ն Հայրիկյան, դուք մասնակցում էիք ՔՊ քայլերթին, հիմա Ն. Փաշինյանի առաջնորդությամբ Դուք պատրա՞ստ եք գնալ պայքարի:
-Ներողություն, Դուք իզուր եք նշում` Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ: Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ էլ կարելի է գնալ, դա սարսափելի չի: Բայց ինչու եք վերցնում պայքարի այդ փուլը եւ ոչ` ընդհանուր պայքարը: Մենք պայքարի մեջ ենք եւ ընթացքում տեսնում ենք, որ Ն. Փաշինյանը մեռած միջավայրում փորձում է զարթոնք ապահովել: Ես ոչ միայն ասում եմ, որ ողջունում եմ քեզ, այլեւ գնում եմ ընկերներիս հետ:
-Չե՞ք կարծում, որ պայքարին պետք է առաջնորդ, լիդեր, ով կտանի իր ետեւից մարդկանց:
-Իհարկե, պայքարը միշտ ունենում է գլխավոր պատասխանատու, ով պետք է բոլորի վստահությանն արժանացած լինի:
-Հիմա ո՞վ է այդ պատասխանատուն:
-Նայած` ինչի համար: Զ. Փոստանջյանն ինչ-որ բան է անում, ինքն է իր ոլորտում պատասխանատու, Ն. Փաշինյանին երբ սկսեցին քարկոծել, ես հեռավոր Ամերիկայից իմ պարտքը համարեցի հայտարարել. «Լսեք, Դուք ոչինչ չեք անում, էդ մարդն ինչ-որ բան է անում եւ Դուք համարձակվում եք իրեն ծաղրել»: Բայց կան բաներ, որոնք մարտավարական են ընդամենը. ինչ է նշանակում «Մերժիր Սերժին»: Հասկացանք. դու մերժում ես սուտը, որովհետեւ Սերժը բան է խոստացել, հետո դրժել է: Բայց չէ որ դա չի խնդիրը: Փաշինյանն ինձ համար նախընտրելի է, քանի որ ինքը տարբեր առիթներով ասել է, որ երկրի տերը պետք է լինի քաղաքացին: Հիմա ինքը կգա իմ անցած հսկայական ճանապարհի արդյունքի ընկալմանը, թե չի գա, դա իր խնդիրն է, բայց այն, որ ինքը դա հիմնական նպատակներից է համարում, ինձ համար ողջունելի է:
-Իսկ մտավախություն չունե՞ք, որ ՔՊ-ի կազմակերպած հանրահավաքներին բնակիչների նկատմամբ բռնություն կարող է կիրառվել:
-Ես մտավախություն եւ մտահոգություն ունեմ: Այո, կարող են լինել դրվագներ, որտեղ զգուշավորությունը քեզ պետք է հեռու պահի անտեղի դրսեւորումներից: Կան բաներ, որ ինձ դուր չեն եկել, բայց ես դեռ Ն. Փաշինյանին չեմ ասել: Հիմա ասեմ, կարծում եմ` ինքն էլ կկարդա: Օրինակ` ինքն ասում է` ես պատրաստ եմ պարտության: Մենք պարտվելու բան չունենք: Ես եթե ինչ-որ բան էի անում, այն տարիներին ընկերներիս հետ պայքարում էինք անկախության համար, պարտվում էր մեր ժողովուրդը: Հետեւաբար, պարտության մասին խոսել պետք չի: Այդ խորհուրդը կտայի: Վաղ թե ուշ մենք ենք հաղթելու եւ եթե չհաղթենք, մեր ազգն է կործանվում: Այդ մոտեցումն ավելի ճիշտ է: Եվ իմ պարտքն եմ համարում եւ Փաշինյանին, եւ այն մարդկանց, ում չեմ ընդունում, ասել նման բաներ:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԱՆՓՈՓՈԽ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այն հարցին, թե ապրիլի 9-ից հետո, երբ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Արմեն Սարգսյանը, ում լուսանկարը պետք է փակցված լինի պաշտոնյաների աշխատասենյակներում: Մինչեւ հիմա բոլորի աշխատասենյակներում փակցված էր Սերժ Սարգսյանի լուսանկարը, եւ սա այն դեպքում, երբ Սահմանադրությունը նման բան չի պարտադրում: Ապրիլի 9-ից ՀՀ նախագահը Արմեն Սարգսյանն է, սակայն երեկ խորհրդարանում բոլոր ՀՀԿ-ականների սենյակներում շարունակում էր կախված մնալ Սերժ Սարգսյանի լուսանկարը: Ընդ որում, նրանք բացեիբաց հայտարարում էին, որ չեն էլ պատրաստվում այն հանել, ավելին՝ չեն էլ պատրաստվում Արմեն Սարգսյանի լուսանկարը փակցնել` բնականաբար, հղում անելով Սահմանադրությանը: Միայն թե, նկատենք, որ այդ նույն Սահմանադրությունն այն ժամանակ չէր պարտադրում նաեւ Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցնել, սակայն դա ՀՀԿ-ականներին չէր խանգարում իրենց գլխավերեւում ունենալ այդ լուսանկարից:

 

 

ԿՀԱՐՎԱԾԻ՞
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն օրերս, խոսելով Սերժ Սարգսյանի դեմ քաղաքական ուժերի միավորման մասին, ասել է, թե դեռեւս պարզ չէ ԲՀԿ կարգավիճակը, բայց եւ հավելել. «Եթե Սերժ Սարգսյանն ընկնի, վերջին մահացու հարվածը Գագիկ Ծառուկյանն է տալու»: «Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ մեկնաբանությունների համար դիմեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանին: «Անհասկանալի ինչ-որ բան է ասել: Չեմ կարող մեկնաբանություն տալ: Ծառուկյանը հարվածելուց երբեք վերջինը չի հարվածում: Բայց այդտեղ հարվածելու խնդիր կա՞ որ..: Ծառուկյանն այնպիսի բնավորություն չունի, որ սպասի, թե ով է կործանման եզրին գտնվում, որ վերջնական հարվածն ինքը հասցնի: Ինքը բոլորի հետ էլ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից է, բայց եթե մեկի հետ ունենում է խնդիր, բացեիբաց դա արտահայտում է»,- ասել է նա:

 

 

ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ
Երեւանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից անցել է 9 օր, բայց դեռեւս այն չի վերաբացվել: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ նկատեց, որ արագ սննդի կետում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Մեր թղթակցի այն հարցին, թե երբ է վերաբացվելու սննդի կետը, աշխատակիցը արձագանքեց. «Հավանաբար մի քանի օրից»: Ի դեպ, տեղեկացնենք, որ պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանն ու նրա եղբայրը` 6-ամյա Ռուդոլֆ Մարկոսյանը, իրենց բուժումը դեռ շարունակում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Նշենք, որ արագ սննդի կետում բալոնի պայթյունի առթիվ հարուցված քրեական գործը դեռ ընթացքի մեջ է. դեռ չեն բացահայտվել պատճառները, չկան նաեւ մեղադրյալներ:




Լրահոս