
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ովքե՞ր կարող են օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր ուղարկել:
Լարիսա Պետրոսյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պետրոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ օտարերկրացուն Հայաստան այցելելու հրավեր կարող են տալ`
ա) Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացին,
բ) Հայաստանում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին,
գ) Հայաստանում գրանցված իրավաբանական անձինք,
դ) ՀՀ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները եւ միջազգային կազմակերպությունները:
Նշենք, որ հրավերը պետք է պարունակի հրավիրվողի եւ հրավիրողի տվյալները, հրավերի նպատակը, հրավիրվողի` Հայաստանում մնալու ժամկետները:
Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստան ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով, մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ: