Հարց քաղաքացիներից` եթե մեքենայի պետհամարանիշերը 6 ամսով հանձնվում է ոստիկանությանը, ապա գույքահարկը ինչպես է հաշվարկվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ մեքենայիս պետհամարանիշերը 6 ամսով հանձնել ճանապարհային ոստիկանությանը: Այսինքն` ես իմ մեքենան օգտագործում եմ ընդամենը 6 ամիս` կես տարի: Խնդրում եմ ասեք` այս դեպքում գույքահարկի վճար ես ամբողջ տարվա համար պետք է վճարե՞մ, թե՞ ընդամենը 6 ամսվա: Ինչո՞ւ պետք է գույքահարկը վճարեմ մեկ ամբողջ տարվա համար, եթե ես ավտոմեքենան շահագործում եմ կես տարի:

Զավեն Հովհաննիսյան (54 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով պատկանող հարկվող, օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն 8-րդ հոդվածի 1-ին կետի` գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից եւ գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ փոխադրամիջոցը հաշվառումից ժամանակավորապես հանելը հիմք չի հանդիսանում գույքահարկը չհաշվարկելու եւ գույքահարկի հաշվարկման դադարեցման համար:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հասկանալի է «Գույքահարակի մասին» ՀՀ օրենքի մեջբերումները, միայն թե անհասկանալի է դրանց ընդունման տրամաբանությունը. ստացվում է` մարդն ուզի-չուզի մի ամբողջ տարվա համար պարտավոր է վճարել գույքահարկի լրիվ գումարը` անկախ նրանից` մեքենան կշահագործվի մեկ օր, թե մեկ տարի: Իսկապես Երեւանի քաղաքապետարանն այսպես մարդկանց անհարմար դրության մեջ է դնում` հարստահարելով:




Լրահոս