ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արարատի մարզում

Նոր Խարբերդի գյուղապետարանի մոտ փակցված այս ցուցանակը փոքր-ինչ անհասկանալի ձեւակերպումներով է գրված: Այստեղ, կարելի է ասել, մի քանի լեզուների խառնուրդ է` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: Իրականում պետք է գրված լիներ Արարատի մարզի Նոր Խարբերդի գյուղապետարան:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` հաշմանդամություն ունեցող անձինք կոնկրետ ի՞նչ արտոնություններ ունեն: Ինչի՞ց կարող են օգտվել:

Սիլվա Հարությունյան (67 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ բոլոր հաշմանդամներն ունեն անվճար բուժման արտոնություն: Բոլոր հաշմանդամները, իրենց վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, ունեն անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագա ստանալու արտոնություն:
1-ին, 2-րդ խմբի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաներն ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնություն:
1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներն ունեն քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնություն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք ուսումնական հաստատություն ընդունվելիս նույնպես ունեն որոշակի արտոնություններ: Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամները եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխան այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվելու առաջնահերթ իրավունքից` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, ո՞ր շենքերն ու շինություններն են համարվում գույքահարկով հարկվող շենքեր, եւ ուզում եմ իմանալ` ի՞նչ կարգով են գնահատվում դրանք:

Մովսես Մանուկյան (47 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.
ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները. բ) բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ եւ այլն). գ) անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) եւ դրանց կից օժանդակ շինությունները. դ) առանձին կանգնած ավտոտնակները. ե) հասարակական նշանակության շինությունները. զ) արտադրական նշանակության շինությունները. է) սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:
Նշենք նաեւ, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի հավելվածով սահմանվել են կադաստրային գնահատման հետեւյալ կարգերը.
ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների. բ) անհատական բնակելի տների, այգետնակների եւ դրանց կից շինությունների. գ) առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների. դ) առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների. ե) բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական եւ արտադրական նշանակության շինությունների:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շինությունների հարկման բազա է համարվում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքը` արտահայտված ՀՀ դրամով:




Լրահոս