ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԽՂՃԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` խորհրդարանը Սերժ Սարգսյանին երեկ ընտրեց ՀՀ վարչապետ, եւ հիմա նոր Սահմանադրության պայմաններում, հենց վարչապետն է լինելու պետության փաստացի ղեկավարը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս կապակցությամբ զրուցել է ՀՀԿ-ականների հետ, փորձել պարզել, թե ի՞նչ խղճով նրանք կողմ քվեարկեցին մի թեկնածուի, որի տասնամյա նախագահության օրոք երկիրն ահռելի վնասներ է կրել:

ԱԺ նախկին նախագահ, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյան
-Պարո՛ն Սահակյան, չնայած արդեն 6-րդ օրն է` ցուցարարները նաեւ հենց Ձեզանից էին պահանջում դեմ քվեարկել, մերժել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սակայն Դուք կողմ քվեարկեցիք՝ անտեսելով նաեւ Ձեր ընտրողների կոչը: Ձեր խիղճը հանգի՞ստ է:
-Նախ եւ առաջ ինձանից որեւէ մեկը չի պահանջել, երկրորդն էլ այդ երիտասարդները դեռ պետք է մեծանան, Ձեզնից էլ մեծ դառնան, քաղաքականությամբ զբաղվեն, որ զգան` ես ինչի եմ կողմ քվեարկում, ինչի համար եմ քվեարկում: Այդպես չի, եթե ընդդիմությունը ոտքի է կանգնում, այդ ընդդիմությունը պետք է ժողովուրդ ունենա:
-Բա դրսում հավաքվածները ի՞նչ են, ժողովուրդ չե՞ն:
-Դա ընդդիմության ժողովուրդը չի, իրենք ընդդիմադիր գործիչներ են, նրանք ընդդիմություն չեն, որոնց հետեւից ժողովուրդը գնում է, իսկ ժողովուրդը ինչ-որ մի բանի կարիք ունեն, գալիս, հավաքվում են այդտեղ: Դրանք առաջին օրերի երեխեք էին, փոքր, չգիտեմ` համալսարաններից վերցրած մարդիկ էին:
-Երիտասարդներ, տարեցներ, բոլոր տարիքի քաղաքացիներ ոտքի են կանգնել: Ձեր խիղճը հանգի՞ստ է:
-Իհարկե, հանգիստ է:
-Երիտասարդներին հուսախաբ անելու համար վատ չե՞ք զգում:
-Ես որեւէ մեկին հուսախաբ չեմ անում: Երիտասարդները պետք է մեծանան, որ զգան, որ մենք պետք է ունենանք բավականին կանոնավորված եւ ուժեղ պետություն, եթե մենք չունենք ուժեղ պետություն եւ ընկնենք երիտասարդների կամ մյուսների խելքին: Դու եթե տեսնեիր, թե մենք ինչ պատերազմների միջով ենք անցել, դու այդ հարցը չէիր տա, հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ այդ երիտասարդները ակտիվ երկրում ապրեն:
-Ինչո՞ւ ցուցարարների բողոքը, որպես պատգամավոր, վարչապետի թեկնածուին չներկայացրիք:
-Ես միշտ էլ վարչապետի թեկնածուին տեսնում եմ, բոլորն էլ տեսնում են, ինքը շատ լավ տեսնում է, թե փողոցում ինչ է կատարվում: Այդպես չի, ես կամ որեւէ մեկը ներկայացնեինք վարչապետին, վարչապետին կարող էր հարցնել ընդդիմությունը, իսկ ընդդիմությունը այն չէր, ինչի հարցը ուղղեի, եթե ամեն օր տեսնում եմ, երբ գիտեմ` ինքը ինչ է մտածում: Ինքը շատ ցավում է, որ հավաքվել են այդպես, որովհետեւ ամեն ինչ անում է, որ արյուն դուս չգա: Այնպես են անում, որ գնալով այլ բաներ ստացվի:
-Դուք իսկապե՞ս գոհ եք Սերժ Սարգսյանի 10-ամյա կառավարումից:
-Սերժ Սարգսյանի ոչ թե 10-ամյա գործունեությունից, այլ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի անկախացմանը, այն բոլոր գործառույթները, որոնք Հայաստանում եղել են, նա մասնակցություն է ունեցել: Այսինքն` նա այն մարդն է, որը գիտի` պետությունը ինչ է: Հիմա եկել, ասում են, որ երեխաները, այդ երեխաները դասի չնստելու համար հավաքվել էին այդտեղ, հիմա այդ երեխան պետք է խոսի Սերժ Սարգսյանի մասին, հիմա ես էլ ցավամ Ձեր ասելու պես: Իհարկե, պետք է ցավամ, որ որեւէ մեկի հետ վատ բան չպատահի:
-Կոնկրետ կասեք` ինչո՞ւ եք գոհ: Նշեք 3 շոշափելի ձեռքբերում, որ Սերժ Սարգսյանի օրոք արձանագրվել է մեր երկրում:
-Ամեն ինչը, ինչ-որ այս պետության մեջ կա, նա մասնակից է եղել:
-Իսկ արտագա՞ղթը, 800 հեկտար հողը կորցրինք, աղքատությո՞ւնը, դա Ձեզ ոչինչ չի՞ ասում:
-Ուրեմն այդ 800 հեկտար կորցնելը պատերազմի հետեւանք է, եւ մի մտածեք, որ դա այդպես էլ պետք է մնա: Այսինքն` այդ 800 հեկտարը հարձակվել են մեր վրա, վերցրել էին, եթե շարունակեին, բավականին լուրջ մարդիկ են մահացել: Արտագաղթի մասին ընդհանրապես մի խոսացեք, քանի որ հայ ժողովուրդը անցյալ դարերում մոտավորապես հայկյան դինաստիաներով եկել, հասել է մինչեւ այսօր, ամբողջ աշխարհում ունեցել է հայ համայնքներ, գնում են, համայնքներ են ստեղծում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյան


-Պարո՛ն Գրիգորյան, չնայած արդեն 6-րդ օրն է` ցուցարարները նաեւ հենց Ձեզանից էին պահանջում դեմ քվեարկել, մերժել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սակայն Դուք կողմ քվեարկեցիք` անտեսելով նաեւ Ձեր ընտրողների կոչը: Ձեր խիղճը հանգի՞ստ է:
-Իմ ընտրողներն ասում են` քայլ արա:
-Ձեր խիղճը հանգի՞ստ է:
-Այո՛:
-Երիտասարդներին հուսախաբ անելու համար վատ չե՞ք զգում:
-Ես ոչ մեկին հուսախաբ չեմ արել, մեծ սիրով ընտրել եմ, իմ ընտրողները ինձ էլ են դիմել` մոտավորապես 30-ից 35 հազար մարդ, որ կողմ քվեարկենք: Դուք եկեք, մտեք Արարատյան տարածաշրջան եւ կտեսնեք:
-Ինչո՞ւ ցուցարարների բողոքը, որպես պատգամավոր, վարչապետի թեկնածուին չներկայացրիք:
-Ինչ պետք է ներկայացնեմ ցուցարարների պահանջը, եթե իմ ընտրողները կողմ են, Ձեզ ասում եմ` 30-35 հազար մարդ է դիմել, որ կողմ քվեարկեմ:
-Հիմա բողոքի ակցիայի հավաքված ժողովուրդը Ձեզ քվեարկողները չե՞ն:
-Ո՛չ, ո՛չ:
-Դուք իրենց չե՞ք համարում Ձեզ ընտրող, որեւէ մեկին:
-Ո՛Չ:
-Դուք իսկապե՞ս գոհ եք Սերժ Սարգսյանի 10-ամյա կառավարումից:
-Շատ-շատ:
-Կոնկրետ կասեք` ինչո՞ւ եք գոհ: Նշեք 3 շոշափելի ձեռքբերում, որ Սերժ Սարգսյանի օրոք արձանագրվել է մեր երկրում:
-Ամեն ինչը, որը ասեմ:
-Երեք էլ ասեք, գոհ կլինենք:
-Ընդամենը կույր պետք է լինես, որ չտեսնես ոչ մի բան:
-Մենք կույր ենք, Դուք ասե՛ք:
-Դե, վերջացնենք, Դուք արդեն …. :

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Կարապողոսյան


-Պարո՛ն Կարապողոսյան, չնայած արդեն 6-րդ օրն է` ցուցարարները նաեւ հենց Ձեզանից էին պահանջում դեմ քվեարկել, մերժել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սակայն Դուք կողմ քվեարկեցիք` անտեսելով նաեւ Ձեր ընտրողների կոչը: Ձեր խիղճը հանգի՞ստ է:
-Իհարկե հանգիստ է: (Ասաց պատգամավորը` չցանկանալով այլեւս խոսել Ք.Մ.):

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Ինչպես հայտնի է` «Իմ քայլը» նախաձեռնության հետ համատեղ փողոցում պայքարում է նաեւ «Հանուն Հայաստան» պետության ճակատը: Պայքարի ընթացքի եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, շարունակելո՞ւ եք նույն ակտիվությամբ մասնակցել հանրահավաքներին:
-Ես միշտ եղել եմ մեր քաղաքացիների հետ իրենց պայքարի ժամանակ: Հիմա էլ նույն ձեւով շարունակում եմ եւ ոչ միայն ես, այլեւ ամբողջ «Ժառանգություն»-ը:
-Ինչպես հայտնի է` ապրիլի 16-ի հանրահավաքի ընթացքում Բաղրամյան պողոտայում ցուցարար քաղաքացիների ուղղությամբ ձայնային նռնակներ նետվեցին: Հիմա, կարծում եք, իշխանությունը կշարունակի՞ բիրտ միջոցների դիմել:
-Ակտիվության պարագայում թեթեւ բաներից ավելի չի կարող անել: Զանգվածային խոշոր բռնություններ չեմ պատկերացնում: Կարող է` մանր ապօրինություններ անեն, տարատեսակ գործողություններ բերման ենթարկելու տեսքով, փոքր ուժային գործողություններ` փողոցները բացելու համար, բայց լայնամասշտաբ` ոչ:
-Ինչո՞ւ լայնամասշտաբ չեն անի:
-Այդքան ռեսուրս չունեն:
-Բայց ոստիկանական ուժեր են շարունակում կուտակել:
-Դա չի խնդիրը: Ես նկատի ունեմ միջազգային իրավիճակ, հանդուրժողականություն է արտաքին աշխարհից, համակարգի դեմ առկա իրավիճակ է:
-Այսինքն` չե՞ն դիմի բիրտ ուժի, որովհետեւ իշխանության շահերից չի՞ բխում դա:
-Չունի այդ թույլտվությունը: Միջազգային իրավիճակն այնպես չի, եւ հետո` որեւէ մեկը չի իմանում, թե ինչ կարող է լինել:
-Իսկ ո՞վ պետք է տար այդ թույլտվությունը:
-Որոշ ուժեր: Ես նկատի ունեմ միայն այն, որ իրենք չունեն թույլտվություն եւ չեն կարող երաշխավորել, թե ինչ կարող է լինել ուժ կիրառելու դեպքում:
-Դուք նման տեղեկություն ունե՞ք, թե՞ դա Ձեր կարծիքն է:
-Դա իմ կարծիքն է:
-Իսկ նախորդ հանրահավաքների ժամանակ կամ 2008-ի մարտի 1-ին կա՞ր այդ թույլտվությունը:
-Մարտի 1-ին այլ իրավիճակ է եղել ե՛ւ ներքին համակարգի, ե՛ւ արտաքին առումով:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆԸ
ՀՀ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու, պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանի պահնորդական ընկերությունը` «Ալֆա-Դելտա»-ն, ամենուր է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ընկերությունը պահնորդական ծառայություն իրականացնում է նաեւ Մելիք-Ադամյան հասցեում, որտեղ գտնվում է ՀՀԿ շենքը: Ասել է, թե «Ալֆա-Դելտա» ընկերությունը ապահովում է ՀՀԿ-ականների անվտանգությունը: Նշենք, որ պետական գույքերի տիրակալ Արման Սահակյանի ընկերությունը այս ոլորտում սկսել է մոնոպոլ դիրք զբաղեցնել: Բնականաբար ընկերության այսչափ պահանջարկը պայմանավորված է հենց Արման Սահակյանի գործոնով:

 

 

ՎՆԱՍՈՎ
Արդեն երկու օր է, ինչ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքների պատճառով հասարակական տրանսպորտը երկու օր է` չի աշխատում: Բանն այն է, որ հանրահավաքի մասնակիցները ճանապարհներ են փակում, ինչի արդյունքում մի շարք երթուղիներ պարզապես չեն շահագործվել: Հասարակական տրանսպորտի մի քանի երթուղու վարորդներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սրտնեղեցին` նշելով, որ երկու օր է` ինչ չեն կարողանում գումար աշխատել, «տուն փող տանել»: Նրանք պատմեցին նաեւ, որ գծատերերը չեն թույլատրել վերջին երկու օրերին տրանսպորտային միջոցները պարկից դուրս հանել: Երկու օր է՝ չի աշխատում նաեւ Երեւան-Աբովյան, Երեւան-Էջմիածին ուղեւորափոխադրող տրանսպորտը:
Տեղեկացնենք, որ այս ամենի արդյունքում տաքսի ծառայություններ կան, որոնք առիթից օգտվելով` քաղաքացիներին իրենց ուզած վայրը հասցնելու նպատակով ավել գումար են պահանջում:

 

 

ՉԻ ՀԱՆԻ
Արմեն Սարգսյանի` պաշտոնապես նախագահի պաշտոնի ստանձնումից հետո արդիական դարձավ նաեւ նախորդ նախագահի` Սերժ Սարգսյանի լուսանկարը գերատեսչությունների աշխատասենյակներից հանելու հարցը: Ինչպես ավելի վաղ հաղորդել էին` մի շարք ՀՀԿ-ականներ, այդ թվում` ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, չէին պատրաստվում հանել Սերժ Սարգսյանի լուսանկարը: Պետք է նշել, որ այս հարցում իրավական կարգավորում չկա: Ինչեւէ, երեկ` խորհրդարանում վարչապետի ընտրության ժամանակ, Ս. Սարգսյանը ելույթում նշեց. «Այլեւս չկա նկարի իշխանություն, այսօր Հայաստանում կա քաղաքական ուժի իշխանություն»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շարմազանովն այս առթիվ նշեց, թե «Իմ սենյակում Սերժ Սարգսյանի նկարը չեմ հանելու: Ինքն իմ կուսակցության նախագահն է, եւ օրենքն ինձ չի պարտադրում, որ Ս. Սարգսյանի նկարը հանեմ»: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ պետական համակարգի ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունը ՀՀԿ-ական են, նրանք էլ Ս. Սարգսյանի լուսանկարը չեն հանի նույն պատճառաբանությամբ: Բայց անհարմար դրության մեջ են իրավապահները, դպրոցները, որտեղ չեն կարողանա Սերժ Սարգսյանի նկարը փակցնել:




Լրահոս