ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍԱՐԿԱԶՄՆ ՈՒ ԽՐԱՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մոտ 5 ժամվա ընթացքում Հայաստանի խորհրդարանը վարչապետ ընտրեց: Վարչապետի միակ թեկնածու Սերժ Սարգսյանը 77 կողմ, 18 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ կողմից ընտրվեց: Սերժ Սարգսյանի ելույթները, ինչպես միշտ, «ուշագրավ» էին: Եվ այսպես` որպես վարչապետի թեկնածու անդրանիկ ելույթում Ս. Սարգսյանը խորհրդարանական ամբիոնից նշեց. «Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ ՀՀ երրորդ նախագահը: Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու, եւ այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց: Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը»: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանն իրեն պահում էր որպես խորհրդային տարիներից հայտնի «գենսեկ», որովհետեւ այդ ժամանակ կոմունսիտական կուսակցության առաջին քարտուղարը նաեւ երկրի ղեկավարն էր՝ ի պաշտոնե:

Ավելի ուշ պատգամավորների հարցերին ի պատասխան` Սարգսյանը շեշտեց, որ Սահմանադրությունը թույլ է տալիս ուժերը կենտրոնացնել տնտեսական խնդիրների վրա: Հետաքրքիր է՝ իսկ նախկին Սահմանադրությունն իշխանություններին արգելո՞ւմ էր այդ ամենն անել, թե՞ խանգարում, երբ այս ընթացքում ունեցանք սոցիալ-տնտեսական դժվարագույն վիճակներ: Հիշեցնենք նաեւ՝ 2009-ի վերջին, երբ Սարգսյանը մեկ տարի էր, ինչ նախագահի պաշտոնում էր, հայտարարել էր. «2010 թ. դառնալու է տնտեսական առաջընթացի նոր սկիզբ»: Բայց նոր սկզիբն այդպես էլ չկա ու չկա:
Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ ավանդների հարցին` ասելով. «2007թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի առեւտրային բանկերում դրամական ավանդները` ֆիզիկական անձանց կողմից, կազմել են 143,6 մլրդ դրամ, իսկ 2017-ի հունվարի 1-ի դրությամբ` 1 տրիլիոն 553 մլրդ դրամ: Այսինքն` մեր քաղաքացիների խնայողությունները տասն անգամ ավելացել են»: Հավանաբար Սարգսյանը նկատի ունի իր եւ իրեն մերձակա մեծահարուստ ՀՀԿ-ականների ավանդները, որ դրվել են բանկերում, որովհետեւ հազիվ թե 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում, որտեղ տասից երեքն աղքատ է, հասարակ քաղաքացին խնայողություններ ունենա:
Հայաստանում արտագաղթի պատճառների վերաբերյալ հնչած հարցին ի պատասխան` Սարգսյանը նշել է, թե կան գործոններ, որոնք ներկայացնելը նպատակահարմար չէ: Միայն թե լավ կլիներ` նա ազնվորեն ներկայացներ իրավիճակը. մարդիկ փախչում են երկրից ԼՂ խնդրի կարգավորված չլինելու պատճառով, երբ ամեն պահի կա պատերազմի վերսկսման վտանգը, մարդիկ փախչում են երկրից վաղվա օրվա հետ հույս չկապելու հետեւանքով, այսինքն՝ հուսալքությունից: Իսկ հուսալքվել են, որովհետեւ այս տարիներին փորձել են ՀՀ-ում իշխանություն փոխել, բայց միեւնույն է` ՀՀԿ-ի ռեժիմը վերարտադրվել է բռնությունների, անգամ սպանությունների գնով:
«Վստահ եմ` Հայաստանում այսօր շատ մարդիկ, գոնե 60 տոկոսը, դժգոհ է ամեն ինչից։ Բայց դժգոհ լինել, չի նշանակում ըմբոստանալ»,-ամբիոնից հնչեցրել է Սարգսյանը: Այսքանից հետո Գալուստ Սահակյանը կարող է լուրջ անհանգստանալ, քանի որ իրեն արժանի մրցակից է հայտնվել: Իսկ մինչ այդ, հետաքրքիր է՝ եթե մարդիկ դժգոհ են, ի՞նչ անեն, եթե ոչ ըմբոստանան: Համակերպվե՞ն, թե՞ արտագաղթեն: Վերջին տարիներին հենց այս երեւույթն է տեղի ունենում, ընդ որում՝ արտագաղթողների թիվը գնալով ավելանում է: Մեկ փաստ էլ. իրականում Հայաստանում դժգոհ է բնակչության ոչ թե 60, այլ գրեթե 90 տոկոսը: Եթե Սերժ Սարգսյանը չի հավատում, կարող է սոցհարցում անցկացնել կամ կերպարանափոխված շրջել մարդկանց մեջ ու լսել կարծիքները:
«Ես, իհարկե, համաձայն չեմ այն պնդումների հետ, որ ընտրությունները տեղի են ունեցել համատարած ընտրաձայներ գնելու միջոցով. ինչու, որովհետեւ ե՛ւ իմ, ե՛ւ Ձեր կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են, նրանց եզրակացություններն են: Ինչպես հիշում ենք` եզրակացությունը միանշանակ էր, որ ընտրությունների արդյունքները Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտությունն էին»: Ինչեւէ, հիշեցնենք միջազգային կառույցների դիրքորոշումն այս կապակցությամբ. «Լայնածավալ ընտրակաշառքի մասին պնդումները եւ ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումը բացասաբար են ազդել ընտրարշավի վրա՝ մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ արդեն իսկ առկա անվստահությունը»,-ասված էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից հրապարակված զեկույցում: Դիտորդների գնահատմամբ` ընտրարշավում տեղ գտած այս խնդիրները եւ ընտրությունների օրը եւ դրանից հետո քվեարկության գաղտնիության վերաբերյալ հնչեցված նշանակալի կասկածները մտավախություններ են առաջացրել ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի իրացման կապակցությամբ:
Ի դեպ, երեկ վարչապետ ընտրվելուց հետո ունեցած ելույթում Սերժ Սարգսյանի տոնայնությունը կտրուկ փոխվեց, ու նա սկսեց խորհուրդներ տալ ընդդիմությանը, մասնավորապես «Ելք» խմբակցությանը խորհուրդ տվեց Նիկոլ Փաշինյանին փողոցից բերել խորհրդարան: Ավելի ուշ, Փաշինյանը Ս. Սարգսյանին հակադարձել է իր իսկ հայտնի խոսքերով. «Իյա, իրո՞ք»:
Մեկ փաստ էլ. Ս. Սարգսյանն իր ելույթում երեկ ասել է. «Երբեք, որեւէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժը արյան ծարավ չի ունեցել: Մենք արյուն շատ ենք տեսել, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես երբեք չեմ ունեցել»: Միայն թե, հիշեցնենք, Սերժ Սարգսյանը 2008թ. իշխանության եկավ արյան գնով՝ մարտի 1-ի սպանդի արդյունքում, երբ մայրաքաղաքի կենտրոնում սպանվել էր տասը քաղաքացի: Նախօրեին էլ մի փոքր արյուն հեղվեց, երբ ոստիկանները լուսաձայնային նռնակ կիրառեցին` փորձելով վախեցնել ԱԺ-ի մոտ շարժվել ցանկացող ցուցարարներին, եւ արդյունքում վնասվածքներ ստացան ե՛ւ ցուցարարները, ե՛ւ հենց ոստիկանության աշխատակիցները:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ ՓԱԽԱԾՆԵՐԸ
Ինչպես հայտնի է` երեկ խորհրդարանը 77 կողմ, 18 դեմ ձայների հարաբերակցությամբ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին: Նրան կողմ քվեարկեցին ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները, եղան կողմ քվեարկողներ նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից: Նրանցից մեկն էլ Վարդան Բոստանջյանն էր, որը միշտ ընդդիմադիր ելույթներով է հանդես գալիս` բավական սուր քննադատելով իշխանություններին: Բայց երեկ նա էլ էր կողմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե Դուք ինչու կողմ քվեարկեցիք, նա ասաց. «Ես ՀՀ անվտանգության եւ հարաբերական կայունության համար եմ քվեարկել, դա ինչ կարեւոր է, ես իմ երկրի քաղաքացին եմ, իմ երկրի համար եմ քվեարկել»: Մինչ այդ նշենք, որ քվեարկությունից առաջ խմբակցության ներսում ներքին քննարկումներ են եղել, թե ով ինչու է կողմ կամ դեմ քվեարկում, եւ ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների` Վարդան Բոստանջյանը ասել է, որ ինքը հանրապետական է իրեն համարում: Ըստ որոշ տեղեկությունների` իշխանությունները Բոստանջյանի քվեարկության վրա ազդել են՝ նրա որդու միջոցով:

 

 

ՀՈՒՅՍԸ ՍԱԴՐԻՉՆԵՐՆ ԵՆ
Իշխանությունները` տեսնելով, որ չեն կարող ստիպել խաղաղ ցուցարարներին օրենք խախտել, որոշել են դիմել հայտնի մեթոդների օգնությանը: Երեկ ուշ երեկոյան սադրիչների խմբեր են գործուղվել Ֆրանսիայի հրապարակ՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարների մոտ: Մետաղյա ձողերով զինված հարբած սադրիչների խումբը Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում պարզապես «տակնուվրա են արել» ամեն ինչ. նրանք փայտեր են նետել անցնող ոստիկանական մեքենաների ուղղությամբ, պոկել են լուսաֆորը, ջարդուփշուր արել աղբամանները: Ընդ որում, նրանք այդ ամենն արել են լուռ, առանց որեւէ կոչեր հնչեցնելու, այլ բժշկական դիմակներ հագած: Նաեւ հարձակվել են իրենց նկարահանող լրագրողների վրա: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով` սադրիչների խմբերը նախկին ու ներկա հայտնի օլիգարխ պատգամավորների, այդ թվում` Մհեր Սեդրակյանի, Առաքել Մովսիսյանի եւ այլոց ուղարկած «մարդիկ են»: Նպատակը մեկն է՝ հիմքեր ստեղծել, որպեսզի ոստիկաններն ուժով ցրեն հանրահավաքը: Պատահական չէ, որ չնայած երեկ նրանց լկտի պահվածքին` ոստիկաններն այդպես էլ չփորձեցին միջամտել, կարգի բերել եւ, վերջապես, ձերբակալել` լուռ թողնելով, որ սադրիչներն անեն իրենց ուզածը: Ասել է, թե ոստիկանությունն իր անգործությամբ հիմնավորել է տեսակետը, որ սադրիչներն ուղարկված են իշխանությունների կողմից: Նշենք, որ այս նույն մեթոդն իշխանությունները կիրառել էին 10 տարի առաջ՝ մարտի 1-ին. այն ժամանակ էլ ոստիկանների ուղղությամբ քարեր նետողները, խանութները ջարդուփշուր անող եւ թալանողները սադիչների խմբերն էին: Ի դեպ, տեղեկացնենք, որ Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին տուն է ուղարկել:

 

 

ՍԻՐԵԼՈՒ ՉԷ
ԱԺ հատուկ նիստին` ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության հարցի քննարկմանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում, դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանին, նշել է. «Ասում եք` եկեք միմյանց սիրենք, դուք սիրելու բա՞ն եք, որ ձեզ սիրենք: Ասեք, իմանամ` ցերեկներն ինչո՞ւ չենք կարողանում թռչել Եվրոպա: Ես 31 տարեկանում իմ ընտրատեղամասում հաղթեցի ձեր սիրելի Վիկտոր Դալլաքյանին, որին ամբողջ պետությունն ու պետականությունն է աջակցել: Բա, հիմա ու՞ր է ինքը: Վանաձորի սրճարանների մասին եք ասում, բա, դուք Մասիվի սրճարաններում չեք եղել, ձերը միայն «Մարիոթի» սրճարաններն են եւ այլն: «Հայլուր» հաղորդումը ձեզ դու՞ր գալիս է, մի բան ցույց տվե՞լ է մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող ակցիաներից: Դուք եք պատասխանատուն` Սերժ Ազատիչի ղեկավարությամբ, այն, ինչ կատարվում է մայրաքաղաքի փողոցներում: Մենք եկել ենք ասելու, որ դեմ ենք քվեարկելու»:

 

 

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ
«Հայ ազգային կոնգրեսը» երեկ հանդես է եկել հայտարարությամբ` քննադատելով Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում: «Ինչպես նրա պաշտոնավարման առաջին երկու ժամկետներում, այս անգամ էլ նա պաշտոնը ստանձնեց՝ շրջապատված փշալարերով, ոստիկանական շղթաներով եւ հազարավոր ցուցարարների բողոքի ներքո: Հերթական անգամ ստեղծված լարվածության գլխավոր պատճառը Սերժ Սարգսյանի կողմից երրորդ ժամկետով սեփական իշխանության երկարաձգման ծրագիրն է, որի իրականացման նպատակով կեղծվեցին 2015թ-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու 2017թ. Ազգային ժողովի ընտրությունները, եւ որը Հայաստանի ժողովրդի կողմից արդարացիորեն ընկալվում է որպես բռնապետությունը հավերժացնելու անթաքույց փորձ: Այսպիսով` Հայաստանում չի կտրվում ժողովրդի ազատ կամարտահայտության մերժմամբ ոչ լեգիտիմ իշխանության ձեւավորման արատավոր շղթան, ինչը վտանգում է երկրի զարգացման որեւէ հեռանկար»,- ասված է հայտարարության մեջ: Միաժամանակ ՀԱԿ-ը անդրադարձել է այս օրերին ծավալվող բողոքի ցույցերին. «Պահանջում ենք իշխանություններից գործել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ իրենց սահմանադրական իրավունքը իրացնող խաղաղ ակցիաների մասնակցների նկատմամբ ապօրինի բռնություններից եւ հալածանքներից, հարգել քաղաքացիների ազատությունները: Կոնգրեսը անթույլատրելի է համարում նաեւ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը, մասնավորապես քաղաքացիների կյանքի եւ առողջության համար բեկորային վնասվածքներ առաջացնելու իրենց վտանգավորությունը ապացուցած ձայնային նռնակների օգտագործումը»,- նշված է նրանց հայտարարության մեջ:




Լրահոս