ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՍՏԵՂԾԱԾ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 2016 թվականին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ստեղծած խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը իբր պետք է խթաներ ոլորտը: Ավելին` հիմնադրամի գործունեությունն ապահովելու համար գործադիրը չխնայեց պետական միջոցները: Բայց արի ու տես, որ իրականում միանգամայն հակառակ վիճակն է:

Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականին հայ գինեգործներն արտահանման հետ կապված խնդիրներ ունեցան: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հաշվի առնելով հայ խաղողագործների ու գինեգործների դժվարությունները` այս կառույցի ստեղծման անհրաժեշտությունը հետեւյալ կերպ հիմնավորեց. «Մենք պետք է լուրջ աշխատանք տանենք, որպեսզի հայկական գինիների արտահանումն աճի: Օրինակ` Վրաստանում այս հիմնադրամը լուրջ արդյունք է գրանցել: Հինգ ամսվա ընթացքում Վրաստանից արտահանվել է մոտ 25 մլն շիշ գինի: Այդ ակնկալիքով ենք ստեղծում այս հիմնադրամը»: Եւ Վրաստանի գինեգործության ոլորտի հաջողություններից ոգեւորված` նախկին վարչապետն ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը հիմնեցին Հայաստանի գինեգործության եւ խաղողագործության հիմնադրամ: Սակայն հիմնադրամի ստեղծումից երկու տարի անց պետք է արձանագրենք` Վրաստանի օրինակին այդպես էլ մոտ չենք եկել: Ավելին` այս կառույցը դարձել է լրջագույն ֆինանսական բեռ մեր երկրի բյուջեի համար, ընդ որում՝ այդ կառույցին հատկացվող ֆինանսական միջոցներն արդյունավետ չեն ծախսվում, այլ մսխվում են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում հնարավոր է` այս հիմնադրամը լուծարվի անարդյունավետ աշխատանքի պատճառով:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է այս կառույցի գնումների պլանը: Տեղեկացանք, որ ընթացիկ տարվա միայն կանոնավոր օդային փոխադրման ծառայության, ավիատոմսերի համար նախատեսել է ծախսել 10 մլն դրամ: Թե ինչ նպատակով կամ որտեղ են մեկնելու, հայտնի չէ: Մեզ մնում է հուսալ, որ պետական միջոցներով, մեր` հարկատուներիս հաշվին գնվելիք այդ ավիատոմսերը իսկապես օգտակար կլինեն ոլորտի համար: Ըստ որոշ տեղեկությունների` հիմնադրամի գործադիր տնօրենի աշխատավարձը գերազանցում է կես մլն դրամը:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով մարդատար ավտոմեքենա է գնել 15 մլն դրամ արժեքով: Միայն անցած տարում կառավարությունը խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամին հատկացրել է 144 մլն 31 հազար դրամի դրամաշնորհ: Իսկ 2016-2017 թվականների ընթացքում հիմնադրամի հաշվին մուտքագրվել է 348 մլն 21 հազար դրամ: Հիմնադրամի ֆինանսական մուտքերը անցած տարվա ընթացքում կազմել են 348 մլն 821 հազար դրամ, իսկ ծախսերը` 332 մլն 168 հազար դրամ: Միայն աշխատավարձի ծախսերը կազմել են մոտ 59.4 մլն դրամ, ծառայությունների ձեռքբերումը` ավելի քան 29.3 մլն դրամ, հիմնական միջոցների ձեռքբերումը` ավելի քան 28.4 մլն դրամ, այդ թվում եւ ավտոմեքենաների գնումը, որի մեկ հատը գնվել է 15 մլն դրամով: Ծրագրային ծախսերը` հայկական գինիների ներկայացումը, կազմել է մոտ 177 մլն դրամ, իսկ այլ ծախսերը` ավելի քան 38 մլն դրամ: Նշենք, որ հիմնադրամի հաստիքացուցակում եղել է 12 հաստիք, որից խաղողագործության բնագավառի մասնագետները երեքն են:
Հիմնադրամի գործունեության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատը իր հերթին եւս ստուգումներ է անցկացրել: Պատկերը, մեղմ ասած, տխուր է: Պարզվել է, որ հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված գործառույթների մեծ մասը դուրս է մնացել իրականացվող աշխատանքների շրջանակներից: Մասնավորապես հիմնադրամի կողմից կանոնադրության 23 գործառույթներից 14-ը չի իրականացվել: Իսկ մի մասի իրականացման արդյունավետությունը ՎՊ-ն չի կարողացել գնահատել դրանց անորոշության պատճառով: Բացի այս` հիմնադրամն իր գործունեության հիմնական խնդիրն ու նպատակն է համարել հայկական գինիների ներկայացումը միջազգային ցուցահանդեսներին եւ համտեսներին մասնակցության միջոցով: Ավելին` խաղողագործների եւ գինեգործների խնդիրներով զբաղվող այս հիմնադրամը պատշաճ ուշադրություն չի հատկացրել խաղողագործության զարգացմանը, Հայաստանում գինեմետ խաղողի սորտերի աճեցմանը նպաստող միջոցառումների իրականացմանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը չի զբաղվել կանոնադրությամբ սահմանված, Հայաստանի տարածքում աճեցվող խաղողի սորտերի գույքագրմամբ: Օրինակ` անցած տարվա ընթացքում հիմնադրամը փորձել է 200 համայնքների 3796 ֆերմերների շրջանում հարցում կատարել խաղողագործության ոլորտում խնդիրների բացահայտման նպատակով: Բայց, ըստ ՎՊ-ի, ծրագրված միջոցառումը արդյունք չի տվել, իսկ հարցմանը մասնակցել է ընդամենը 415 ֆերմեր, եւ հարցման արդյունքները այդպես էլ չեն ամփոփվել: ՎՊ-ն պարզել է նաեւ, որ հիմնադրամի մշակած 2018-2022 թվականների խաղողագործության եւ գինեգործության զարգացման համալիր ծրագիրը իր բովանդակությամբ ընդհանրական է եւ չունի միջոցառումների կոնկրետ ուղղվածություն: Իսկ ծրագրի իրականացման համար հիմնադրամին հարկավոր է 525 մլն դրամ, որը պետք է հատկացվի պետական բյուջեից:
Հուսանք, որ ձեւավորվելիք նոր կառավարությունը կվերանայի հիմնադրամի գործունեությունը եւ պետական միջոցները տնտեսելու նպատակով հիմնադրամի գործառույթները կվերապահի արդեն իսկ գործող եւ նմանատիպ գործառույթներ իրականացնող այլ կազմակերպություններին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԶԻՆԿՈՄԻ ՈՐԴՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՐԿԵԼ

Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդու` Դավիթ Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով զարգացումները շարունակվում են: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է Հակոբյանին, հիմա այս գործը բողոքարկվել է վերաքննիչ դատարանում:

Եւ այսպես` Դիլիջանի բնակիչ, 1989թ. ծնված Դավիթ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. փետրվարի 9-ին Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ վիճաբանել է Սերգեյ Միքայելյանի հետ, վիճաբանելիս ապտակել նրան: Դեպքից հետո Միքայելյանը փորձել է հանդիպել Դ. Հակոբյանին՝ իրեն ապտակելու համար պարզաբանում ստանալու նպատակով: 2016թ. փետրվարի 11-ին Ս. Միքայելյանը եւ Դ. Հակոբյանը պայմանավորվել են հանդիպել, հանդիպման տեղի եւ ժամի մասին Դ. Հակոբյանը պետք է տեղեկացներ: Նույն օրը` ժամը 18.30-ի սահմաններում, Ս. Միքայելյանը եւ նրա քրոջ ամուսին Յուրի Սահակյանը Ս. Միքայելյանին պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայով, որը վարել է Յուրի Սահակյանը, շրջել են Դիլիջանում` սպասելով Դ. Հակոբյանի զանգին: Յու. Սահակյանը եւ Ս. Միքայելյանն այդ ընթացքում մի քանի անգամ գնացել են Դ. Հակոբյանի բնակության վայր` Դիլիջանի Շամախյան թաղամաս: Ժամը 22-ի սահմաններում հերթական անգամ Շամախյան թաղամասից վերադառնալիս Դ. Հակոբյանը շատերի համար վտանգավոր եղանակով Ս. Միքայելյանին սպանելու դիտավորությամբ, իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող հրազենով կրակոցներ է արձակել վերջինիս «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, մեկ անգամ հետեւի աջ դռան եւ երկու անգամ` պաշտպանիչ վահանակի ուղղությամբ: Յու. Սահակյանը կտրուկ ավելացրել է մեքենայի արագությունը եւ հեռացել դեպքի վայրից: Ս. Միքայելյանը կրակոցներից հետո ավտոմեքենայի նստատեղից հանել է այնտեղ պահված ինքնաձիգը եւ ավտոմեքենայի պատուհանից 3-4 անգամ օդ կրակել, որպեսզի այլեւս իրենց ուղղությամբ չկրակեն: Նա կրակելուց հետո ինքնաձիգն աղբամանն է նետել: Կրակոցների հետեւանքով Ս. Միքայելյանին պատճառվել է աջ ոտքի շրջանում մարմնական վնասվածք:
2016թ. փետրվարի 24-ին որոշում է կայացվել Դ. Հակոբյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
2016թ. մարտի 9-ին Դ. Հակոբյանը կամովին ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:
Դատարանում Դ. Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքներում մեղավոր չի ճանաչել` ասելով, որ մեղադրանքի հետ առնչություն չունի: Նա չի ցանկացել ցուցմունք տալ, սակայն պատասխանելով հարցերին` ասել է, որ ինքը երբեւէ զենք չի ունեցել, նույնիսկ չգիտի, թե «ԱԿ» տեսակի ինքնաձիգն իրենից ինչ է ներկայացնում, Ս. Միքայելյանին ճանաչում է քրեական գործի շրջանակներում, նրան առաջին անգամ տեսել է ազատազրկման վայրում, բաղնիք գնալիս, տեսնելով, որ կաղում է, հետո նրան մոտիկից տեսել է կալանավորներ տեղափոխող ավտոմեքենայում, դատարան գնալիս, նրան ասել է, որ հանկարծ չմտածի, որ ինքն է նրա վրա կրակել, չլսի պրովոկացիաներին: Ս. Միքայելյանը դատաքնննության ընթացքում ցուցմունք է տվել, որ Դ. Հակոբյանին նախկինում չի ճանաչել, նրա հետ ծանոթացել է ազատազրկման վայրում, նրա հետ որեւէ թշնամություն չի ունեցել: Մեղադրողը պահանջել է Դ. Հակոբյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտել 13 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանն արձանագրել է, որ նշված քրեական գործով հավաքված ապացույցները թույլ չեն տալիս պարզել մեղադրանքի հիմքը կազմող հանգամանքները, անհրաժեշտ խորությամբ եւ լրիվությամբ նշված հանգամանքների ապացուցվածությունը կասկած է հարուցում, միաժամանակ սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները: 2017թ. նոյեմբերի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է արդարացնել Հակոբյանին հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ: Սակայն քրեական գործով մեղադրող դատախազ Ներսես Չիլինգարյանը բողոքարկել է դատավճիռը` պահանջելով Դ. Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով՝ կայացնելով մեղադրական դատավճիռ: Քրեական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանում այդ գործով հերթական նիստը նշանակված է ապրիլի 25-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս