Աղմկալի չարաշահոմներ սերմնացանների հատկացման ոլորտում. քրեական հետապնդում` 18 պաշտոնյայի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունում ձեռնարկվել են ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, հետագայում նաև ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման, ինչպես նաև սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրություններ:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. մարտ ամսվա դրությամբ պարարտանյութ մատակարարող կազմակերպություններին հատկացված բյուջետային վարկերից պետական բյուջե չի վերադարձվել 1 մլրդ. 112 մլն. 415 հազ. դրամ, իսկ սերմերի գծով 673.895.752 ՀՀ դրամ չի վերադարձվել «Սերմերի գործակալություն» ՊՈԱ կազմակերպությանը:

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդման հիման վրա ՀՀ գյուղատնտեսության և ֆինանսների նախարարությունների կողմից ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարարտանյութերի գծով պարտապան ընկերությունների պարտքի մնացորդը 2018թ. մայիսի 2-ի դրությամբ կազմել է շուրջ 396.000.000 ՀՀ դրամ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում շուրջ 700.000.000 ՀՀ դրամ արդեն իսկ վերադարձվել է պետական բյուջե:

Սերմերի գծով «Սերմերի գործակալություն» ՊՈԱ կազմակերպությունը դիմել է մարզերի ընդհանուր իրավասության դատարաններ՝ ՀՀ մարզպետարաններից շուրջ 663.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով:

Հետագայում, ՀՀ կառավարության որոշմամբ ներվել են հողօգտագործողների պարարտանյութերի և սերմերի գծով պարտավորությունները՝ համապատասխանաբար շուրջ 165.000.000 և 642.000.000 ՀՀ դրամի չափով՝ նույն գումարի չափով նվազեցնելով մատակարար ընկերությունների պետական բյուջեի հանդեպ վարկային պարտավորությունները: Սերմերի գծով 31.847.700 ՀՀ դրամ գումար ՀՀ կառավարության որոշմամբ չի ներվել՝ սահմանված չափաքանակից ավելի հատկացված լինելու պատճառաբանությամբ:

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության համակարգմամբ ՀՀ մարզերի դատախազությունների և ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվել են միջոցառումներ՝ շահառուներին պարարտանյութերի և սերմերի տրամադրման, ինչպես նաև պարտավորությունների կատարման գործընթացի արժանահավատությունը ստուգելու վերաբերյալ:

Համագործակցված աշխատանքի արդյունքում պարզվել է, որ ծրագրերի շահառուները բազմաթիվ դեպքերում տեղյակ չեն եղել ծրագրերից և փաստացի ծրագրերին չեն մասնակցել, կամ կատարել են պարտավորությունները, սակայն համայնքների ղեկավարների կողմից դրանք բյուջե չեն մուտքագրվել, իսկ հետագայում էլ կեղծ տեղեկատվություն են ներկայացրել ծրագրին չմասնակցած կամ պարտավորությունները մարած շահառուների ենթադրյալ չկատարված պարտավորությունների վերաբերյալ, որոնք ՀՀ կառավարության վերը վկայակոչած որոշմամբ ներվել են:

Բացահայտված առերևույթ հանցագործությունների փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու), 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքի), 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութության), 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի (յուրացնելու կամ վատնելու) հատկանիշներով պարարտանյութերի գծով հարուցվել են 25, իսկ սերմերի գծով 49 քրեական գործեր:

Հարուցված քրեական գործերով պարզվել է, որ առերևույթ հանցագործության հետևանքով պատճառված վնասի չափը այս պահին կազմում է շուրջ 92.947.440 ՀՀ դրամ: Քրեական գործերով ձերբակալվել են 4 պաշտոնատար անձինք, քրեական հետապնդում է հարուցվել 18 պաշտոնատար անձանց նկատմամբ: Քննության ներկա փուլում վերականգնված վնասի չափը կազմում է շուրջ 15.346.400 ՀՀ դրամ:

Օրենքով սահմանված կարգով արգելանք է դրվել կասկածյալների և մեղադրյալների գույքի վրա՝ պատճառված վնասի լիարժեք վերականգնումն ապահովելու նպատակով:

ՈՒսումնասիրությունները և քրեական գործերով նախաքննությունը շարունակվում են:




Լրահոս