ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ԻՆՉԻ՞ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահական երկու ժամկետից հետո արդեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ Հայաստանում մեկ շաբաթից ավելի անցկացվող բողոքի ցույցերը լուրջ անհանգստություն են պատճառել իշխանություններին, եւ հիմա նրանք ընդդիմությանը երկխոսության առաջարկ են անում: Նախօրեին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այդ մասին ակնարկել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Երեկ արդեն իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն է հայտարարություն տարածել՝ նշելով, թե բողոքի ցույցերը «համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են», ու կոչ արել խորհրդարանական ուժերին նորընտիր նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծել: Այս հայտարարության համատեքստում նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշել է. «Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձեւաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը: Որպես պետության ղեկավար` ես հրավիրում եմ կողմերին երկխոսության` ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Ակնհայտ է՝ ե՛ւ Արմեն Սարգսյանը, ե՛ւ ՀՅԴ-ն իրենց հայտարարություններն արել են պետության փաստացի ղեկավար Ս. Սարգսյանի հետ համաձայնեցված: Վերջին տասը տարիները ցույց են տվել, որ Ս. Սարգսյանն ինչ-որ փոխզիջումների գնացել է ստիպված՝ փողոցի ճնշման արդյունքում: 2008թ. հետո նա հանրահավաքային պայքարի ճնշման ներքո ազատ արձակեց քաղբանտարկյալներին, նաեւ ընդդիմության պահանջով ԸՕ-ում համապատասխան դրույթներ ամրագրեց: Բայց հետո տեսնելով, որ զիջումների արդյունքում թուլացել է հասարակական ճնշումը, կրկին ամրապնդել է իր դիրքերը` փորձելով ընդդիմությանը կազմաքանդել: Կարելի է կռահել, որ նույնն է սպասվում նաեւ հիմա: Միաժամանակ դժվար է պատկերացնել, թե ինչի շուրջ կարող է տեղի ունենալ այդ երկխոսությունը: Հասարակության մեծամասնությունն այսօր չի ցանկանում Սերժ Սարգսյանին տեսնել երկրի ղեկավարի, տվյալ դեպքում` վարչապետի պաշտոնում՝ հենց նրա վարած քաղաքականության արդյունքում:

 

 

 

Սերժ Սարգսյանն արդեն երեք օր է՝ ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը` նոր Սահմանադրությամբ դառնալով պետության փաստացի ղեկավարը, երեկ էլ անցկացրեց կառավարության առաջին նիստը, բայց արի ու տես, որ օտարերկրյա պաշտոնյաները չեն շտապում նրան շնորհավորելու հարցում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ընթացքում նա շնորհավորանքներ է ստացել ՌԴ նախագահ Պուտինից ու վարչապետ Մեդվեդեւից, Ղազախստանի նախագահ Նազարբաեւից, Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլուց եւ վերջ: Ասել է, թե Ս.Սարգսյանին չեն շնորհավորել ԱՊՀ եւ ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարները: Ս.Սարգսյանին այս ընթացքում որեւէ մեկը չի շնորհավորել նաեւ ԵՄ անդամ պետություններից, ոչ էլ ԱՄՆ-ից. ընդհակառակը, եղել են նախազգուշական հայտարարություններ՝ ցուցարարների դեմ բռնի գործողությունների չդիմելու մասին: Եւ վերջապես, հատկանշական է փաստը, որ Ս. Սարգսյանին չի շնորհավորել ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հետաքրքիր է` Տիգրան Սարգսյանն ինչո՞ւ չի շնորհավորել՝ մոռացե՞լ է, թե՞ փոխել է իր քաղաքական էլիտան ու արդեն արհամարհում է Սերժ Սարգսյանին:

 

 

 

Օրերս հայտնի դարձավ, որ «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահափորձ է ծրագրվել: «Սասնա ծռերի» աջակիցները հաղորդագրություն էին տարածել, թե «Նուբարաշեն ՔԿՀ-ի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաեւ «Սասնա ծուռ» Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ: Նուբարաշենում ներքին խոսակցություն է շրջանառվում, որ այդ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն տրվել է ղեկավարությունը` Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով»: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավար Սերոբ Հարությունյանը հերքել է ատրճանակ հայտնաբերելու լուրը: «Քրեակատարողական ծառայության ամբողջ գործունեւթյան ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեր կողմից երբեւիցե ատճրանակ, ինքնաշեն եւ այլ իրեր չի հայտնաբերվել»,- ասել է նա` հրաժարվելով, սակայն, պատասխանել այլ հարցերի:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Եվրամիության անդամ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Իսկ պատճառը, ըստ մեր հավաստի աղբյուների, այս օրերին ՀՀ-ում ընթացող բողոքի ցույցերն են. հիմա ԵՄ անդամ երկրները հետեւում են ՀՀ իշխանությունների վարքագծին, եւ եթե նրանք դուրս գան սահմաններից, միգուց որպես պատիժ զրկվեն ԵՄ աջակցությունից: Մեր տեղեկություններով` ԵՄ անդամ որոշ պաշտոնյաներ հայաստանյան իրենց գործընկերներին հասկացրել են, որ մինչեւ պարզ չլինի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի շարժման հանգուցալուծումը, իրենց երկրները այս փուլում առայժմ ձեռնպահ կմնան համաձայնագրի շուտափույթ վավերացումից: Նշենք, որ այդ համաձայնագիրը վավերացրել է Էստոնիան, իսկ Լատվիան եւ Լիտվան մասնակի են վավերացրել, եւ դեռ ԵՄ 25 երկրների խորհրդարանները պետք է իրենց «այո»-ն ասեն:

 

 

 

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
Սերժ Սարգսյանը բացահայտել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների նվազման պատճառները: Ըստ այդմ, ներդրողները Հայաստան չեն գալիս այստեղ կազմակերպվող ցույցերի պատճառով: «Քանի՞ հանգիստ տարի ենք ունեցել։ Էս տասը տարիների ընթացքում, ես նկատի ունեմ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին անկայունություն, միակ տարին է երեւի 17 թվականը, երբ որ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարող էին տուրիստները գալ Երեւան, ներդրողներ կգային, ներդրումներ կանեին…»,- հայտարարել է նա «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Մեր ժամանակների դասականն այս ամենին կարձագանքեր իր հայտնի արտահայտությամբ. «Իյա, իրո՞ք»:
Հետաքրքիր է` Սերժ Սարգսյանը չգիտի՞, թե մարդիկ ինչու են «փողոցներում միտինգներ» անում: Փորձենք հուշել. այն պարզ պատճառով, որ իշխանություններն ամեն անգամ կեղծել են ընտրությունների արդյունքները` այդպես հարուցելով հասարակական դժգոհություններ:
Ի դեպ, կարո՞ղ է Սերժ Սարգսյանը պատահաբար տեղյակ լինի, թե ո՞ւմ համար կեղծվեցին նախագահական վերջին երկու ընտրություններ, ո՞վ այդ ամենի արդյունքում հայտնվեց պետության ղեկավարի պաշտոնում: Իսկ միգուցե պատահաբար տեղյակ լինի, թե ո՞ւմ համար կեղծվեցին նաեւ վերջին տարիների խորհրդարանական ընտրությունները, ո՞ր կուսակցությունն այդ կեղծիքներից հետո ԱԺ-ում ունեցավ մեծամասնություն: Ո՞ւմ համար կեղծվեցին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները, ո՞վ հնարավորություն ստացավ դրանից հետո երկարաձգել իր անձնական իշխանությունը` արդեն վարչապետի պաշտոնում (նոր Սահմանադրությամբ փաստացի պետության ղեկավարի դերում): Պարզվում է (զարմանալի զուգադիպությամբ)` այդ բոլոր կեղծիքներն արվել են հենց նույն Սերժ Սարգսյանի եւ նրա ղեկավարած ՀՀԿ-ի համար: Ու ստացվում է` ներդրողներին Հայաստանից վանողը ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանը (իր ղեկավարած ՀՀԿ-ով հանդերձ), ում պատճառով տարիներ շարունակ «փողոցներում միտինգներ» են կազմակերպվում: Համենայն դեպս, հենց նա է իր գործողություններով դրդել հանրահավաքներ կազմակերպել:
Նաեւ Հայաստանում «փողոցներում միտինգներ» են արվել այն պատճառով, որ ժողովուրդը դժգոհ է եղել իշխանությունների վարած քաղաքականությունից` փորձելով բողոքի ձայն բարձրացնել: Իսկ ուրիշ ի՞նչ անեին մարդիկ, երբ իշխանությունների թեթեւ ձեռքով բարձրացան հոսանքի եւ գազի սակագները, բարձրացան հարկերը, փորձ արվեց բարձրացնելու Երեւանում տրանսպորտի ուղեվարձը: Հասարակությունն ի՞նչ աներ` համակերպվեր ու լռությամբ տանե՞ր սոցիալական նոր բեռը, թե՞ գներն ավելի խստացնելու աղերսագրեր հղեր առ իշխանություններ:




Լրահոս