ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԼԻԴԵՐՆԵՐ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 13-ից «Իմ քայլը» եւ «Մեժիր Սերժին» նախաձեռնությունները պայքար են սկսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Եվ չնայած ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանն արդեն խորհրդարանի կողմից վարչապետ է ընտրվել, սակայն սկսված շարժումը չի մարում, այլ հակառակը` օր օրի նոր թափ է հավաքում:

Ընդ որում, Հայաստանում այս օրերին անցկացվող հանրահավաքներին եւ բողոքի ցույցերին միջազգային հանրության արձագանքը բավական խոսուն է: ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ ՌԴ-ն գրեթե միաժամանակ են արձագանքել բողոքի ցույցերին եւ միաձայն կոչ արել իշխանություններին առաջին հերթին զսպվածություն ցուցաբերել: ՌԴ-ն ՀՀ-ում կատարվող իրավիճակին անդրադարձել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով. «Եւ ամենակարեւորը, մենք հույս ունենք, որ ամեն ինչ ընթանում է օրինականության շրջանակներում»,- ասել է նա: Նկատենք նաեւ, որ բողոքի ցույցերի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է թավշյա իշխանափոխության մասին` ընդգծելով, որ իրենք մերժում են բռնությունը, հակաօրինական քայլերը եւ իշխանությունների ուժին հակադրելու են միայն ժպիտ:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովի հետ:
-Պարո՛ն Դուբնով, այս օրերին Հայաստանում մեծ ցույցեր են ընթանում իշխող ուժի եւ ղեկավար Սերժ Սարգսյանի դեմ: Ինչպե՞ս եք տեսնում այս ամենի ելքը:
-Ես կարծում եմ, որ մի քանի օրից այս շարժումը կմարի: Մարդիկ կվերադառնան իրենց բնականոն կյանքին, ուսանողները` գրքերին, դասերին եւ այն ամենին, ինչով զբաղվել են, իսկ հեղափոխական տրամադրություններն էլ կմարեն եւ վերջ: Այդպիսի տրամադրություններ եղել են նաեւ 2013-ին ու 2015-ին ու նույն ավարտն ունեցել. այդպես կլինի նաեւ այժմ:
-Ինչո՞ւ եք այդպես կարծում:
-Առաջին հերթին հեղափոխության համար պայմանները բավարար չեն: Դա հաջողության գրավական չէ, երբ մեկ անձի շուրջ է պտտվում ամեն ինչ, ինչպես հիմա Փաշինյանի դեպքում է: Քաղաքական ուժերը չկարողացան թաքցնել տարաձայնությունները, ընդհանուր դժգոհությունները եւ չմիացան Փաշինյանի պայքարին:
-Սակայն արդեն մեկ շաբաթ է, ինչ այս հանրահավաքներն ու ակցիաներն ընթանում են, եւ մարդկանց քանակն ավելանում է, ոչ թե պակասում:
-Այո, բայց դա բավարար չէ, որպեսզի ներկայիս իշխանություններին ստիպի հեռանալ:
-Իսկ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:
-Առաջին հերթին ամբողջ հանրապետությունում մարդկանց ներգրավում, որպեսզի էլիտան վախենա, ահաբեկվի, սակայն այդպիսի հիմքեր չեմ տեսնում: Բացի այդ` ես չեմ տեսնում այնպիսի լիդերներ, ովքեր կանգնած են Փաշինյանի հետ, նրա կողքին:
-Իսկ որպես լիդեր ինչպե՞ս եք գնահատում նրա քայլերը:
-Տեխնիկական առումով հետաքրքիր է, սակայն քաղաքական տարբերակներ նրա մոտ չկան եւ չի էլ եղել: Նա ոչ մի շանս չունի այդ առումով: Ուկրաինայում եւ Վրաստանում դա լավ ստացվեց, 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանն ուներ շանսեր, նրա կողքը մեծ թվով քաղաքական գործիչներ էին կանգնած, սակայն այժմ Փաշինյանը չունի: Այժմ սոցիալական դժգոհոթյուն է` առանց քաղաքական հեռանկարի: Իսկ 2008-ին կար քաղաքական ծրագիր, նրանց ընտրողները, կարգախոսները: Հիմա քաղաքական լոզունգներ չկան, ծրագիր չկա, ընտրական զանգված որպես մեկ մարմին չկա: Բացի այդ` հայտնի չէ` ինչպիսին է նա տեսնում համակարգն այդ իշխանափոխությունից հետո, ո՞վ պետք է գա իշխանության:
-Դուք նշեցիք, թե շարժումն օր օրի կմարի: Իսկ ոստիկանական ուժերի գործողությունները համարժե՞ք եք գնահատում:
-Կարծում եմ` մարդիկ կհոգնեն եւ կհեռանան: Բայց, իհարկե, ոստիկանական ուժերը եւս քայլեր կձեռնարկեն: Ես չեմ կարծում, թե նրանք շատ կոշտ միջոցների կդիմեն, քանի որ մարդիկ ինքնըստինքյան կհեռանան:
-ՀՀ նորընտիր նախագահը երկխոսության կոչ է արել: Ինչպիսի՞ն պետք է լինի Փաշինյանի արձագանքը:
-Կարծում եմ` երկխոսելու առիթ չկա, եւ պետք է հասկանալ, թե ինչ են նրանք հասկանում` երկխոսել ասելով: Եթե Փաշինյանը գնա եւ ասի` տուր ինձ իշխանություն, դա նույնպես երկխոսություն է: Կարծում եմ` նա չունի այնպիսի պահանջներ, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ: Նա կշարունակի փողոցներ փակել այնքան ժամանակ, քան դեռ ունի ուժ եւ ռեսուրս:

 

 

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեկ որպես վարչապետի` Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստն էր, որն ինչպես եւ սպասվում էր, անցկացվեց դռնփակ: Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ այսուհետ կառավարության նիստերը լինելու են ոչ թե առավոտյան ժամը 11-ին /այդպես էր արվում ավելի քան 25 տարի շարունակ/, այլ երեկոյան 17-ին: Մինչեւ հիմա կառավարության նիստերի անցկացման օրվա եւ ժամի փոփոխություններ հատուկենտ դեպքերում էին լինում՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով: Սակայն Սերժ Սարգսյանը հենց առաջին նիստին որոշեց փոխել տարիներ շարունակ եղած դրվածքը: Մինչ բոլորը դա կապում էին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ակցիաների հետ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում փորձեց հանգստացնել բոլորին՝ ասելով, թե այսուհետ նիստերը պետք է այդ ժամին անցկացվեն. նոր վարչապետն է այդպես որոշել:

Նկատենք նաեւ, որ ի սկզբանե կառավարության նիստերը փակ անելու որոշումը մինչեւ հիմա մեկնաբանվում էր այդ ընթացքում քննարկումներ ու բանավեճեր անցկացնելու համար, նույնիսկ Դավիթ Հարությունյանն ասում էր, թե լրագրողների ներկայությամբ բանավեճ չի ստացվում: Իսկ հիմա հարց է առաջանում՝ երեկոյան նիստերն անցկացնելը որքանո՞վ է արդյունավետ քննարկումների եւ բանավեճերի համար: Ավելին` երեկվա նիստը տեւեց մոտ մեկ ժամ, ինչպես կառավարության նախորդ նիստերը: Սա նշանակում է, որ քննարկումներ եւ բանավեճեր անցկացնելու պատրվակով կառավարության նիստերը դռնփակ ռեժիմով կազմակերպելն իրականության հետ որեւէ աղերս չուներ: Պարզապես Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը հրապարակային քաղաքականությունից ամեն գնով խուսափում է, ավելին՝ չի սիրում հատկապես հայաստանյան լրատվամիջոցներին` ամեն կերպ փորձելով խուսափել նրանց հետ առերեսվելուց: Եվ որքան էլ Սերժ Սարգսյանի խոսքը եւ հանձնարարականները հասանելի են լինելու լրագրողների համար, ակնհայտ է, որ այն բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվում, մանրակրկիտ ուսումնասիրվում եւ նոր միայն փոխանցվում լրագրողներին:
Հատկանշական մեկ փաստ էլ. երեկ հակառակ սպասումներին` նախագահ Արմեն Սարգսյանը չէր կառավարության նիստում նորանշանակ վարչապետին ներկայացնողը: Մինչդեռ, հիշում եք, Սերժ Սարգսյանն իր նախագահության ժամանակ միշտ այդպես էր վարվում: Սա, իհարկե, պատահական չէ. Սերժ Սարգսյանը հարկ չի համարել, որպեսզի իրեն կառավարությունում ներկայացնի նորընտիր նախագահը, այլ որոշել է ինքն իր ձեռքով «թագադրվել»` նախագահին թողնելով միայն փաստաթղթեր ստորագրողի դերը: Շեշտենք նաեւ, որ Սարգսյանն այդպես էլ նիստի ընթացքում գնահատական չտվեց Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքին: Չնայած, մեծ հաշվով, կառավարությունում առանձնապես փոփոխություններ չեն եղել. փոխվել է վարչապետը, բայց նախկին վարչապետն էլ հիմա առաջին փոխվարչապետի պաշտոնում է: Երեկ նաեւ վերանշանակվել են հինգ նախարարներ, մյուսների ճակատագիրը պարզ կդառնա մոտակա օրերին:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԵՆ
Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություններ է ստանում ՀՀ մարզերի մի շարք գյուղերի եւ քաղաքների բնակիչներից: Նրանք պատմել են, որ վերջին օրերին պարբերաբար տեւական ժամանակով անջատվում է կա՛մ էլեկտրաէներգիայի մատակարարումը, կա՛մ ինտերնետ կապը: Երբ քաղաքացիները ինտերնետ կապի անջատվելու պատճառներն իմանալու համար զանգահարել են տվյալ ընկերություններ, այնտեղից պատասխանել են, թե այդ ամենը պայմանավորված է Երեւանում տեղի ունեցող հանրահավաքներով: Այս խնդիրն առկա է հատկապես Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում եւ հարակից գյուղերում, նաեւ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում եւ տարածաշրջանի գյուղերում: Պարզվում է` էլեկտրաէներգիան, ինտերնետ կապն անջատելով` փորձում են այնպես անել, որ մարդիկ տեղյակ չլինեն Ս.Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքներից: Միայն թե նրանց գործողությունները, մեղմ ասած, ծիծաղելի են եւ արդեն ոչ թե մանկապարտեզ, այլ խենթանոց են հիշեցնում: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ այս օրերին պետական գերատեսչություններից շատերում պարզապես արգելափակել են ինտերնետային մի շարք կայքեր, այդ թվում՝ լրատվական կայքերը, որպեսզի նրանք էլ չկարողանան ինֆորմացիա ստանալ կատարվողի մասին: Այս համատեքստում չեն բացառվում նաեւ լրատվական կայքերի դեմ հաքերային հարձակումները:

 

 

ՀՐԱԺԱՐՎԵՑ
Կառավարության երեկվա նիստում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարվում է պետական առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքից: «Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար, բայց այսօր ես եմ կառավարության ղեկավարը եւ ես եմ նստած նիստը անցկացնողի բազկաթոռին: Սա այլ իրավիճակ է: Ուստի ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ, որը ես կանցկացնեմ: Այսինքն՝ այսօր, հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ: Այդ հարցին կարելի է անդրադառնալ այն ժամանակ, երբ վարչապետի աթոռին նստած կլինի այլ մարդ»,- ասել է Ս. Սարգսյանը: Մինչդեռ հիշում եք` դեռ ապրիլի 17-ին` ԱԺ-ում իր ընտրության օրը, Սերժ Սարգսյանը, ընդհակառակը, ընդդիմադիր պատգամավորներին հորդորում էր իրեն շնորհավորել` Երեւանում վերջապես սեփական տուն ունենալու համար:
Կառավարության նիստում երեկվա որոշումը պատահական չէր. Ս. Սարգսյանը ցույց է տալիս, թե ընդառաջ է գնում ցուցարարներին, եւ անսալով հասարակական դժգոհություններին` նահանջում է՝ հրաժարվելով հատկացված տան նկատմամբ սեփականության իրավունքից: Միայն թե դրանից հետո իրականությունը չի փոխվելու. Ս. Սարգսյանը շարունակելու է ապրել նույն այդ առանձնատանը, բայց ոչ թե սեփականության իրավունքով, այլ որպես վարչապետ, որին պետությունը տրամադրել է համապատասխան կեցավայր: Ասել է, թե սա ընդամենը նուրբ մտածված PR ակցիա էր, ուրիշ ոչինչ:




Լրահոս