«ԵՐԿԱՐ ԾԻԾԱՂՈՒՄ ԵՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՍԱԾԻ ՎՐԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» շարժման, դրա հետ կապված հեռանկարների, շարժմանը սփյուռքի ներգրավվածության եւ այլ թեմաների շուրջ զրուցել է դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանի հետ։

-Պարո՛ն Ադամյան, ի՞նչ տպավորություն ունեք այս շարժումից։ Այս պահի դրությամբ ինչպե՞ս եք գնահատում իրադարձությունների ընթացքը։
-Բարձր եմ գնահատում, քանի որ դա ինքնաբուխ շարժում է։ Ծնվելով որպես առվակ՝ այն ձեռք է բերում գետի հատկություններ։ Ինձ գրավում է հատկապես երիտասարդների արթնացումը։ Ես միշտ ասել եմ, որ մենք ունենք ուսանողներ, չունենք ուսանողություն, բայց հիմա տեսնում եմ, որ ծնվում է ուսանողություն։ Ես իսկապես հպարտանում եմ այդ երիտասարդներով, նրանցով, ովքեր արժանապատվություն են ցուցաբերում։ Ինձ հույս է տալիս այն հանգամանքը, որ իմ երկիրն այս տականքների ձեռքով չի մատնվելու անէության, այլ դառնալու է «սիմպատիչնի» երկիր, եւ հայերը վերջապես կձգտեն դեպի իրենց մայր հայրենիքը։ Հավատացեք, հայրենիք վերադառնալ ցանկացողները դրսում շատ են, նրանց մոտ հայրենիքի հասկացությունն ու զգացողությունը պահպանված է. արմատից չես կտրի։
-Ի՞նչ կասեք ցանցային պայքարի այս տեսակի մասին։ Սա կարո՞ղ է արդյունավետ լինել։
-Ցանցային պայքարը շատ ճիշտ ճանապարհ է։ Կարծում եմ՝ այս պարագայում զոմբիացված մարդկային տեսակը սկսեց նահանջել, իսկապես արմատավորվեցին նոր ծիլեր, եւ ոստիկանների շրջանում տեղ գտած «մլիցեն» ցանցային պայքարի արդյունքում սկսեց ապակողմնորոշվել։ Այո, մենք բաց ձեռքերով գրկախառնվում ենք ոստիկանին, բայց արդյոք մեր դիմաց էլ է կանգնած բաց ձեռքերով մեկը, չէ՞ որ նրանց մեջ շատ են զինված ձեռքերով անձինք։ Շատ է հնչում «Ոստիկանը մերն է» լոզունգը, դա, իհարկե, ճիշտ է, եթե խոսքն իսկապես ոստիկանի մասին է, բայց ոստիկանների մեջ, ցավոք, «մլիցեքը» շատ են։
-Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել էր, որ այս օրերին ցույցի դուրս եկածների թիվը քիչ է, որ նրանք ընդամենը մի խումբ են կազմում։ Բայց մենք տեսնում ենք, որ պայքարողների թիվն օրեցօր մեծանում է։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։
-Նախ՝ ես երկար ծիծաղում եմ Սերժ Սարգսյանի ասածի վրա, բարձր ծիծաղում եմ այն ամենի վրա, ինչ այս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն արտաբերել է իր վատ հայերենով։ Նրա խոստումները օդից կախված են, մատից ծծած եւ գրպանից հանած։ Հավես չունեմ մեկնաբանելու Սերժ Սարգսյանի տգետ հայտարարությունները։
-«Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի դիրքորոշումների մասին ի՞նչ կասեք. նրանք չմիացան իրենց գործընկեր Նիկոլ Փաշինյանին:
-Նրանց դիրքորոշումն անհասկանալի է, մի քիչ լղոզված։ Կարծես թե ընդդիմություն լինելու ցանկություն կա, բայց ես ասում եմ՝ եթե մտածում եք երկրի մասին, քարը փեշներիցդ գցեք, հավաքվեք, մի ընկեք այն դաշտերը, որտեղ կարող է տարընթերցում լինել։ Այսօր Հայաստանում կենտրոնանալու խնդիր ունեն բոլորը, այդ թվում՝ ձեր նշած անձինք։
-Սփյուռքն ի՞նչ կարող է անել այս պարագայում։
-Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ համախմբվել։ Ինչպես հայաստանցիներից շատերը, սփյուռքն էլ է մասնատված, բզկտված։ Մենք ասում ենք դիասպորա, բայց այնտեղ ընդամենը խմբակներ են, դրսի շատ հայրենակիցներ բացարձակ միավորված չեն։ Այս ազդանշանն ուղղված է նաեւ նրանց միավորվելուն։ Իսկ ինչո՞ւ են նրանք հայտնվել օտար ափերում, ամեն մեկն իր պատճառն ունի, ո՞ր մեկն է հոժարակամ իր երկրից գնում. դա պարտադրովի է լինում, յուրաքանչյուրն ունի իր բացատրությունը։
-Դուք տեւական ժամանակ էր՝ Միացյալ Նահանգներում էիք, հոժարակա՞մ էիք այնտեղ գնացել, թե՞ պարտադրովի։
-Ես չեմ արտագաղթել այս երկրից, երեւում է՝ այստեղ ոմանք ինձնից լավ գիտեն՝ ես ինչ եմ արել, էլի կգնամ ու էլի կգամ։ Ես իմ երկրից ո՛չ արտագաղթել եմ, ո՛չ էլ փախստական եմ։ Ես այստեղ եմ։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԻՆՔՆ ԻՐ ՀԱՄԱՐ ՊԻԵՍ Է ԳՐԵԼ

Երեւանի Կամերային պետական թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանը, ում վերջին շրջանում տեսանք «Կաբարե ռեստարտ», «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումներում, պիես է հեղինակել, որն առաջիկայում պատրաստվում է հանձնել հանդիսատեսի դատին։ Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ պիեսի հիման վրա բեմադրվելիք ներկայացման մեջ կխաղա նաեւ ինքը։

Հայտնի է մեկ այլ դերասանի անուն եւս, որն ընդգրկված է նեկայացման մեջ. խոսքը Անդրանիկ Հարությունյանի մասին է. «Պիեսը, որը ռոմանտիկ կատակերգություն է, ինքս ինձ համար եմ մտահղացել (ծիծաղում է), նախատեսել էի, որ դրանում խաղալու է նաեւ Անդրանիկը։ Դեռ հայտնի չէ, թե մյուս՝ երրորդ կեպարը, ով կմարմնավորի։ Պիեսը հավանաբար կբեմադրվի հենց Կամերային թատրոնում։ Ինձ համար շատ կարեւոր է, որ ներկայացման շուրջ հավաքված թիմը ոգեւորիչ լինի, սիրում եմ, երբ թիմակիցները մեկը մյուսից էներգիա են ստանում։ Ի դեպ, պիեսի համահեղինակը Արթուր Հովհաննիսյանն է, մասնագիտությամբ՝ ռեժիսոր։ Ասեմ, որ մեր գործը ներկայացրել ենք տարբեր մտավորականների, եւ նրանց կողմից հետաքրքիր արձագանքի արժանացել»,-պատմեց Քեթրինը։
Հարցին, թե երբվանից է սկսել գրական գործունեությամբ զբաղվել, դերասանուհին պատասխանեց, որ վաղ հասակից մշտապես ստեղծագործել է թե՛ արձակ եւ թե՛ չափածո ժանրերում. «Տեւական ժամանակ էր՝ թողել էի գրելը, բայց վերջերս վերսկսեցի ստեղծագործել»,-նշեց նա։
Դերասանուհին հույս հայտնեց` ներկայացման պրեմիերան տեղի կունենա այս տարի. «Ոգեւորվածությունս չի մարում, բայց այսօր երկրի ներքաղաքական իրավիճակը չի թողնում մարդուն կենտրոնանալ, բոլորիս էմոցիոնալ ֆոնն էլ բավական բարձր է, շատերը, այդ թվում՝ ընկերներս, հուզված են, այդ պատճառով ժամանակավորապես դադարեցրել ենք պիեսի շուրջ աշխատանքները։ Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կընթանա, եւ կշարունակենք ստեղծագործել»,-ասաց նա։
Մենք հետաքրքրվեցինք՝ կտեսնենք, արդյոք, Քեթրինին հեռուստատեսային նախագծերում, դերասանուհին ունի, արդյոք, հրավերներ. «Իհարկե, հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ լինում են, բայց դրանք չեն բավարարում ինձ, ուստի մերժում եմ։ Փոխարենը հեռուստադիտողներն առաջիկայում կտեսնեն ինձ սիթքոմում՝ հումորային կերպարում»,-եզրափակեց Քեթրինը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերականգնվել մինչեւ Մադրիդի «Աթլետիկո»-ի դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի խաղը: «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագն արդեն վերսկսել է մարզումները ծնկի վնասվածքից հետո: «Մխիթարյանն արդեն մարզվում է: Անհրաժեշտ է, որպեսզի առաջընթաց լինի առաջիկա 3-4 օրվա ընթացքում: Տեսնենք, թե նրա օրգանիզմն ինչպես կարձագանքի ծանրաբեռնվածությանը»,-ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի ծնկի վնասվածք էր ստացել ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (4:1), որը կայացել էր ապրիլի 5-ին: «Արսենալ»-ի եւ «Աթլետիկո»-ի միջեւ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին Լոնդոնում, իսկ պատասխան խաղը` մայիսի 3-ին Մադրիդում: Եզրափակիչը կանցկացվի մայիսի 16-ին Լիոնում:

 

 

Ե՛Վ ԳՈՀ Է, Ե՛Վ ՈՉ
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, անդրադառնալով Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկ»-ի հետ խաղին, որն ավարտվեց ոչ ոքի, ասել է. «Ես գոհ չեմ արդյունքից, սակայն գոհ եմ մեր խաղից, հատկապես առաջին խաղակեսում: Մինչեւ ընդմիջումն ունեցանք բազմաթիվ պահեր: Չեմ կարծում, որ թիմը հոգնել էր, բայց մեզ մոտ պակասում էր վերջին փոխանցումը»:
Հիշեցնենք, որ «Աթլետիկ»ի դեմ տնային խաղում (1:1) «Ռեալ»-ը պարտությունից խուսափել էր 87-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՏՈՆԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, թե Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Բորնմութ»-ի նկատմամբ տոնած հաղթանակը (2:0): «Մենք վստահ հաղթանակ տարանք, քանի որ հաջող էինք գործում թե՛ որպես թիմ եւ թե՛ անհատապես: Պետք է երեք միավոր վաստակեինք` գոնե քառյակում ընդգրկվելու համար: Հիմա արդեն կարող ենք մտածել երկրորդ եւ երրորդ տեղերի մասին»,- ասել է Մոուրինյուն:
Հիշեցնենք` այս հաղթանակի շնորհիվ Ժոզե Մոուրինյուի սաները, ովքեր երկրորդ տեղն են զբաղեցնում, երրորդ տեղում ընթացող «Լիվերպուլ»-ին շրջանցում են 4 միավորով:




Լրահոս