ՀԱՐՑ. Ունեմ 6 տարվա աշխատանքային ստաժ: Ունեմ 3-րդ կարգի հաշմանդամություն եւ ստանում եմ հաշմանդամության թոշակ: Իմ թոշակի չափը չեն ավելացնում: Ինչո՞ւ:
Անի Ներսիսյան (Արագածոտն մարզ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային, այդ թվում` հաշմանդամության կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է: Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի եւ կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`
1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով. 2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:
Ելնելով վերոգրյալից` Ա. Ներսիսյանի հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափը կփոխվի, եթե փոխվի հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը կամ նրա աշխատանքային ստաժը:
Իսկ եթե նա ստանում է հաշմանդամության նպաստ, ապա հաշմանդամության նպաստի չափը ՀՀ կառավարության կողմից բարձրացվելու դեպքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափը կախված է հիմնական կենսաթոշակի եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի չափերից, որոնք սահմանում է ՀՀ կառավարությունը, աշխատանքային ստաժի տարիներից եւ հաշմանդամության խմբից: