Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին՝ հաջորդիվ. երբ կսկսեն գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր. «Երեւան քաղաքը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երեւան քաղաքի իշխանությունը եւս պետք է փոխվի։ Հիմք ընդունելով վերոգրյալը` Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը»։

Սակայն պարզվում է՝ այսպիսի գործընթաց սկսելու շուրջ «Ելք» խմբակցության մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն իրենց համաձայնությունը դեռեւս չեն տվել: Մասնավորապես մեզ հետ զրույցում Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, թե սպասում են մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը, որից հետո ցանկանում են սկսել Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց: Միեւնույն ժամանակ նա մեզ հետ զրույցում նշեց, թե ծանոթ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի այն մեկնաբանությանը, թե այժմ իրենց օրակարգում նման բան չկա:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության կողմից տարածված հայտարարությանը` ավագանու անդամ, ՔՊ ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, թե իրենց կուսակցությունում նման հարց դեռեւս չի քննարկվել:
Ինչ վերաբերում է քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին, նշենք՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածում ամրագրված է.

1. Ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաեւ այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:

2. Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաեւ ավագանու խմբակցություններին: Ավագանու խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց խմբակցությունների անդամներին:

3. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է եւս ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով քաղաքապետի այլ թեկնածու:

4. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:

5. Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա երկու թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

6. Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Երեւանի ավագանին այժմ կազմված է 65 անդամից, եւ անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է 21 ավագանու ստորագրություն, իսկ արդեն ընտրություններում նոր քաղաքապետ կընտրվի ձայների մեծամասնությամբ: Այս տարբերակից զատ` ավագանին կարող է լուծարվել միայն քաղաքապետի հրաժարականի պարագայում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս