Հարց քաղաքացիներից` ո՞վ իրավունք ունի ստանալ մանկավարժական թոշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ես իրավունք ունե՞մ ստանալու մանկավարժական թոշակ: Ուզում եմ իմանալ` ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ:

Ռուզաննա Բեզրյան

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին, եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:
«Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Քաղաքացուն խորհուրդ է տրվում դիմել ՀՀ ԱՍՀՆ ՍԱԾ աշխատակազմի բնակության վայրի կամ ցանկացած տարածքային ստորաբաժանում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսքան օրենքներ մեջբերելու կամ ՀՀ ԱՍՀՆ ՍԱԾ աշխատակազմի բնակության վայրի ստորաբաժնում ուղղորդելու փոխարեն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կարող էր հստակ պատասխանել` արդյո՞ք Ռ. Բեզրյանը կարող է ստանալ մանկավարժական թոշակ, թե՞ ոչ: Ստացվում է, որ քաղաքացին դիմել է խմբագրություն` իրեն հուզող հարցի պատասխանը ստանալու, սակայն նրան ուղղորդում են դիմել տարածքային ստորաբաժանում: Այսքանից հետո հարց է առաջանում` արդյո՞ք տարածքային բաժնում կպատասխանեն քաղաքացու հարցին, թե՞ ետ կուղարկեն:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս