Մայիսի 8-ից հետո մեզ վրա երկնային մանանա չի թափվելու.անցնելու ենք շատ դժվար ուղի. Հրանտ Թոխատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան ներքին քաղաքական կյանքը վերջին մեկ ամսում բավական լարված էր: Արդեն ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ժողովրդական շարժումը կարծես թե հաղթանակ գրանցեց, եթե հաշվի առնենք ՀՀԿ խմբակցության այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն մայիսի 8-ին սատարելու է խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին դառնալ վարչապետ: Վերջին օրերին գրանցված իրադարձությունների մասին զրուցել ենք Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ:

-Պարո՛ն Թոխատյան, քաղաքական դաշտում գրանցված վերջին հանգուցալուծումը Ձեր սրտո՞վ էր, դա ա՞յն էր, ինչին Դուք սպասում էիք:

-Իհարկե: Գիտեք՝ մենք սրան սպասել ենք 1988-ից սկսած: 1988-ից անցավ երկու-երեք տարի, եւ, ցավոք, մեր երազանքը սկսեց քիչ-քիչ ընդունել գորշ գույներ: Այսօրվա մեր երիտասարդությունը եկավ ու վերադարձրեց այդ գույները: Իսկ սա լրիվ ուրիշ երիտասարդություն է, մեզ նման չի: Դեռ այն ժամանակ մենք շատ հաց ու պանիր պետք է ուտեինք, որ այս երիտասարդների պես լինեինք: Կարծում եմ, որ իրենք կկարողանան պահել, ամրապնդել ձեռք բերածը, եւ մենք կունենանք այն, ինչի մասին երազել ենք: Ուզում եմ վստահ լինել դրանում:

-Մի քանի օր առաջ Դուք նշել էիք, որ Նիկոլ Փաշինյանին տեսնում եք Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում: Հիմա, կարծես, այդպես չեք կարծում, այո՞:

-Այո՛, բայց ԱԺ հատուկ նիստում հնչած հարցուպատասխանը ինձ համար որոշիչ եղավ: Ես այնքան կուզենայի, որ անկախ Հայաստանի բոլոր վարչապետները հանրապետականների տված հարցերին պատասխանած լինեին: Երբ Սերժ Սարգսյանն էր ընտրվում վարչապետ, ինչո՞ւ նրան էլ այդ հարցերը չէին տալիս: Նրանց հարցերից կարելի էր ենթադրել, որ մեր բոլոր վարչապետները ծնված օրվանից «վարչապետական» դպրոց են գնացել: Պարզ է, որ վարչապետը ամենակարեւոր մենեջերն է, երկրի, թատերական լեզվով ասած, պրոդյուսերը, եւ նա կհավաքի այն թիմը, որի անդամները կկարողանան պատասխանել այդ բոլոր հարցերին:

-Այս օրերին բուռն քննարկվեց մշակույթի` արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրաժարականը: Մշակույթի գործիչները հավաքվել էին նախարարության մոտ եւ հորդորում էին նրան միանալ ժողովրդին: Հետո Դուք եւ էլի մի քանիսը բարձրացաք պարոն Ամիրյանի մոտ, ինչին հետեւեց հրաժարականը: Ի՞նչ խոսեցիք պարոն Ամիրյանի հետ:

-Մենք միասին ենք խորհրդակցել, եւ այդ խորհրդակցության արդյունքում է կայացվել հրաժարականի որոշումը: Ինձ հետ պարոն Ամիրյանի մոտ եղել են Էդուարդ Թոփչյանը, Լալա Մնացականյանը, Վահագն Հայրապետյանը: Մենք ունեցել ենք բավական հետաքրքիր զրույց: Նախարարության մոտ հավաքվածներին չգիտեմ` ինչ էր թվում, բայց ես բարձրացել էի իմ ընկեր Արմեն Ամիրյանի մոտ, եւ մենք ընկերներով նրան ասացինք, որ հրաժարականը կլինի ամենաճիշտ քայլը: Եվ դա չուշացավ:

-Պարո՛ն Թոխատյան, ո՞րը պետք է լինի ամեն քաղաքացու անելիքը՝ գրանցած հաղթանակը պահպանելու համար:

-Առաջին հերթին մենք բոլորս պետք է հասկանանք, որ հաղթանակը միայն տոնակատարությունները չեն, եւ փողոց դուրս գալը չէ: Հաղթանակը պահելն ամենօրյա գործընթաց է: Հարկավոր է մեզանում իսպառ վերացնել «Երկիրը երկիր չի», «Որտեղ հաց, այնտեղ կաց» արտահայտությունները, պետք է անընդհատ աշխատել: Մայիսի 8-ից հետո մեզ վրա երկնային մանանա չի թափվելու: Անցնելու ենք շատ դժվար ուղի, որովհետեւ դեռ պարզ չէ, թե հին իշխանությունից մեզ ինչ ժառանգություն է մնացել: Ամենակարեւորն այն է, որ մեր երկրում օրինականություն հաստատվի: Եթե օրենքը վերջապես ոտք դնի հայաստանյան հողի վրա, մեր խնդիրների զգալի մասը լուծված կլինի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս