ՀԱՐՑ. Ես աշխատել եմ որպես մանկավարժ: Հունվարից այլեւս չեմ աշխատում (կրճատվել եմ): Խնդրում եմ ասեք` ես իրավունք ունե՞մ սոցիալական փաթեթի գումարը կանխիկացնելու:
Անահիտ Ենոքյան
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության` 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 1-ին հավելվածի 19-րդ կետի համաձայն` սոցիալական փաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել միայն հետեւյալ դեպքերում`
1) աշխատողի` կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու եւ սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, եւ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել),
2) աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու ժամանակ,
3) «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա, որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում, սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից եւ ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը:
Հետեւաբար, Դուք կարող եք սոցիալական փաթեթի գումարը կանխիկացնել, եթե ունեք կենսաթոշակ ստանալու իրավունք կամ ծնվել եք 1974 թվականի հունվարի 1-ից հետո եւ մինչեւ աշխատանքից ազատվելը վճարել եք սոցիալական վճար:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ աշխատանքից ազատվելուց հետո գոնե մի փոքր առավելություն կա` օգտվելու որոշակի գումար ստանալու հնարավորությունից:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: