Նեյտրալներին չդարձնենք ազգի դավաճան, չի կարելի վատաբանել մեկը մյուսին. Անդրանիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանում տեղի ունեցավ թավշա, սիրո հեղափոխություն, եւ ես հորդորում եմ նեյտրալ դիրքորոշում ունեցողներին չդարձնել ազգի դավաճան: Չի կարելի վատաբանել մեկը մյուսին, վիրավորական մեկնաբանություններ եւ նամակներ գրել. ամեն մեկն իր տեսակետն ունի: Պետք է բարություն քարոզել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ կոչ անելով զսպվածություն դրսեւորել: Նրա համոզմամբ՝ որոշակի զանգված չարացած է, բայց պետք է անմիջապես հանդարտվել եւ միանալ այն զգալիորեն մեծ զանգվածին, որը սեր եւ համերաշխություն է տարածում. «Դուրս ես գալիս փողոց եւ տեսնում ես ժպիտներ, այդպիսի դեմքեր վերջին 20 տարում չէինք տեսել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա վստահություն հայտնեց, որ մենք ազգովի դեպի լավ կյանք ենք գնում: Դերասանը մեջբերեց Վազգեն Սարգսյանի խոսքերը. «21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու»: «Դա աստիճանաբար իրողություն է դառնում: Հայը պետք է լավ ապրի, իսկ մենք լավ չէինք ապրում»,-մեկնաբանեց նա:

Հարցին, թե որքանով է կարեւորում շարժմանը շոուբիզնեսցիների ընդգրկված լինելը, Անդրանիկը պատասխանեց. «Չեմ ուզում շոուբիզնեսցիներին հատուկ առանձնացնել: Նրանք ժողովրդի մի մասնիկն են: Մենք տեսանք հայտնիների, որոնք շարժման սկզբից ժողովրդի հետ էին, տեսանք նաեւ այնպիսիներին, որոնք բեմ բարձրացան այն ժամանակ, երբ ամեն բան հանգուցալուծվել էր: Բայց ես նրանց էլ չեմ քննադատում. ով որ պահին հարմար գտավ, այն ժամանակ էլ միացավ: Անձամբ ես երորրդ օրվանից միացել եմ Հանրապետության հրապարակում կազմակերպվող ցույցերին, պարզապես բեմ չեմ բարձրացել»:

Անդրանիկը Նիկոլ Փաշինյանին, միանշանակ, տեսնում է վարչապետի պաշտոնում: Նրան զարմացրել է վարչապետի թեկնածուի հավասարակշիռ պահվածքը ԱԺ հատուկ նիստի շրջանակում հնչած հարցուպատասխանին. «Քիչ էր մնում՝ Փաշինյանին հարցնեին «Տիտանիկում» խորտակված բոլոր մարդկանց անուն-ազգանունները: Բայց ես հավատում եմ, որ այդ հարցին էլ նա կպատասխաներ (ծիծաղում է): Ուզում էին «խեղդամահ» անել, չստացվեց»,-եզրափակեց նա:

Անի Անտոնյան




Լրահոս