Վարչապետի ընտրության հետքերով. որտեղ սայթաքեց ՀՀԿ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ: Այս անգամ, որքան էլ զարմանալի էր, ՀՀԿ խմբակցությունը հավատարիմ մնաց պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու որոշմանը, եւ ՀՀԿ խմբակցությունից 12+1 պատգամավոր կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին: Հետաքրքիրն այն է, որ իր ելույթի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե որոշում է կայացվել, որ իրենց կուսակցությունից 10+1 պատգամավոր կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին: Իսկ +1 պատգամավոր ասվածն ուղղված էր Ֆելիքս Ցոլակյանին, ով դեռեւս մայիսի 1-ի քվեարկության ժամանակ էր կողմ արտահայտվել:

Սակայն ուշագրավ է, որ քվեարկության ժամանակ ոչ թե 10+1, այլ 12+1 ձայն ստացվեց: Եվ այսպես` կողմ քվեարկող ՀՀԿ-ական պատգամավորներն են՝

Արսեն Միխայլով,

Կնյազ Հասանով,

Միհրան Պողոսյան,

Արման Սահակյան,

Սամվել Ալեքսանյան,

Աշոտ Արսենյան,

Արայիկ Գրիգորյան,

Շիրակ Թորոսյան,

Սեյրան Սարոյան,

Մանվել Գրիգորյան,

Ֆելիքս Ցոլակյան,

Մուրադ Մուրադյան,

Արտակ Սարգսյան

Այս ցանկում նշված պատգամավորներից թերեւս անակնկալ էին Միհրան Պողոսյանի եւ Մուրադ Մուրադյանի քվեարկությունները: Մյուս 10 պատգամավորների կողմ քվեարկելու հանգամանքն ի սկզբանե հայտնի էր: Սակայն ինչ փոխվեց երեկվանից հետո:

Նշենք, որ երեկ Միհրան Պողոսյանը ԱԺ դահլիճից դուրս եկավ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ, եւ ուղեւորվեցին ՀՀԿ-ական պատգամավորի աշխատասենյակ, որտեղ նրանց հետ էին նաեւ Արթուր Գեւորգյանն ու Վահան Հարությունյանը: ԱԺ դահլիճ վերադառնալով` Սասուն Միքայելյանը չպատասխանեց հարցին՝ ինչ էր քննարկում Միհրան Պողոսյանի հետ, եւ արդյոք մայիսի 1-ի նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի շարունակությունն էր: Ի պատասխան` Սասուն Միքայելյանը միայն նշեց, թե իրավունք ունի շփվել այլ պատգամավորների հետ:

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը դեռեւս օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե նաեւ մայիսի 1-ից էր ցանկացել քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, սակայն ըստ էության զոհ է գնացել ընդհանուր խմբակցության որոշմանը եւ դեմ քվեարկել: «Մենք` որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, աջակցելու ենք ժողովրդի թեկնածուին», – նշել էր նա: Արսեն Միխայլովը եւս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե Փաշինյանին կողմ քվեարկելու մեջ խնդիր չի տեսնում:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանի կողմ քվեարկելը եւս անակնկալ է եղել: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մուրադ Մուրադյանը չցանկացավ հարցերի պատասխանել եւ ասել՝ ինչու հանկարծ այդպես որոշեց կողմ քվեարկել Փաշինյանին: Մուրադյանը միայն նշեց, թե խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում հայտնել էր, թե աջակցելու են, ինքն էլ աջակցեց եւ այդտեղ որեւէ զարմանալի բան չի տեսնում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրականում Մուրադյանի կողմ քվեարկելն անակնկալ է եղել նաեւ խմբակցության համար, եւ նա իր ցանկությամբ է այդպես քվեարկել, այլ ոչ թե խմբակցության հորդորով:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը նշեց, թե հետագայում պատրաստ է աշխատանքի մեջ ամեն ինչով օգնել Նիկոլ Փաշինյանին: Իսկ դիտարկմանը՝ ինչու այս անգամ կողմ քվեարկեցիք նրան, նա նշեց. «Ինձ ժողովուրդը մի ձայն է տվել, ես էլ դա տվեցի ժողովրդի թեկնածուին»:

Ուշագրավ է, որ քվեարկության արդյունքների մասին հայտնի դառնալուց հետո Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ցուցադրաբար դուրս եկան ԱԺ դահլիճից՝ չսպասելով անգամ Նիկոլ Փաշինյանի վերջին խոսքին: ԱԺ դահլիճը լքած պատգամավորների թվում էին նաեւ Գալուստ Սահակյանը, Սամվել Նիկոյանը, Հակոբ Հակոբյանը: ՀՀԿ-ականները երեկ անասելի տխուր դեմքով էին, եւ տպավորություն էր, թե նրանք մերձավոր հարազատի հոգեհանգստից էին վերադառնում: Հատկապես ընկճված էին երիտհանրապետական Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը, Շուշան Պետրոսյանը եւ այլք: Բայց, դե, ՀՀԿ-ականների այս շփոթմունքն ու ընկճվածությունը բնական է. երկար տարիներ նրանք եղել են իշխանության գլխին, առաջնորդվել են «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով` վստահ լինելով, որ առաջիկա 50 տարիներին եւս ՀՀԿ-ն է իշխելու: Նրանք մինչեւ վերջին վայրկյանը չէին հավատում, որ իշխանությունը գնում է իրենց ձեռքից: Բայց այս ամենն այլեւս իրողություն է: ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը հեռացվեցին իշխանությունից, այն էլ բավական ամոթալի կերպով:

Ինչ վերաբերում է Փաշինյանին դեմ քվեարկած պատգամավորներին, ապա հատկանշական է, որ նրանցից մեկն էլ Հակոբ Հակոբյանն էր՝ Թունելի Հակոբը, որ դեռեւս մայիսի 2-ին, երբ այցելել էր իր ընտանիքին պատկանող ՀԷԿ-երի մուտքերը փակած գյուղացիներին, նրանց խոստացել էր, թե կողմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանին, ընդ որում, նա այդպիսի խոստում էր տվել նաեւ իր կուսակիցներին, բայց վերջին պահին խաբեց ընտրողներին:

Գործարար պատգամավորներից միայն Արկադի Համբարձումյանը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին: Ի սկզբանե որոշված է եղել, որ պետք է բոլոր գործարար-պատգամավորները կողմ քվեարկեն, սակայն Համբարձումյանն ի սկզբանե հայտարարել է, թե ինչ էլ պատահի՝ ինքը Փաշինյանին կողմ չի քվեարկի: Կողմ քվեարկողների վերջնական ցուցակն էլ հստակեցվել էր երեկ՝ խմբակցության նիստի ժամանակ, սակայն Մուրադ Մուրադյանի եւ Միհրան Պողոսյանի քվեարկություններն ամեն դեպքում անակնկալների ժանրից են եղել:

Հավելենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը վարչապետ էր ընտրվել 77 կողմ ձայնով: Այդ ժամանակ նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել ամբողջ ՀՀԿ խմբակցությունը, ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավոր:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս