Հարց քաղաքացիներից` 22 տարվա մանկավարժական ստաժ ունեցող քաղաքացին կարո՞ղ է օգտվել մանկավարժական թոշակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իմ 55 տարեկանը լրացել է: 1996թ. աշխատում եմ մանկավարժ, ունեմ 22 տարվա մանկավարժական ստաժ: Խնդրում եմ ասեք` ես կարո՞ղ եմ օգտվել մանկավարժական թոշակից, թե՞ ոչ:

Քաղցրիկ Միրզոյան (մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:
«Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Քանի որ Ք. Միրզոյանի մասնագիտական ստաժը հաշվարկվում է 1996 թվականից, ապա նա չի կարող մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն ունենալ պահանջվող 12 տարվա մասնագիտական ստաժը, ուստի նրան չի կարող նշանակվել մասնակի կենսաթոշակ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ շատ քչերին է «բախտ վիճակվում» ստանալ մանկավարժական մասնակի կենսաթոշակ: Պարզ է, որ ընդունված օրենքներն այնքան էլ չեն բխում քաղաքացիների շահերից:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս