Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունն արագացնում են. ով է հիմնական թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհուրդը պատրաստվում է արագացնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը, իսկ մյուս դատարանների նախագահներին հրահանգել են սպասել:

ԲԴԽ-ն ժամանակացույցը շրջանցեց

Օրերս գրել էինք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այս օրերին ծանուցումներ է ուղարկել դատարանների նախագահներին, որ վերջիններս կոնկրետ ժամկետում ներկայացնեն իրենց թեկնածուներին, ովքեր հավակնում են դառնալ դատարանի նախագահ: Այսպիսով` պարզեցինք, որ Բարձրագույն դատական խորհուրդը կոնկրետ ժամանակացույց էր նշել, մասնավորապես Արագածոտնի մարզի, Արարատի եւ Վայոց ձորի, Արմավիրի մարզերի առաջի ատյանի ընդհանուր իրավասության դատարանները դատարանների նախագահ դառնալու համար ցանկություն ունեցող դատավորների անունները ԲԴԽ պետք է ներկայացնեին մայիսի 7-ից մինչեւ մայիսի 12-ը ընկած ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզի, Լոռու մարզի, Կոտայքի մարզի առաջի ատյանի ընդհանուր իրավասության դատարանները պետք է ներկայացնեին մայիսի 14-ից մինչեւ մայիսի 19-ը ընկած ժամանակահատվածում եւ այսպես շարունակ:

Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահի ընտրությունների համար թեկնածուներ ներկայացնելու ժամկետը ԲԴԽ-ն սահմանել էր մայիսի 25-ից մինչեւ մայիսի 30-ը ընկած ժամանակահատվածում, իսկ ահա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար կռիվ տվող թեկնածուներն իրենց անունները պետք է ներկայացնեն հուլիսի 2-ից հուլիսի 7-ը:
Եվ ահա այս ժամանակացույցը դատական համակարգում դառնում է խիստ մտահոգության առիթ: Չնայած նրան, որ Բարձրագույն դատական խորհուրդը հստակ սահմանել է ժամանակացույցը, սակայն օրերս իրավիճակ է փոխվել: Մասնավորապես ներքին հրահանգ է իջեցվել մարզային դատարանների նախագահների ընտրությունը հետաձգել եւ արագ կազմակերպել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը: Բանն այն է, որ ԲԴԽ-ի կողմից հաստատված ժամանակացույցով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը ընկնում էր հուլիս ամսին, որը համընկնում է ամառային արձակուրդների ընթացքի հետ:

Ավելին` եթե մյուս դատարանների նախագահների ընտրությունը իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, ապա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի դեպքում պատկերը այլ է: Ըստ Դատական օրենսգրքի` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը:

Այսպիսով` դատական համակարգին ներքի հրահանգ է իջեցվել, որ միգուցե հուլիս ամսին Ազգային ժողովը գնա արձակուրդ, եւ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը հետաձգվի, ուստի դատական համակարգին հրահանգել են թողնել մյուս դատարանների նախագահի ընտրությունը եւ մայիս ամսին Ազգային ժողով ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուներին եւ արագ կազմակերպել նախագահի ընտրությունը:

Իսկ ով կլինի Վճռաբեկի նախագահը

Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` այս որոշումը խիստ խառնաշփոթ է առաջացրել դատական համակարգում, եւ հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների ցանկը` դժվարանում են պատկերացնել, թե Բարձրագույն դատական խորհուրդը ում կնշանակի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:
Մեզ հասած լուրերի համաձայն` դատական համակարգում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նշանակումը բացառում են, քանի որ կարծիքներ կան, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը այդքան էլ լավ փոխհարաբերությունների մեջ չէ Արման Մկրտումյանի հետ: Ավելին` խոսակցություններ կան, որ ԲԴԽ-ն Արման Մկրտումյանին չի նշանակի, որպեսզի այդ քայլով ցույց տա, որ դատական համակարգը նոր փուլ է թեւակոխում, նախկին պաշտոնատար անձինք, որոնց անունները կապվել են այս կամ այն իրադարձությունների հետ, չեն շարունակի պաշտոնավարել:

Ինչ փոխեց նոր վարչապետի նշանակումը

Եթե ոչ Արման Մկրտումյանը, ապա ո՞վ կարող է լինել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: Այս հարցը շատ էր հետապնդում: Բանն այն է, որ մինչ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ վարչապետ ընտրվելը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու համար ամենահավանական թեկնածուն է համարվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը, սակայն Նիկոլ Փաշինյանի` ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո իրավիճակ է փոխվել:

Հիշեցնենք, որ Ավետիսյանը մինչեւ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակվելը հանդիսացել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: 2010 թվականին նա` որպես նախագահող դատավոր, քննել է քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործը` վերջինիս կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով առաջին ատյանի վճիռը թողնելով անփոփոխ, իսկ ահա առաջին ատյանի դատարանը նրան ազատազրկման էր դատապարտել 7 տարի ժամկետով:

Սակայն, չնայած իրավիճակին, դատական համակարգում Սերժիկ Ավետիսյանի նշանակումը նախագահի պաշտոնում չեն բացառում:

Բանն այն է, որ Նա «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի քենակալն է` կնոջ քրոջ ամուսինը: Նրանք նաեւ համաքաղաքացիներ են, ուստի դատական համակարգում չեն բացառում, որ միգուցե այս հանգամանքը որոշակի կերպով ազդի նախագահի պաշտոնում նրա նշանակման վրա: Ինչեւէ, փաստ է մեկ բան, որ առաջիկայում Բարձրագույն դատական խորհուրդը իր մոտ կհրավիրի ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներին, կքննարկվի իրավիճակը, որից հետո էլ կհասկանան, թե ով կարող է նշանակվել այդ պաշտոնում:

Քնար Մանուկյան




Լրահոս