«Բա որ սենց», «բա որ նենց» ասողները խանգարում են մեզ». Արթուր Իսպիրյանը՝ նոր Հայաստանում ապրելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը թավշյա հեղափոխությունից հետո երկրի ներքաղաքական վիճակի, ձեւավորված մթնոլորտի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճի մասին զրուցել է երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանի հետ, ով, ի դեպ, եղել է ժողովրդական շարժման մասնակիցների կողքին։ Նրա համոզմամբ՝ վարչապետի բաց աշխատելաոճը, որին, ի դեպ, մեր ժողովուդը սովոր չէ, նոր եւ գովելի միտում է։ Երգահանին տպավորել է նաեւ Փաշինյանի՝ մարդկանց հետո փոխհարաբերվելու ձեւերը. «Մենք ե՞րբ էինք տեսել, որ զոհված զինվորի ծնողին վարչապետը գրկեր ու համբուրեր»,-ասում է նա։

-Պարո՛ն Իսպիրյան, վերջին օրերին փոխվել է երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը։ Ձեզ դա գոհացնո՞ւմ է։

-Այո, սրան սպասում էի ոչ միայն ես, այլեւ ողջ հայ ազգը։ Ես կիսում եմ ժողովրդիս ուրախությունը եւ կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն իրոք կլինի այն վարչապետը, որին երազել ենք տեսնել մեր երկրում, հուսով եմ՝ կհաստատվի արդարություն, որի կարիքը մեր ժողովուրդը միշտ ունեցել է։

-Նիկոլ Փաշինյանն աշխատում է բավական բաց եւ թափանցիկ։ Պարբերաբար ուղիղ եթերներ է մտնում, գրառումներ է կատարում սոցցանցում, տեղեկացնում է իր ամեն քայլի մասին, հանրության հետ պահում է հետադարձ կապը։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին։ Կարելի՞ է ասել, որ սա նոր միտում է հայ քաղաքական գործիչների, մասնավորապես վերին ատյանները ներկայացնող գործիչների շրջանում։

-Բարձր եմ գնահատում դա, ուղղակի մենք սովոր չէինք նման գործելաոճին, բայց դա նորմալ է։ Ժողովուրդն է նրան ընտրել, եւ նա ժողովրդի առջեւ պետք է հաշվետու լինի։ Մեր ժողովուրդը վերին ատյաններից վաղուց չէր տեսել նաեւ մարդկային հարաբերությունների այնպիսի դրսեւորում, ինչպիսին տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Մենք ե՞րբ էինք տեսել, որ զոհված զինվորի ծնողին վարչապետը գրկեր ու համբուրեր։ Այդ կանայք միշտ արհամարհված են եղել, պաշտոնյաները նույնիսկ պարբերաբար կոպտել են նրանց։ Իսկ այսօր ժողովուրդը հպարտ է ոչ միայն վարչապետով, այլեւ նախագահով, որի շփումը ժողովրդի հետ եւս դրական եմ գնահատում։ Հուսով եմ՝ մեր նախագահն ու վարչապետը միասին կկարողանան կառուցել մեր երազած երկիրը։

-Այս օրերին ժողովրդի տարբեր շերտերի մոտ տեսանք հետաքրքիր, անսպասելի դրսեւորումներ, կոտրվեցին մի շարք կարծրատիպեր, համաձա՞յն եք։

-Այո, մենք տեսանք, թե ինչ հրաշալի երիտասարդություն ունենք եւ ինչ օրինապաշտ ժողովուրդ, որին բոլորս թերագնահատում էինք։ Ասում էինք՝ ժողովուրդը չի համախմբվի, հոգնել է, ձանձրացել է, ոչ ոքի չի հավատում, բայց պարզվեց, որ մենք ունենք հզոր ժողովուրդ, որով կարող ենք ամբողջ աշխարհում պարծենալ։ Իհարկե, դեռ շատ բան ունենք անելու, դեռ շատ փորձություններ են մեզ սպասվում։ Միանշանակ, դրանք եւս հաղթահարելի են։

-Հիմա ո՞րը պետք է լինի քաղաքացու քայլը։ Ի՞նչ պետք է անի յուրաքանչյուրս՝ այսօր երկրում տիրող մթնոլորտը պահպանելու, եւ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է նշում, օրենքի երկիր դառնալու համար։

-Պետք է միահամուռ կերպով թեւ ու թիկունք լինենք Նիկոլ Փաշինյանին։ Կասկածամտություն հայտնելը կարող է խանգարել պրոցեսին։ «Բա որ սենց, բա որ նենց» ասողները միշտ խանգարել են եւ խանգարում են մեզ։

-Եվ վերջին հարցը՝ Ձեր ոլորտում ի՞նչ խնդիրներ կան, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ Դրանցից հատկապես ո՞րը կառանձնացնեք։

-Պետք է վերահսկողություն մտցնել հեռուստաեթերում՝ հատկապես անորակ երաժշտության եւ սերիալների մասով։ Թեեւ մենք տեսանք, որ դրանցից ոչ մեկը չի ազդել ազգի մտածելակերպի եւ էության վրա։ Պետք է յուրաքանչյուրս օգնենք մեր վարչապետին՝ մեր գործը լավ անելով եւ չզլանալով։

Աննա Բաբաջանյան




Լրահոս