ՀԱՐՑ. Աշխատանքային ստաժիս հաշվարկին համաձայն չեմ: 2,5 տարվա ստաժ չեն հաշվարկել: Ավարտել եմ ԵՊՀ-ն, որից հետո ասպիրանտուրան, որը միասին վերցրած հավասար է 8,5 տարվա: Հիմա իմ աշխատանքային ստաժում հաշվարկել են 6 տարին, իսկ մնացած 2,5-ը ինչու չեն հաշվել, չեմ հասկանում: Խնդրում եմ պարզաբանել:
Արսեն Թորոսյան
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է նաեւ ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի:
Ելնելով վերոգրյալից` Ա. Թորոսյանի ուսման ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառվել է օրենքով սահմանված կարգով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ տարօրինակ է, սակայն քաղաքացին մի բան է ասում, նախարարության պատասխանը` բոլորովին այլ: Մնում է` խմբագրություն դիմած քաղաքացուն խորհուրդ տալ դիմել իրենց սոցիալական տարածքային բաժին` հասկանալու համար, թե իրականում ինչպես պետք է հաշվարկվի իր աշխատանքային ստաժը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: