ՓՈՐՁԵԼՈՎ ՊԱՀՊԱՆԵԼ ԱՄԲՈՂՋԸ` ԿՈՐՑՆԵԼՈՒ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին քաղաքացիների կողմից տարվող պայքարի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ:

-Պարո՛ն Մանուչարյան, ոմանք «Իմ քայլը» նախաձեռնության շարժումը նմանեցնում են 88-ի շարժման հետ: Դուք տեսնո՞ւմ եք նմանություններ եւ եթե այո, որո՞նք են դրանք:
-Մի նմանություն կա, որ միտում ունի համաժողովրդական դառնալու: Եվ մասնակիցների մոտ մեծ անկեղծություն կա` դրա հետ կապված: Բայց մյուս կողմից` 88-ի շարժումը միանգամից բռնկվեց` որպես համաժողովրդական: Հիմա ե՛ւ զգուշավոր մարդիկ կան, ե՛ւ մարդիկ, ովքեր տարբեր մտավախություններ ունեն: Բայց ամեն դեպքում այդ միտումը կա:
-Ընդհանուր առմամբ` ինչպե՞ս եք գնահատում այս օրերի քաղաքացիական անհնազանդությունը:
-Ես շատ դրական եմ գնահատում այն տեսակետից, այն վիճակից, երբ բացարձակ ճահիճ էր, եւ որի մեջ մեռնում էր Հայաստանը, մարդիկ կորցնում էին հայրենիքը, այսինքն` պետությունը սպանում էր հայրենիքը. զարմանալի բան է: Եվ ժողովուրդը կարծես թե արդեն անտարբեր էր դարձել, հատկապես երիտասարդությունը, բացարձակ անտարբեր: Հիմա հոյակապ մի բան է, այսինքն` երտասարդությունն այդ իմաստով պատասխանատվություն զգաց, եւ դրական ընթացք ստացավ, ես նկատի ունեմ` մարդկանց հոգեվիճակ, նպատակադրումներ: Իհարկե, հսկայական ճանապարհ կա դեռ անցնելու, բայց կարեւոր է կանգ չառնել:
-Ի՞նչ եք կարծում` այս շարժումը կարո՞ղ է հաջողություն ունենալ:
-Անկասկած, եթե մարդիկ գործեն բավականաչափ պատասխանատու, ես նկատի ունեմ ոչ միայն երիտասարդությանը, նույնիսկ ոչ այնքան երիտասարդությանը: Այսինքն` երբ համառորեն պայքարը շարունակվում է` անկախ վախեցնելու փորձերից, փախցնում են մարդկանց, ուրիշ անհեթեթ բաներ են կատարվում, երիտասարդությունը բացարձակ պատասխանատու է գործում:
-Ստեղծված իրավիճակում հնարավոր համարո՞ւմ եք, որ իշխանությունը նահանջի, ետքայլ անի:
-Ես ուրիշ ելք իշխանության համար չեմ տեսնում: Իշխանությունը պետք է իմանա մի բան. այդ ագահությունը սարսափելի բան է: Ագահ ձեւով ապրել են 30 տարի, երկիրը հասցրել են այն վիճակին, որ ամբողջ ժողովրդին թշնամի են դարձրել իշխանության նկատմամբ եւ վերջին օրերին էլ փոխանակ վերանայեին այդ ագահության պահը եւ հասկանային, որ զիջումների գնալու պահն է, ամեն օր իրենց օրակարգն ավելի ու ավելի դժվարացնում է: Այն, որ հարցնում են` «Մերժիր Սերժին»-ը քաղաքական օրակարգ է, թե ոչ, բարձրագույն քաղաքական օրակարգ է, համազոր է «Ոչ թալանին» շարժման օրակարգին: Այն պահին, երբ ասացին` «Մերժիր Սերժին», երբ նա եւ իր շրջապատը գիտակցեն` այո, եկել է պահը, պետք է գնալ, պետք է առաջարկել որեւէ մարդու թեկնածություն, ով հեղինակություն կլինի ժողովրդի համար: Երբ նրանք այդ բանը մերժեցին եւ սկսեցին դիմադրել` փորձելով պահպանել ամբողջը, նրանք կորցնելու են ամեն ինչ, ինչն իրենց համար թանկ է: Կուտակած հարստությունը եւ իշխանությունն իրականում արժեք չեն, իրական արժեքը կյանքն է: Իսկ իրենք զրկել են կյանքից թե՛ իրենց, թե՛ ժողովրդին: Հիմա կյանքը վերադառնալու է, եւ «Մերժիր Սերժին»-ն էլ նշանակում է` մերժիր այն համակարգը, որը մարդուն դարձնում է դրուժան: Սերժ Սարգսյանը դրժել է ոչ միայն այն, որ խոստացել էր, թե վարչապետ չի դառնալու, այլ անընդհատ ուխտադրուժ է: Սերժը, որ ձեռքը դրեց Աստվածաշնչի եւ Սահմանադրության մայր օրենքի վրա եւ ասաց, որ պաշտպանում է օրենքը, նա դրժեց: Փողոցում տեսնելու եք, որ երեխաներին բռնում, փախցնում է ոստիկանությունը, որպեսզի երեխան չասի` հերիք է ոչնչացնեք իմ երկիրը, հորս քշեք արտասահման, քայքայեք իմ ընտանիքը: Նա ուխտ է կնքել ժողովրդի հետ, որ այդ բոլորը պահպանելու է, բայց ոչ միայն ինքն է խախտում, այլ ոստիկանին դարձնում է հանցագործ:
-Այսպես մինչեւ ե՞րբ կարող է շարունակվել:
-Այս ամենն ավարտված է արդեն: Մի քանի օրվա ընթացքում կարծում եմ` շատ բան կփոխվի: Երբ մարդն այդ հոգեվիճակում է (Սերժ Սարգսյանը), անդադար եթե դիմի դրսի երկրներին, փորձի ապացուցել, որ այստեղ գունավոր հեղափոխություն է, որպեսզի լավագույն դեպքում նրանք այդ ուժը տան կամ գոնե ինքն այդ ուժը գործադրի… Ռուսաստանյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պաշտոնյաներից մեկը նշել է, թե բացառում է, որ Ս. Սարգսյանը ուժ գործադրի: Եթե ռուսերենից թարգմանեմ, մոտավորապես այսպես է ասել. «Ես համոզված եմ, որ խելքը կհերիքի, որ ուժ չգործադրի, իսկ եթե չհերիքեց, մենք իրեն խելքի կբերենք»:
-Եվ ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ԱՄՆ-ն, Արեւմուտքը ոչ թե կոչ են անում իշխանությանը դադարեցնել հավաքները, այլ հորդորում են ուժ չկիրառել: Ինչո՞վ եք սա բացատրում:
-Կոնսենսուս գոյություն ունի աշխարհի դեստրուկցիայի դեմ պայքարող ուժերի միջեւ: Դեստրուկցիայի ուժերի գերին է հիմա Ս. Սարգսյանը: Ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի որեւէ մեկը հանցավոր հրաման այլեւս չկատարի: Այդ երեխաներին ձերբակալելն էլ այսօր հանցագործություն է, որովհետեւ նրանք փորձում են թալանը կանգնեցնել: Իսկ ինչ-որ մեկը ոստիկանին ասում է` գնա, կանգնի այդ երեխայի գլխին, որպեսզի թալանը շարունակվի: Տառացիորեն վաղը, մյուս օրը բոլորը պատասխան են տալու, դրա համար լավ է` այդ հանցավոր հրամանները չկատարեն: Ես երբ հեռուստացույցով լսում եմ, որ Ս. Սարգսյանն ասում է, թե իր դեմ 10, 20 մարդ է…ճիշտ է` համբերություն չունեմ երկար լսելու, քանի որ հնարավոր չէ դա. այդ մարդը լրիվ դուրս է իրականությունից, եւ բանականությունն էլ կարծես թողել է նրան: Այդ վիճակում նա կարող է անհեթեթ քայլերի դիմել: Բայց լավ կլիներ, որ բոլորը հասկանային, որ այսօր վիճակն այլ է, եւ ամեն երեխայի հետ մի բան պատահելն աղետ կլինի ե՛ւ երկրի, ե՛ւ իրենց համար: Կյանքն ուղղակի կվերածվի դժոխքի:
-Ասացիք, որ բոլորը պատասխան են տալու: Ս. Սարգսյանի դեպքում Դուք տեսնո՞ւմ եք դա:
-Նա արդեն ոչ մի հնարավորություն չունի կառավարելու: Նա զրկվելու է իշխանությունից:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ ՈՒՂԻՂԻՆ
«Իմ քայլը» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների երթը կաթվածահար է արել ոչ միայն գերատեսչությունների աշխատանքը, այլ նաեւ ծառայությունների եւ առեւտրի ոլորտը: Բանն այն է, որ պետական գերատեսչությունների գրեթե բոլոր աշխատակիցներն ամբողջ օրը ուղիղ եթերում հետեւում են փողոցում կատարվող իրադարձություններին: Շատերը նույնիսկ ընդմիջման դուրս չեն գալիս՝ շարունակելով հետեւել ծավալվող իրադարձություններին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում առեւտրի ոլորտի աշխատակիցները նշում էին, թե խանութներ, սուպերմարկետներ գրեթե մարդ չի այցելում, եւ առեւտուր շատ քիչ է լինում: Սակայն միեւնույն ժամանակ բոլորն էլ կողմ են փողոցում ծավալվող պայքարին եւ մեծ հույսերով սպասում են հաղթանակի:

 

 

ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԷԼ
Ցույցերն ու խցանումները չեն շրջանցում նաեւ իշխանության ներկայացուցիչներին: Բանն այն է, որ փողոցներ շրջափակելու ժամանակ մեծ խցանումներ են առաջանում, իսկ նոր՝ «Դեմ ես Սերժին, սիգնալ տուր» կարգախոսը ոգեւերել է վարորդներին, եւ գրեթե մարդ չի լինում, որ ազդանշան չի տալիս: Այսօր Աբովյան փողոցում «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ խցանումներից չի խուսափել նաեւ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը: Նա Աբովյան փողոցով իջնում էր Սերժ Սարգսյանի դեմ ազդանշաններ տվող մեքենաների ուղեկցությամբ, սակայն նա, բնականաբար, խուսափում էր Սերժին դեմ լինելուց, այլ համբերատար դիմանում էր խցանումներին:

 

 

ԱՆԳԱՄ ԳՈՐԾ ՉԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
Երեւանի Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկում ապրիլի 16-ին քաղաքացիների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով մինչ այժմ հարուցված քրեական գործ չկա: Հիշեցնենք, որ 62ss465 պետհամարանիշով «Մերսեդես G500» մակնիշի մեքենայի ուղեւորները առանձնակի դաժանությամբ, ֆիզիկական ուժ գործադրելով ծեծի ենթարկեցին երիտասարդ կանանց ու տղաներին: Ավելի ուշ պարզվել էր, որ երիտասարդներին ծեծի ենթարկողը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրն է` Գոռ Համբարձումյանը: Նույնիսկ հրապարակվել էին նրա լուսանկարները: Բայց արի ու տես, որ իշխանությունները չեն շտապում` ո՛չ քրեական գործ հարուցելու, ո՛չ էլ անգամ Համբարձումյանին հայտնաբերելու եւ հարցաքննելու համար: Այս օրերին հանձնարարական է տրվել իրավապահներին պարզել լուսանկարներում ներկայացված անձանց ինքնությունը եւ նրանց հրավիրել` բացատրություն տալու համար: Բայց սայլը տեղից չի շարժվում: Իրավապահների այս դանդաղկոտությունը, իբր դեռ Համբարձումյանին չճանաչելը, հայտնաբերել չկարողանալը պատահական չէ: Բանն այն է, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է: Այնպես որ, չենք զարմանա, եթե նրան ջրից չոր դուրս բերեն: Չէ՞ որ նման մարդիկ ունեն առանձնահատուկ անձեռնմխելիություն եւ ամեն ինչ անելու արտոնություն:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ, սակայն վերջինս հայտնեց, որ ինքը Հայաստանում չէ` չցանկանալով պատասխանել որեւէ այլ հարցի:

 

 

PR-Ի ՀԱՄԱՐ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Ինչպես եւ սպասվում էր` կառավարությունը փորձել է բոլոր ոլորտներում աճ նկարել: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 10.6 տոկոս, արդյունաբերական արտադրանքն աճել է 8.2 տոկոսով, գյուղատնտեսությունը, որ վերջին տարիներին միայն անկում էր արձանագրում՝ 2.2 տոկոս, շինարարությունը՝ 23 տոկոս: Անգամ աճել է ներքին առեւտրաշրջանառությունը՝ 12.9 տոկոսով, իսկ արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 37.4 տոկոսով: Այս ցուցանիշները, սակայն, պատահական չեն: Հունվար-մարտ ամիսներին դեռեւս Կարեն Կարապետյանի կառավարությունն էր, եւ հիմա փորձ է արվում ցույց տալու, թե նրա օրոք միմիայն զարգացում է տեղի ունեցել: Ասել է, թե այսօր արդեն ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Կարապետյանը վարչապետի պաշտոնը թողնելուց առաջ հոգացել է սեփական կառավարության PR-ը կազմակերպելու մասին եւ ցուցանիշներ նկարել:




Լրահոս