ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանն ապրում է գրեթե նույնպիսի քաղաքական ճգնաժամ, ինչպիսին 10 տարի առաջ: Իշխանության թիկունքում բազմած Սերժ Սարգսյանը կրկին փորձում է դե յուրե ձեւակերպել իր իշխանությունը, ինչին իր կտրուկ անհամաձայնությունն է հայտնում Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը: 10-ամյա տեղապտույտի բացառիկ պատասխանատուն, սակայն, իշխանությունն է, որը այս տարիների ընթացքում ոչ միայն որեւէ ընդառաջ քայլ չարեց քաղաքացիական հասարակությանը, այլեւ այսօր խորհրդարանական համակարգի անվան տակ ապահովում է մեկ անձի հավերժական իշխանավարությունը:

Հարեւան Վրաստանն ու Ուկրաինան դեռեւս 2004թ. անցել են այս շրջափուլը: Անշուշտ, այս երկու պետությունների դեպքում էլ պայքարողները վայելում էին ժողովրդավարական աշխարհի համակրանքն ու աջակցությունը: 2004թ. հանրահավաքների տարափի ներքո Ուկրաինայի Գերագույն դատարանը չեղարկեց նախագահական կեղծված ընտրությունների պաշտոնական արդյունքներն ու արտահերթ ընտրությունների ճանապարհով ապահովեց քաղհասարակության հաղթանակը: Վրաստանում 20-օրյա ցույցերը հասան իրենց գագաթնակետին այն օրը, երբ նախագահ Շեւարնաձեն բացում էր խորհրդարանի հերթական նստաշրջանը: Սաակաշվիլիի գլխավորությամբ բողոքավոր զանգվածը ներխուժեց խորհրդարան` ընդհատելով նախագահի ելույթը եւ ստիպելով վերջինիս փախչել շենքից: Շեւարնաձեն անմիջապես փորձեց հավաքել բանակն ու արտակարգ դրություն հայտարարեց: Սակայն վրացական զինված ուժերի հրամանատարները հրաժարվեցին կատարել նախագահի ապօրինի պահանջը` հայտարարելով, որ չեն կարող ներքաշվել ներքաղաքական գործընթացներում: Արդյունքում` Շեւարնաձեին այլ բան չէր մնում անելու, քան, ընդդիմադիրներից կյանքի ու անվտանգության երաշխիքներ ստանալով, հեռանալը: Թե՛ ուկրաինական, թե՛ վրացական իշխանափոխությունների դեպքում չափազանց կարեւոր էր, որ երկրի ներսում բոլոր ուժային կենտրոնները այլեւս չէին ցանկանում ապրել հին կարգերով: Զզված 15-ամյա կոռումպացված ու երրորդ աշխարհի երկրներին վայել դրությունից` անգամ ուժայինները հասկացան, թե որպիսի պատմական դերակատարություն ունեն ստանձնելու իրենց ժողովրդի ապագայի հարցում: Եվ նրանք կատարեցին այդ քայլը` բացելով իրենց հասարակությունների ապագայի դռները: Այսօր անգամ Հայաստանում են երանությամբ խոսում վրացական պետության հաջողությունների մասին: Իսկ մի՞թե այդ հաջողությունը օդից բաժին հասավ Վրաստանին, թե՞ իշխանության առանցքային անձանց պատվախնդրության ու պատասխանատվության գիտակցության արդյունքում:
Ինչպես 2008թ., այսօր կրկին հրապարակի մեծամասնությունը երիտասարդներն են, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում` ընդդեմ Սարգսյանի երրորդ ժամկետի: Ըստ այդմ, պայքարող խավը շարունակում է լինել երիտասարդությունը` ներկայիս քաղաքական եւ քաղաքացիական ճահիճը մերժելով: Հատկանշական է, որ երկու դեպքում էլ բողոքն արտահայտվում է բացառապես խաղաղ մեթոդով` ոստիկանության նկատմամբ բացառիկ հարգանքով: Քաղաքացիական անհնազանդության նույնաբնույթ գործիքակազմի օգտագործումը, սակայն, կրկին բախվում է անանցանելի փշալարերի, ոստիկանական կազմած պատերի, զինական հատուկ միջոցների կիրառությանը: Մինչդեռ այդ երիտասարդության դիմաց կանգնած իշխանությունը այսօր լիովին մոնոլիտ է: Եթե 2008թ. իշխանության գագաթին Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ ժառանգորդը` Սերժ Սարգսյանը, ապա այսօր վերջինս, իրավական լծակներ չունենալով հանդերձ, իշխանության փաստացի կրողն է: Կասկած չկա, որ ոստիկանական ամբողջ գործողությունները ղեկավարվել են Սարգսյանի կողմից, եւ հնարավոր է, որ անգամ այսօր էլ գոյություն ունի նման մի շտաբ, ինչպիսին 2008թ., որը համակարգում էր քաղաքացիների դեմ պատերազմը: Սակայն ինչպես 2008թ., այնպես էլ այսօր Սերժ Սարգսյանը կարող է ձեւացնել, թե կայացված որոշումների հետ անձամբ որեւէ կապ չունի, քանի որ իրավական առումով պատասխանատու չէ իշխանության որեւիցե գործողության համար:
Այսպիսով` Սարգսյանը կրկին հավակնում է իշխանություն ունենալ առանց դրա ստանձնման իրավական պատասխանատվության: Եթե 2008թ. հետո կարելի էր արյունահեղության մեղավոր հռչակել Քոչարյանին ու նրան, անվտանգության երաշխիքներ տալով հանդերձ, այդ շահարկմամբ դուրս թողնել քաղաքական ասպարեզից, ապա հիմա այլ վիճակ է. Սերժ Սարգսյանն ինքն իրեն է փոխանցել իշխանությունը, ավելին՝ ոստիկանությունն այլեւս հենց վարչապետին ենթակա կառույց է: Ասել է, թե հազիվ այս անգամ կարողանան մեղքը բարդել ՀՀ ոստիկանապետի վրա. նրանից վերեւ հրահանգ տվողը Սերժ Սարգսյանն է:
Բայց մյուս կողմից, նկատենք, որ Հայաստանի ոստիկանությունը եւ նրա ղեկավարը պատմական առաքելություն կարող են կատարել` հրաժարվելով բռնի ուժով ոչ լեգիտիմ իշխանության պաշտպանությունից: 2008թ. ոստիկանական ուժերն ու բանակը կատարեցին մեծագույն սխալ` ներքաշվելով քաղաքական հարցերի մեջ եւ ընտրելով Սերժ Սարգսյանի իշխանությունն ատամներով պահելու ճանապարհը: Չնայած, ըստ որոշ լուրերի, թեեւ առաջնագծում ոստիկանությունն ու բանակն էր, սակայն նրանց հետեւից արդեն ցուցարարների վրա կրակողներն ուրիշ մարդիկ էին՝ որոշ օլիգարխների թիկնազորի անդամները, նաեւ ջոկատ՝ բերված ԼՂՀ-ից: Ինչեւէ, եթե ոստիկանությունը չկանգնի հավաքված մարդկանց կողքին, ապա կստացվի՝ առաջիկա առնվազն 5 տարիները ցանկանում են ապրել նախորդ 10 տարիների պես: Հաշվի առնելով ԼՂ հարցը` արդյո՞ք Հայաստանն ունի այդ ռեսուրսը, որ եւս 5 տարի ապրի նախորդ 10 տարիների նման` թաթախված կոռուպցիայով, ապօրինություններով, հարյուր-հազարների արտագաղթով, տնտեսական հետամնացությամբ եւ այլն: Իրավիճակի ուղիղ պատասխանատուն, սակայն, շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը, որը, վերջնականպես փակելով ժողովրդավարական ճանապարհով Հայաստանում իշխանության փոփոխության հնարավորության երդիկը, Հայաստանը անշրջելի տեռորի է մատնում:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

26-ԱՄՅԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի ներկայացրել տարեկան հայտարարագիրը: Նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին անգամ չի ներկայացրել կնոջ եւ ընտանիքի մյուս անդամների հայտարարագրերը: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը նրա՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկացավ, որ ունի մեկ բնակարան, արտադրական նշանակության մեկ շինություն եւ VOLKSWAGEN PHAETON 4.2 եւ BMW X6 5.0 I մակնիշի ավտոմեքենաներ: Գորիսի քաղաքապետը հայտարարագրել է նաեւ հանձնած փոխառությունները, որը կազմել է 86 մլն 860 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ 26-ամյա քաղաքապետի դրամական միջոցները կազմում են 312.5 մլն դրամ, 420 հազար դոլար եւ 122 հազար եվրո: Պաշտոնը ստանձնելիս նրա աշխատավարձը կազմել է 1 մլն 520 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2008 թվականին հիմնադրել է «Գոր Մետալ» ընկերությունը եւ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքապետի հայրը` Գագիկ Առուշանյանը եւս գործարար է, ում պատկանում է շինանյութերի վաճառքով զբաղվող «Առանցք» ՍՊԸ-ն: Փաստորեն Առուշանյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է մեծ ունեցվածք կուտակել, բայց հիմա փորձում է թաքցնել իր ունեցվածքը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից ու հասարակությունից: Սա, թերեւս, պատահական չէ. այս տարվանից քրեականացվել է ապօրինի հարստացումը, եւ հիմա պետք է պարզել, թե Առուշանյանն ինչպե՞ս է ավելացնում իր միջոցները:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը անցած տարվա նոյեմբերի 5-ին ընտրվեց քաղաքապետ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
Ապրիլի 25-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ Արթուր Պապինյանի դատավարության առաջին նիստը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին` ժամը 21:30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքին հարակից անտառ տանող ճանապարհին ձեռքերը ոլորելու, մազերից քաշելու եղանակով բռնություն է գործադրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Մոսկվայի բնակչուհի Սոֆյա Վոսկրեսենսկայայի նկատմամբ եւ վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Ա. Պապինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով` բռնաբարության համար: Այդ հոդվածը որպես պատիժ նախատեսում է 3-6 տարի ժամկետով ազատազրկում: Ա. Պապինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Նկատի ունենալով քրեական գործի բնույթը` Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է նշված քրեական գործով դատավարությունը անցկացնել դռնփակ ռեժիմով:

 

 

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀՈՂԵՐԸ
2017թ. հունվարի 1-ի դրությամբ 887 բնակիչ ունեցող Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղն ընդհանուր առմամբ 1650 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող ունի, որից շուրջ 1500 հեկտարը սահմանամերձ, վտանգավոր գոտում գտնվելու պատճառով վազաշենցիների կողմից չի մշակվում: Մնացած 150 հեկտարից 75 հեկտարը գյուղացիների տնամերձ հողատարածքներն են, որոնք վազաշենցիները մշակում են, այդ կերպ իրենց օրվա հացի խնդիրը լուծում: Վազաշենը մոտ 60 հեկտար վարելահող ունի, որը չի մշակվում, ներկայումս ընդամենը 5 հեկտար աշնանացան ցորեն է ցանված: Խորհրդային տարիներին Վազաշենի հողատարածքները ոռոգվում էին հարեւան` Այգեհովիտ գյուղի մաս կազմող Կայանի տարածքից, Աղստեւ գետից սնուցվող ոռոգման պոմպակայանի միջոցով: 1991թ. մինչ այժմ պոմպակայանը չի գործում, Վազաշենի հողերը չեն ոռոգվում: Վազաշենից ստացված տեղեկատվությամբ` գյուղի հողերից մի քանի հարյուր հեկտարը հրադադարի հաստատումից հետո հայտնվել է գյուղի պաշտպանական դիրքերից այն կողմ: Ադրբեջանցիները Վազաշենի այդ վարելահողերը մշակում են, այնտեղ ցորեն եւ գարի ցանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս