ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ` ԵՐԿՈՒ ԱՄՍԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը կրկին վարչապետ չունի: Ապրիլի 23-ից Կարեն Կարապետյանը կրկին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն է՝ ինչպես ապրիլի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածում: Սակայն ի տարբերություն այդ ժամանակների` այժմ նոր իրականություն է, եւ Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ լուրջ իրադարձություններ են սպասվում:

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Սա Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի չորս կետերից առաջինն էր: Եվ չնայած մինչ նախօրեին հանրապետականներն անտրամաբանական էին համարում այդ կետերի կատարումը` ասելով, թե արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն, սակայն եղավ այն, ինչ եղավ, եւ փաստորեն առաջին կետը կատարված է: Նիկոլ Փաշինյանի չորս կետերն էին.
1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից
2. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին
3. Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն
4. Հայաստանի օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին:
«Երբ ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն` Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- մանրամասնել էր Փաշինյանը: Այսօր Կարեն Կարապետյանի հետ նա քննարկելու է հենց այս կետերը: Ընդ որում, նա նաեւ նախապայման է ասել, որ տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որեւէ մեկի կողմից կասկածելի պիտի չլինեն, դա պետք է լինի 100 տոկոսով մաքուր ու ազատ ընտրություն:
Սա Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզն է, սակայն Սահմանադրությունն այլ ուղի եւս սահմանում է, եւ չի բացառվում, որ իշխանության ներկայացուցիչները փորձեն սակարկել կետերը: Բանն այն է, որ հրապարակում հավաքված ժողովուրդը վարչապետի պաշտոնում այժմ էլ տեսնում է Նիկոլ Փաշինյանին, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես ՀՀԿ-ականները կքվեարկեն նրա օգտին: Սակայն այս ամենից խուսափելու տարբերակ այժմյան իշխանություններն ունեն:
Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն` 7 օրյա ժամկետում, այսինքն` մինչեւ ապրիլի 30-ը, Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Իսկ Ազգային ժողովը վարչապետին ընտրում է բաց՝ անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ նշանակվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, ձեւավորվում է կառավարությունը: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա դրա համար անհրաժեշտ է, որ , օրինակ, խորհրդարանը սահմանված ժամկետում երկու անգամ չընտրի վարչապետ կամ հավանություն չտա կառավարության ծրագրին: Երկու դեպքում էլ խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով:
Կառավարության հրաժարականի հարցն ավելի հեշտ է, կամ պարզապես դրվում է այդ հարցը վարչապետի հրաժարականով, կամ էլ ԱԺ-ի կողմից ծրագրին հավանություն չտալը հանգեցնում է նաեւ կառավարության հրաժարականին: Սակայն այս բոլոր դրույթները կաշխատեն, եթե լինի քաղաքական պայմանավորվածություն, եւ խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժը որոշի ընդառաջ գնալ Նիկոլ Փաշինյանի առաջադրած պայմաններին:
Սահմանադրության համաձայն` առաջին անգամ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Այսինքն` Կարեն Կարապետյանը որպես այլընտրանք Նիկոլ Փաշինյանին կարող է առաջարկել, որպեսզի այսկերպ հասնեն խորհրդարանի լուծարմանը, այլ ոչ թե ընդդիմադիր պատգամավորի ծրագրով: Ի վերջո, ՀՀԿ-ականների համար ստորացուցիչ կլինի գալ խորհրդարան եւ անվանական՝ բաց քվեարկությամբ վարչապետ ընտրել Փաշինյանին, ում ընդամենը տասը օր առաջ ոչ միայն լուրջ չէին վերաբերվում, այլ հումորներ անում նրա՝ «Իմ քայլը» ակցիայի շուրջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` իշխանությունները հենց այս տարբերակն են պնդելու, համոզելու, որ ԱԺ-ն արձակվի, եւ արտահերթ ընտրություններ տեղի ունենան երկու անգամ վարչապետ չընտրելուց հետո, այսինքն` առանց ընդդիմությանը իշխանական լծակ տալու:
Այժմ Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին վերապահված է ոչ միայն բանակցել Կարապետյանի հետ, այլ լուրջ աշխատանք տանել ապագայի հետ կապված: Եթե իշխանությունների սցենարով ընթանա` արտահերթ ընտրություններ անցկացնել առանց ժողովրդի թեկնածուին, տվյալ դեպքում` Փաշինյանին, վարչապետ ընտրելու, ապա ՀՀԿ-ն, դեռ ունենալով իշխանություն, ունենալով վարչական ռեսուրսներ, կփորձի իր համար «տոկոս խփել»: Ի վերջո, ՀՀԿ-ականներն ամենալավն են ընտրությունները կեղծելու առումով, եւ եթե բանակցությունների արդյունքում որոշվի առաջ գնալ վարչապետ չընտրելու տարբերակով, ստացվում է՝ վերահսկողություն կրկին չի լինելու, եւ հանրապետականները կարող են ինչ-որ տեղ օգտագործել իրենց լծակները եւ եթե ոչ մեծամասնություն կազմել, ապա առնվազն ունենալ այնպիսի իրավիճակ, երբ նրանց հետ ստիպված լինեն կոալիցիա կազմել` իշխանությունից որոշակի բաժին հանելով:
Հենց դա էլ շատ լավ հասկանում է Փաշինյանը եւ այդ պատճառով է ցանկանում ամեն կերպ ժամանակավոր կառավարություն ձեւավորել եւ վարչապետ ընտրել ժողովրդի կողմից ընտրված թեկնածուին, որպեսզի ընտրություններին վերահսկողություն լինի: Ի վերջո, հենց արտահերթ ընտրություններից է կախված՝ ով կլինի իշխանություն եւ ով` ընդդիմություն: Ընդ որում, շատ կարեւոր է նաեւ այն հարցը, թե ինչ թիմով է ներկայանում Փաշինյանը. այս օրերին շատերը կփորձեն նրա կողքին լինել, հարաբերություններ հաստատել:
Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն` նոր վարչապետի ընտրությունը պետք է կայանա հրաժարականից 7 օր անց: Եվ քանի որ ապրիլի 30-ը եւ մայիսի 1-ը ոչ աշխատանքային օրեր են, ապա ստացվում է՝ վարչապետի ընտրությունը կկայանա մայիսի 2-ին: Ընդ որում, այդ օրն արդեն մեկնարկելու էր նաեւ ԱԺ քառօրյան: Եթե այդ օրը վարչապետ չընտրվի, մյուս ընտրությունը կկայանա մայիսի 11-ին՝ երկուշաբթի, քանի որ մայիսի 9-ը ոչ աշխատանքային է: Իսկ եթե ընտրվեց, ապա 20 օր հետո՝ մայիսի 22-ին, ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին: Փաշինյանի ծրագրի համաձայն` դա չի կայանա, եւ արտահերթ ընտրություններ կլինեն:
Իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն էլ անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Այսինքն` կարելի է ասել, որ երկու ամիս անց` մինչեւ հունիսի վերջ, պարզ կլինի, թե ով կլինի իշխանություն, ով` ընդդիմություն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿՍԱԼԱՊԱՏԵ՞Ն
2018թ. ապրիլի 12-ին ադրբեջանական զինուժը Բաղանիս գյուղի տարածքում` Ոսկեպար-Բաղանիս սահմանագոտով ձգվող ճանապարհին, գնդակոծել է «Սպայկա» ընկերության բեռնատարը: Վարորդը չէր տուժել, միայն մեքենան էր վնասվել: 2015թ. նոյեմբերի 5-ին նույն տեղում ադրբեջանական գնդակոծությունից վնասվեց ռուսական մեծ բեռնատար: Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի դեմ-դիմաց, Ջողազի ափին, ադրբեջանցիները Ղազախի շրջանի սահմանամերձ Մազամ գյուղի մուտքին, Մազամ եւ Ղուշչի-Այրում գյուղեր տանող ավտոճանապարհին 2015թ. քարե երկար պատ են կառուցել: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս հիմնական ճանապարհի մի հատված գտնվում է սահմանի անմիջական հարեւանությամբ` ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց: Այդ տեղանքում ադրբեջանական հենակետերը շատ մոտ են մեր պաշտպանական դիրքերին եւ միջպետական ավտոճանապարհին: Ճանապարհի տվյալ հատվածը պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական զինուժի կողմից:
Միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը ադրբեջանական հենակետերի կրակից, ազերի զինյալների տեսանելիությունից պաշտպանելու համար հարկավոր է արագ աճող բարդիներ տնկել, ճանապարհի եզրին քարաբեկորներից պատ շարել կամ հողի, խճի կույտերից թմբեր կառուցել: 1990-ականներին նշված հատվածում հողի թմբեր էին սարքված: Բարդիների տնկումը, պաշտպանիչ պատի կամ թմբերի կառուցումը հարկ է անել մառախլապատ օրերին, երբ ճանապարհին աշխատողները տեսանելի չեն լինի դեմ-դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերից: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ասել է. «Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վտանգավոր տեղամասերը ուսումնասիրվել են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ համապատասխան նախագծային կազմակերպությունների կողմից: 2017թ. պետական բյուջեի միջոցներով կամ այլ ծրագրերով Մ16-Բաղանիս-Մ-16 միջպետական նշանակության Ոսկեպար-Բաղանիս հատվածում անվտանգության ապահովման միջոցառումների (հենապատի, գաբիոնի, վտանգավոր հատվածների քողարկման տարրերի տեղադրում, այլընտրանքային ճանապարհահատվածների կառուցում) իրականացում մարզպետարանի ունեցած տեղեկատվությամբ նախատեսված չէ»: 2015թ. դեկտեմբերի 31-ին Ս. Սարգսյանը տարեմուտի առթիվ այցելել էր Տավուշի Բերդավան գյուղի մարտական դիրքեր: Այդ ժամանակ Ս. Սարգսյանի անվտանգությունն ապահովելու համար մարզպետ Հովիկ Աբովյանը Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհին` Բաղանիս գյուղի վարչական տարածքում, ֆելզիտե մեծ քարե սալիկներ է տեղադրել: Դրանք շրջանցիկ ավտոճանապարհը պաշտպանում են ադրբեջանական հենակետերի գնդակոծությունից: Իսկ սահմանագոտով ձգվող հիմնական ավտոճանապարհը ադրբեջանական գնդակոծության համար խոցելի է: Սահմանագոտու վտանգավոր հատվածում երթեւեկի անվտանգության ապահովման համար ե՞րբ միջոցներ կձեռնարկվեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչները պատմում էին, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքների, երթերի պատճառով մի քանի օր Մասիս-Երեւան երթուղին չի աշխատել: «Թեեւ ճանապարհները բաց էին, բայց չնայած սրան` Մասիս-Երեւան երթուղու վարորդները հրաժարվել են քաղաքացիներին տեղափոխել իրենց ուզած վայրը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց այդ երթուղուց օգտվող քաղաքացիներից մեկը: Արդյունքում քաղաքացիները ստիպված են եղել տաքսիով գնալ աշխատանքի կամ դասի: Մասիսի բնակիչների խոսքերով` Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով այս օրերին գտնվում է արձակուրդում, վարորդներին հրահանգել է ուղեւորափոխադրումներ չիրականացնել: Իր այս հրահանգը քաղաքապետը պատճառաբանել է հետեւյալ կերպ. «Պետք չէ մարդիկ գնան-գան Երեւան եւ մասնակցեն ցույցերին»: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել քաղաքապետի հետ, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը:




Լրահոս