«ՍԱ ԴԵՌ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դերասանուհի, բեմադրիչ Լալա Մնացականյանի հետ զրուցել է Սերժ Սարգսյանի հրաժարականի, ժողովրդական հաղթանակի եւ մեր հետագա անելիքների մասին: Նա շեշտել է, որ հաղթանակը տոնելուց հետո շատ կարեւոր է սթափ ուղեղով որոշումներ կայացնելն ու երկրի ղեկը արժանի մարդկանց ձեռքը հանձնելը: Դերասանուհու համոզմամբ՝ բոլոր դեպքերում ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր ղեկավարներին:

-Տիկի՛ն Մնացականյան, նախօրեին հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: Սա, միանշանակ, ժողովրդական հաղթանակ էր, համախմբված պայքարի արդյունք: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րը պետք է լինի ժողովրդի հաջորդ քայլը:
-1988 թվականից հետո մենք այսպիսի ժողովրդական հաղթանակ չենք ունեցել: Երեսուն տարի մենք գնացել ենք այս ինստիտուտի դեմ: Բայց սա դեռ հաղթանակի առաջին քայլն է, մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու: Մեր հաջորդ քայլերը պետք է անենք սթափ ուղեղով: Ես, իհարկե, քաղաքական գործիչ չեմ եւ չեմ կարողանա քայլերի ճիշտ հերթականություն նախանշել, բայց կարող եմ ասել, որ ուշիմությունը կորցնել պետք չէ: Մենք պետք է քանդենք նախկին վարչապետի բերած ինստիտուտը, պետք է հրաժարվենք այն նախագահից, որին բերել ու փաթաթել են մեր վզին: Կարծում եմ՝ մեզ դեռ վաղ է անցում կատարել պառլամենտական կառավարման համակարգի: Մենք կարող ենք նախագահական սիստեմը պահպանել եւ մեզ նախագահ ընտրել: Նույնիսկ եթե այդ համակարգով չառաջնորդվենք, բոլոր դեպքերում ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր ղեկավարներին: Արդեն հաջորդ քայլն այն պետք է լինի, որ բոլոր օլիգարխներին, որոնք տզրուկի նման կերել են մեզ, ստիպենք հատուցել, հրաժարվել իրենց հարստություններից եւ հանձնել դրանք ժողովրդին, իսկ հետո արդեն ռադ լինել: Նրանց կատարած բոլոր անօրինությունները պետք է բացահայտվեն: Սկսելու ենք հետաքննական մի գործընթաց՝ բացահայտելով բոլոր անօրինությունները: Դրանից հետո արդեն համապատասխան մարդիկ պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Մեր երկիրը մեր սեփականությունն է, ղեկը ժողովրդի ձեռքում է:
-Այսինքն՝ այն նույն համախմբվածությունը, որ կար շարժման ընթացքում, պետք է, որ պահպանվի նաեւ երկիր կառուցելու պրոցեսում:
-Այո, պետք է համախմբվեն բանիմաց, գիտակ, հայրենասեր մարդիկ: Չէ՞ որ մենք այնքան փոքր ժողովուրդ ենք, որ շատ լավ գիտենք՝ ով ով է: Նորություն չի՝ ով ինչքան է ծախվել: Մնացել ենք մի տուն՝ մի քանի հոգով: Այն մարդիկ, որոնք իսկապես ապրում են հայրենիքի ցավով, տարիներ շարունակ եղել են ժողովրդի կողքին, պարզապես նրանց ձայնը լսելի չի եղել, պետք է կանգնեն ու խոսք ասեն, հետագա անելիքների ծրագիր ներկայացնեն:
-Հիմա կգտնվե՞ն մարդիկ, որոնք թերահավատություն կհայտնեն հաջորդ ղեկավարների արդարացի ընտրության առնչությամբ:
-Այ մարդ, հո անընդհատ այդպես չի՞ լինելու: Ինչքա՞ն կարելի է վախենալ: Կարելի է եւ հնարավոր է ձեւավորել այնպիսի իշխանություն, որով կհպարտանանք: Հնարավոր է չթողնել ուրիշ երկրների` այս աստիճան միջամտությունը մեր ընտանիք՝ մեր երկիր: Ես միայն դեմ եմ չարախնդորեն ուրախանալուն, որովհետեւ անելիք ունենք: Այս մի քայլը, այո, արեցինք, ավարտեցինք: Պետք է, էլի եմ ասում, մտածված առաջ գնանք: Մենք այնքան տաղանդավոր ժողովուրդ ենք, որ եթե բանիմաց մարդիկ ոտքի կանգնեն, մեկ տարվա ընթացքում երկիրը կսարքեն դրախտավայր: Մեզ ընդամենը մեկ տարի է պետք, եթե իշխանության գլուխ գան բանիմաց, հայրենիքը սիրող մարդիկ: Մեկ տարի հետո մենք կապրենք դրախտավայր երկրում:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԵՐԹ ԵՂԱՎ ԴԵՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Հայաստանում տեղի ունեցած թավշա հեղափոխությանը վերջին տասը օրերին իրենց աջակցությունն էին հայտնել մի շարք արվեստագետներ՝ հրաժարվելով իրենց կոչումներից, Սերժ Սարգսյանի շնորհած մեդալներից: Շարժմանը մասնակցում էին նաեւ մի շարք շոուբիզնեսիցներ, այդ թվում՝ դերասաններ Հայկ Մարությանը, Հովհաննես Ազոյանը, Գարիկ Պապոյանը, Սոս Ջանիբեկյանը, Նիկոլայ Եղիազարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նիկոլայ Եղիազարյանը նշեց, որ գուցե կային այնպիսիք, որոնք վախեցան աշխատանք կորցնել, չարտահայտեցին իրենց բողոքը, բայց իրենք նպատակահարմար գտան լինել ժողովրդի կողքին. «Մենք ծափահարություններն ու ջերմությունը ժողովրդից ենք ստացել, ուստի պարտավոր էինք լինել նրա կողքին, լինել միասնական, այլ տարբերակ չէր կարող լինել: Ինձ շատ էր ոգեւորել մարդկանց ջիգյարը, հոգին, մարդկանց դեմքերին ժպիտ է հայտնվել, հենց դա էր մեզ պակասում»,-ասաց դերասանը:
Նրա խոսքով՝ մեզ մնում է այսուհետ եւս լինել նույնքան միասնական, որքան վերջին տասը օրերին էինք. «Մենք պետք է հավատանք մեր հավատին, չբաժանվենք, տարակարծությունների չտրվենք: Համոզված եմ, որ այդ համախմբվածությունը շարունակելու է իշխել»,-մեկնաբանեց Նիկոլայ Եղիազարյանը:
Հատկանշական է, որ այս իրադարձությունները համընկան ապրիլի 24-ի հետ: Դերասանի համոզմամբ՝ մենք չպետք է մոռանանք հետ նայել, դասեր քաղել անցյալից եւ շարժվել առաջ. «Սա այն ժողովուրդն է, որը պայքարել է իր արժեքների համար, սա այն երիտասարդությունն է, որ պետք է լինի միասնական: Ամեն տարի ժողովուրդը գնացել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին, բայց այս տարվա երթը եղավ հաղթանակած երթ դեպի Ծիծեռնակաբերդ: Մեր նախնիների մոտ ենք գնալու ժպիտով, հպարտությամբ, արդեն մարդիկ իրար այլ կերպ են բարեւում: Մեր երկրում իրականություն է փոխվել»,-եզրափակեց Նիկոլայը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԿԱՊ ԿՀԱՍՏԱՏԻ
Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յաննե Անդերսոնը մեկնաբանել է «Լոս Անջելես Գելեքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի` հավաքական հնարավոր վերադարձի մասին տեղեկությունը: «Նա կարող է դա անել: Եթե փոխի իր որոշումը, կապ հաստատի ինձ հետ եւ ասի` այո՛, ես ցանկանում եմ լինել հավաքականի մի մասը, այդ ժամանակ մենք կնստենք, կքննարկենք: Կքննարկենք, թե ինչ է դա նշանակում թիմի համար, ինչպես ենք մենք խաղում այս պահին եւ ինչպես հետագայում: Բայց հիմա ես միայն շշուկներ եմ լսում մամուլում: Չգիտեմ` արդյո՞ք նա թիմում կներգրավվի, թե՞ ոչ, բայց ես այդ մասին չեմ էլ մտածում: Ուշադրություն եմ դարձնում միայն այն ամենին, ինչ տեղի է ունենում:
Եթե ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ հավաքականում, նա պետք է կապ հաստատի ինձ հետ. ամեն ինչ պարզ է: Դեռեւս ո՛չ Իբրահիմովիչը, ո՛չ այլ խաղացողներ, ովքեր ավարտել են միջազգային կարիերան, դա չեն արել»,-ասել է Անդերսոնը:

 

 

ԻՐԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ղազախ Գենադի Գոլովկինը եւ ամերիկահայ Վանես Մարտիրոսյանն անցկացրել են բաց մարզում: Մարզումից հետո տեղի է ունեցել նրանց առաջին հայացքների մենամարտը: 36-ամյա Գոլովկինը նաեւ խոսել է Վանես Մարտիրոսյանի մասին: «Նա իրական մրցակից է: Ես շատ ուրախ եմ, որ վերջապես ունեմ մրցակից: Նա շատ բարդ մրցակից է»:
Հիշեցնենք, որ Գոլովկինի եւ Մարտիրոսյանի միջեւ մենամարտը տեղի կունենա մայիսի 5-ին Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող StubHub Center մարզապալատում: Նշենք, որ ամերիկահայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թվականի մայիսին:

 

 

ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ
Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման 91-րդ արարողությունը տեղի կունենա 2019 թվականի փետրվարի 24-ին Լոս Անջելեսի Dolby Theater-ում:
«Օսկար»-ի սեզոնը կբացվի նոյեմբերի 18-ին, երբ ամերիկյան կինոակադեմիան բաժանի ամենամյա նահանգապետերի մրցանակները: Մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն հունվարի 22-ին, իսկ փետրվարի 4-ին նրանց համար ավանդական լանչ կկազմակերպվի: Փետրվարի 19-ին տեղի կունենա վերջնական քվեարկությունը մրցանակի հավակնորդների վերաբերյալ, եւ արդեն փետրվարի 24-ին արարողությունը կհեռարձակվի ABC հեռուստաալիքով:
Հիշեցնենք, որ այս տարի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մարտի 4-ին:




Լրահոս