ՀՀԿ-Ի ՎԵՐՋԻՆ ՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն իշխանությունից հեռանալուց առաջ վերջին վատությունն է անում հայ ժողովրդին` փորձելով վարկաբեկել համաժողովրդական շարժումը: Թվում էր` ապրիլի 23-ին վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականով Հայաստանում թավշյա հեղափոխությունն այլեւս իրողություն էր, ու դրան պետք է հետեւեր իշխանության սահուն փոխանցումը: Սակայն նախօրեի գիշերը ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը հրաժարվեց իշխանության սահուն փոխանցման նպատակով Նիկոլ Փաշինյանի հետ ծրագրված հանդիպումից` հասկացնելով, որ ՀՀԿ-ն մտադիր չէ լքել իշխանությունը եւ լծակներն օգտագործելու է ԱԺ ընտրություններում: Սրա արդյունքում երեկ ողջ Հայաստանում բողոքի ցույցերը նոր թափ ստացան. հասարակությունն այլեւս ոտքի կանգնեց անվերապահորեն մերժելու ՀՀԿ-ին` պահանջելով այդ կուսակցության անվերապահ կապիտուլյացիան:
Միայն թե իշխանությունների վախճանը վերակենդանացրեց քաղաքական դիակներին. կուսակցությունները, որոնց անունը մարդիկ վաղուց էին մոռացել կամ օգտագործում էին որպես վիրավորական պիտակ, ՀՀԿ պարտությունը տեսնելով` երեկվանից հայտարարեցին համաժողովրդական շարժմանը միանալու մասին: Միացել են ԲՀԿ պատգամավորները, որոնք ընդամենը օրեր առաջ կողմ էին քվեարկել Սերժ Սարգսյանին կամ վախից փախել էին ԱԺ-ից: Կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարեց ՀՅԴ-ն: Բայց որ ամենանողկալին է` համաժողովրդական շարժմանը ողջունել կամ դրան միանալու մասին հայտարարել է Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը, մինչդեռ այս կուսակցությունը մշտապես հայտնի է ճամբարափոխությամբ, մարդ-կուսակցություններ` Լյուդմիլա Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Վարդան Օսկանյանը, Էդմոն Մարուքյանը: Շարժմանն անուղղակի ռեւերանսներ են արել տարբեր ՀՀԿ-ականներ, որոնք ոչ վաղ անցյալում ընտրություն էին կեղծում: Ցանկը կարելի է երկար, շատ երկար շարունակել: Հիմա համաժողովրդական շարժումը վարկաբեկելու ավելի լավ տարբերակ դժվար էր մտածել:
Ու հիմա, նկատենք, Նիկոլ Փաշինյանի առաջին գործը պետք է լինի երիտասարդների պայքարի արդյունքում հաջողված շարժումը նման տարրերից զերծ պահելը, այլապես նոր իշխանությունը կարելի է համարել վարկաբեկված:

 

 

 

Իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո ՀՀԿ-ն որբացել է ու սկսել է քանդվել: Ավելին՝ ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության միջեւ երեկ ողջ օրը առճակատում է եղել. Կարապետյանը ցանկացել է, որ ՀՀԿ-ն իրեն առաջադրի վարչապետ, որպեսզի որոշ ժամանակ էլ ունենա լիազորություններ: Սակայն այս ամենը նա ոչ թե ՀՀԿ-ականներին անձամբ է ասել, այլ միջնորդավորված, ավելին՝ Կարապետյանը որոշել է ՀՀԿ անունից միանձնյա որոշումներ կայացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խմբակցությունում մի մասը դեմ է եղել Կարապետյանի վարչապետությանը: Ավելին` երեկ ՀՀԿ-ականները ցանկացել են Կարապետյանին հրավիրել խորհրդարան, հանդիպել նրա հետ, բայց նրան գտնել չի հաջողվել: ՀՀԿ-ականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը Կարապետյանից: Ավելի ուշ Սերժ Սարգսյանն է հանդիպել կուսակիցների հետ. բացի այն, որ նա հայտարարել է ՀՀԿ նախագահի պաշտոնը թողնելու մասին, նաեւ ակնարկել է ՀՀԿ-ի` «այժմյանից տարբերվող դերակատարության մասին». ոմանք ենթադրում են, որ ՀՀԿ-ն ընդդիմություն է դառնում:

 

 

 

Այս օրերին դատական համակարգում դատավորներից մի քանիսը սկսել են հերթով «հիվանդանալ»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից ոմանք տեղեկանք են ներկայացնում առ այն, որ առողջական խնդիրների պատճառով չեն կարող ներկայանալ դատարան: Միայն թե համառ կասկածներ կան, որ նրանք այդպես են վարվում այս օրերին անցկացվող հանրահավաքների եւ սպասվող իշխանափոխության պատճառով, առավել եւս, երբ դատական համակարգը մասամբ պարալիզացվել է, եւ դատական նիստեր տեղի չեն ունենում: Մեզ հասած տեղեկություններով` նման տեղեկանք ներկայացրած դատավորները Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից են՝ Դավիթ Գրիգորյանը, Վարդան Գրիգորյանը, Արմեն Վարդապետյանը, Մարինե Մելքոնյանը: Չնայած «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանցից Մելքոնյանն ու Գրիգորյանը պնդում էին, թե իսկապես հիվանդ են, ստացիոնար բուժում են ստացել կամ ստանում են:

 

 

 

Ինչպես փաստում են ՀՀ վերահսկիչ պալատի բացահայտումները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերջին երկու տարիներին անխնա զբաղվել է պետական միջոցները վատնելով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016-2017թթ. սերմեր գնելիս նախարարությունը շուկան չի ուսումնասիրել, ինչպես նաեւ նախահաշիվային գին չի կազմել, արդյունքում պայմանագրով փաստացի վճարված գումարի եւ շուկայական գնի մեջ եղել է մեծ տարբերություն: Պարզվել է նաեւ՝ տեղական արտադրողի առաջարկած վաճառքի գները զգալիորեն ցածր են եղել ՌԴ-ից ձեռք բերված սերմացուների գներից: Ընդ որում, պետության կողմից 2017 թվականին ՌԴ-ից ձեռք բերված ապրանքների 49.5 տոկոսը սուբսիդավորումից հետո սերմացուի 55.9 տոկոսը չի իրացվել: Թունաքիմիկատների գնման գործընթացում եւս չի խնայել պետական միջոցները` նախընտրելով թանկը, մինչդեռ կարելի էր 2.9 մլն դրամ տնտեսել եւ այսպես շարունակ: Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարն է Իգնատի Առաքելյանը, որը Կարեն Կարապետյանի թիմի անդամներից է:

 

 

ՏԵՍԱ՞Ր, ԻՆՉ ԵՂԱՎ
Վերջին օրերի ներքաղաքական բուռն իրադարձություններից կարելի է մի քանի եզրահանգում անել:
ՀՀԿ-ն, որ իշխանության մեջ էր դեռ 1995 թվականից, իսկ արդեն 1998թ. ներպալատական հեղաշրջման արդյունքում հայտնվեց իշխանության գլուխ, չդիմացավ առաջին իսկ փորձությանը: Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց` հեռանալով իշխանությունից, այս կուսակցությունն ուղղակի սկսեց փլուզվել, իսկ առաջիկա օրերին միգուցե ականատես լինենք ՀՀԿ-ի՝ ոչ միայն իշխանությունից, այլեւ քաղաքական թատերաբեմից հեռանալուն: Այնինչ` դեռ մի քանի օր առաջ ՀՀԿ-ականները պնդում էին, թե իրենց թիմը կուռ է, իշխանությունն էլ ժողովրդի կողմից ընտրված, հետեւաբար մի քանի դժգոհողների պատճառով չեն գնա հրաժարականի: Տեսանք՝ ինչ եղավ:
ՀՅԴ-ն երեկ պաշտոնապես ապահարզան հայտարարեց կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՀԿ-ին: Հայտարարության մեջ մատնանշելով «ժողովրդային շարժման» արդյունքում ստեղծված իրավիճակը, որ լարվածության մեջ է պահում հասարակությանը, ՀՅԴ-ն նշել է. «Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին»:
Թեեւ դեռ նախորդ տարի ստորագրված կոալիցիոն հուշագրով ՀՀԿ- ու ՀՅԴ-ն համաձայնել էին ստանձնել ողջ իշխանության պատասխանատվությունը, բայց ՀՅԴ-ն հիմա հրաժարվում է պատասխանատվությունից` գերադասելով օր առաջ լքել խորտակվող նավը` կոալիցիոն գործընկերոջը թողնելով միայնակ:
ՀՀ-ում այսօր ըստ էության ստեղծվել է անիշխանություն. փաստացի պետական կառավարման լծակները դեռ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ձեռքում են, բայց նրանք իսպառ կորցրել են վերահսկողությունը: Այս առումով վերջին ակորդը եղավ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի նախօրեի որոշումը, երբ փորձեց հնարամիտ գտնվել ու պնդել իր անձնական իշխանությունը պահպանելու անհրաժեշտությունը` սակայն օգնություն հայցելով ոչ թե կուսակից ՀՀԿ-ականներից, այլ որոշ գործարարներից: Արդյունքը եղավ այն, որ Կարապետյանը քաղաքականապես ոչնչացավ. նրա դեմ դուրս եկավ ե՛ւ հասարակությունը, ե՛ւ ՀՀԿ-ն: Ու հիմա նա ընդհանրապես կորցրել է վերահսկողությունը իշխանության եւ պետական կառույցների նկատմամբ` ստեղծելով քաոս: Սթափ գտնվելու դեպքում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պետք է գնային իշխանությունն արագ, անցնցում հանձնելու ճանապարհով, այլ ոչ թե տուրք տային անհագ իշխանամոլությանն ու հայտնվեին իրենց իսկ փորած փոսում:




Լրահոս