ԳԻՏԱԿՑՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին Հայաստանում կատարվող քաղաքական կարեւոր իրադարձությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինի հետ:

-Պարո՛ն Էսկին, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները: Դա, ըստ Ձեզ, հեղափոխությո՞ւն է, թե՞ դեռեւս ոչ:
-Որեւէ այլ երկիր իրավունք չունի խառնվել այլ երկրի` այս դեպքում Հայաստանի ներքին գործընթացներին, մանավանդ որ խոսքը գնում է հինավուրց ժողովրդի մասին` հազարամյա ավանդույթներ ունեցող, մեծագույն մշակույթով: Ամեն դեպքում, կարող ենք ասել, որ հայերը քաղաքական բարձր կուլտուրա դրսեւորեցին, գործը չհասավ արյունահեղության, բողոքի ցույցերն անցկացվում էին քաղաքակիրթ աշխարհում ընդունված կանոնների շրջանակում: Եվ սա օրինակ է մյուսներին, թե ինչպես պետք է զսպվածություն դրսեւորել: Խոսքը չի գնում հեղափոխության մասին, սա կոչվում է մասսայական անհնազանդություն, որին իշխանություններն ականջալուր եղան: Եվ Հայաստանի օրինակով շատերը կարող են սովորել` ինչպես պետք է բարձր քաղաքական կուլտուրա դրսեւորել:
-Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ իշխանություններն ավելի բիրտ մեթոդների ճանապարհով չգնացին:
-Կարծում եմ` իշխանությունը հասկանում էր, որ ցանկացած արյունահեղություն հայկական պետության եւ հայ ժողովրդի շահերից չի բխում: Եվ գրագետ մարդկանց պահանջները լսվեցին: Հետագայում կարելի է քննադատել, վերլուծել, բայց գլխավորն այն է, որ ինչպես ասացի` Հայաստանը, ընդհանուր առմամբ, բարձր քաղաքական կուլտուրա դրսեւորեց:
-Ամեն դեպքում, որոշ երկրներ, հատկապես Ռուսաստանը, ԱՄՆ-ն, կարող էին ինչ-որ բան անել: Ըստ Ձեզ` ինչո՞ւ այդ երկրները որեւէ քայլ չիրականացրին` Ս. Սարգսյանին աջակցելու համար:
-Ե՛վ այնտեղ, ե՛ւ այնտեղ գիտակցում էին, որ դա Հայաստանի ներքին գործն է եւ չպետք է ոչ ոքի վերաբերի: Եվ մենք չենք կանխատեսում արտաքին քաղաքական կուրսում որեւէ փոփոխություն: Դրա մասին խոսք էլ չի գնացել: Խոսքը գնում է Հայաստանի քաղաքացիների դժգոհության մասին` կապված տնտեսության, երկրի զարգացման մեթոդների հետ: Մեկ տարի առաջ Հայաստանում եղած բողոքի ցույցերի ժամանակ մարդիկ դժգոհություն էին հայտնում` կապված Ռուսաստանի քաղաքականության հետ: Բայց այս անգամ դա չկար: Սա զուտ պետության ներքին գործն է:
-Դուք չե՞ք կիսում այն տեսակետը, որ այլ երկրներ ինչ-որ ձեւով աջակցել են Նիկոլ Փաշինյանին` այս ամբողջ գործընթացն իրագործելու հարցում:
-Որեւէ հիմք կամ փաստ չկա` այդպես կարծելու:
-Իսկ այժմ իշխանությունն ի՞նչ պետք է անի` հեռանա՞, թե՞ շարունակի մնալ քաղաքական դաշտում:
-Ես իրավունք չունեմ որեւէ խորհուրդ տալու: Միայն մի բան կարող եմ ասել. մարդիկ բարձր քաղաքական գիտակցությամբ հանդես եկան: Իշխանությունն ընդառաջ գնաց նրանց պահանջին: Մնացածը Հայաստանի գործն է: Իսկ մեր գործը Հայաստանին ընկերության ձեռք մեկնելն է, շեշտել Իսրայել պետության ցանկությունն ու պատրաստակամությունը` լավացնելու երկկողմ հարաբերությունները: Այս մասին մենք կարող ենք խոսել:
-Այս պարագայում Իսրայելը, ԱՄՆ-ն պատրա՞ստ են համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ:
-Կարծում եմ` Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի, Իսրայելի հետաքրքրության մակարդակը կբարձրանա` պայմանավորված Իրանի հետ հնարավոր կոնֆլիկտով: Օրինակ` Ադրբեջանը մեծ օգուտ քաղեց այն հանգամանքից, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հետաքրքրություն ունեին այդ ռեգիոնում: Կարծում եմ` Հայաստանն էլ դրանից կարող է իր համար օգուտ քաղել:
-Իսկ ղարաբաղյան խնդրի վրա Հայաստանում կատարվող վերջին իրադարձությունները կարո՞ղ են ինչ-որ ձեւով ազդեցություն ունենալ:
-Ես կարծում եմ` այս պայմաններում ամենակարեւոր հանգամանքը աշխարհի հայությանը Հայաստան բերելն է: Վերջին 30 տարում Հայաստանը կորցրել է բնակչության կեսին: Համեմատական կարգով ասեմ, որ Իսրայելը վերջին 70 տարում բնակչությունն ավելացրել է գրեթե 12 անգամ: Հայաստանը պետք է զբաղվի սեփական պետության ամրացմամբ, սփյուռքի ներգրավմամբ: Դա է առաջնահերթ խնդիրը, եւ եթե դա հաջողվի անել, ապա Ղարաբաղի խնդիրն ինքն իրեն կկարգավորվի: Պետք է ներգրավել սփյուռքին, որպեսզի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հայերը տեղափոխվեն ապրելու Հայաստանում: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, սովորեցնել մարդկանց հայոց լեզուն, պետք է հետեւողական նման քաղաքականություն վարել: Սակայն դեռեւս հակառակ միտումն է: Եվ եթե այսպես շարունակվի, պարզ է, որ Հայաստանը կկորցնի ոչ միայն Ղարաբաղը, այլեւ ամեն ինչ: Եթե առաջիկա 10 տարիներին 3 մլն հայ վերադառնա Հայաստան, Ղարաբաղի խնդրի շուրջ ոչ ոք այլեւս լուրջ չի խոսի: Սա կլուծի նաեւ տնտեսական խնդիրները: Բայց, ցավոք, Հայաստանում այն կառավարությունները, որ եղել են, ոչ միայն չեն կարողացել ներգրավել ներդրողների, այլ հակառակը` հետ էին մղում: Ես գիտեմ կոնկրետ դեպքեր, երբ մարդիկ եկել են Երեւան, սկսել աշխատել, իսկ հետո բոլորը հեռացել են: Սա պետք է փոխել: Կա հսկայական պոտենցիալ. Հայաստանը Բանգլադեշ չէ. դա պետք է հասկանալ: Հայաստանի դեպքում կան հսկայական ինտելեկտուալ հնարավորություններ, այս ժողովուրդն առանձնահատուկ շնորհ ունի: Բայց, ցավոք, դրանով ոչ ոք չի զբաղվում: Իսրայելն, օրինակ, դրանով զբաղվում է: Իսրայելում դա մեծ պետական ծրագիր է: Հայաստանում նման բան չկա: Ամեն դեպքում, ես Իսրայելի անունից կարող եմ ասել, որ մենք ուզում ենք Ձեզ հետ ընկերություն անել: Իսկ ինչպես եք Դուք դասավորում Ձեր ներքին կյանքը, մենք չենք ուզում խառնվել:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ԿԵՂԾ
Երեկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ, որից հետո կառավարության կայքում բավական կասկածելի տեքստ էր հայտնվել, որտեղ իբր ԱՄՆ դեսպանն ասել էր. «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, եւ կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»։ Երբ սոցիալական կայքերում աղմուկ բարձրացավ այս հայտարարության շուրջ, եւ լրագրողները փորձում էին պարզաբանումներ ստանալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, կառավարությունն արագ ուղղեց տեքստը եւ նորը տեղադրեց: «Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը եւ շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի»: Ինչպես տեսնում եք՝ այն էապես տարբերվում է նախորդից. ստացվում է՝ կառավարությունը սկսել է կեղծել անգամ պաշտոնական հայտարարությունները:

 

 

ԵՎՍ ՄԵԿ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋ
Երեկ հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը, որով պահանջում են, որպեսզի Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը եւս հրաժարական ներկայացնի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ քաղաքապետարանից, սակայն ապարդյուն. երեկ ողջ օրվա ընթացքում նրանք խուսափում էին հեռախոսազանգերի պատասխանելուց. նրանք եւս այս օրերին պարապուրդի մեջ են: Մինչ այդ, ներկայացնենք, թե «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքն ինչպե՞ս է կարգավորում այդ հարցը: Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը կարող է ինքնակամ հրաժարական տալ, կամ նրան կարող է ավագանին անվստահություն հայտնել, եթե «Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից», կամ էլ՝ «իր լիազորությունների (պարտադիր, պատվիրակված) ոչ պատշաճ իրականացման հիմքով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կառավարության կողմից պաշտոնանկ արվելու դեպքում»:

 

 

ՀՅԴ-Ն ԹՌԵԼ Է
Եթե սովորական օրերին ԱԺ-ում հատուկենտ ՀՀԿ-ականների կարելի էր հանդիպել, ապա երեկ, ընդհակառակը, ՀՀԿ-ականները տեղում էին գրեթե ողջ կազմով, բայց մյուս խմբակցություններից չկար որեւէ պատգամավոր: Ընդ որում, խոսքը ոչ միայն պատգամավորների, այլ նաեւ նրանց օգնականների մասին է: Աշխատակազմի անդամները, փորձագետները խորհրդարան չեն գալիս: Երեկ ամբողջ օրն Ազգային ժողովում անընդհատ անհանգիստ ելումուտ էին անում միայն ՀՀԿ-ականները: Մյուսներն իրենց թիմերով անհետացել էին: Ընդ որում, եթե ԱԺ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների դեպքում դա տրամաբանական է՝ մի մասը երեկվանից Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հանրահավաքներին է մասնակցում, ապա ՀՀԿ-ի` արդեն նախկին կոալիցիոն գործընկեր ՀՅԴ պահվածքն առնվազն տարօրինակ է. նրանք լքել են գործընկերներին, փակ էր անգամ խմբակցության աշխատասենյակը:

 

 

ՉԱՓՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ
Այս օրերին Երեւանում շարունակվող բողոքի ցույցերի արդյունքում ստեղծված իրավիճակից փորձում են օգտվել նաեւ հանրահավաքների հետ առնչություն չունեցող անձինք: Երիտասարդների մի մասն էլ այս օրերի ազատությունը աստիճանաբար շփոթում է անարխիայի հետ։ Արդյունքում հատկապես կենտրոնում այս օրերին կարելի է տեսնել երիտասարդների, որոնք մեքենա են վարում համարանիշները հանած, բարձր երաժշտությամբ կամ ազդանշաններ տալով, արագ, խախտելով երթեւեկության եւ տրամաբանության բոլոր կանոնները: Մեր տեղեկություններով` խնդիրներ կան նաեւ այլ բնագավառների հետ կապված. այս օրերին նվազել է պետական հաստատություններում եւ բանկերում իրականացվող գործարքների թիվը, ինչը վատ է առաջին հերթին պետության համար:

 

 

ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ՏՈՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը առաջիկայում նոր որոշման նախագիծ է ներկայացնելու։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը մտադիր է հունիսի 23-ը հռչակել որպես հանրային ծառայողի օր։ Ի դեպ, այս որոշման նախագիծն արդեն դրվել է շրջանառության։ Ինչպես հայտնի է՝ ՀՀ-ում հանրային ծառայության կամ հանրային ծառայողի հատուկ օր չի նշվում: Ըստ սոցապնախարարության հանրային ծառայողը հանրային բարիք ստեղծող է։ Այդ օրը կանցկացվեն հատուկ միջոցառումներ, որոնց շրջանակներում կլուսաբանվեն հասարակության շրջանում հանրային ծառայությունների արժեքի ու դերի կարեւորությունը։ Փաստորեն, մինչ ողջ երկիրը խառնված է թավշյա հեղափոխությամբ, Արտեմ Ասատրյանի ղեկավարած կառույցը օրենքում տոն օրեր ամրագրելով է զբաղված:




Լրահոս