ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆԱԼ ԵՎ ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգում դատավորները սկսել են հերթով համատարած «հիվանդանալ»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից ոմանք բժշկական տեղեկանք են ներկայացնում առ այն, որ առողջական խնդիրների պատճառով չեն կարող գալ դատարան:

«Իմ քայլը» նախաձեռնության կողմից օրեր շարունակ Երեւան քաղաքում իրականացվող բողոքի ակցիան, որի նպատակն է իշխանությունը անցնցում փոխանցել ժողովրդին, նոր թափ ստացավ, երբ նախաձեռնությանը միացան պաշտոնատար անձինք: Մասնավորապես հրաժարականի դիմում էր ներկայացրել սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ապրիլի 22-ին հրապարակավ իր հրաժարականի մասին հայտնեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչության պետ Արման Աղաքարյանը` նշելով. «Ողջույն հպարտ ու արժանապատիվ, ազատատենչ ու հաղթանակած իմ հայ ժողովուրդ: Ես այս պահին համարվում եմ պետական ծառայող, բայց այս պահից հայտնում եմ իմ անհնազանդությունը բռնապետական, բռնատիրական, սուլթանական, չեբուրաշկիստական իշխանությանը»:
Այս իրավիճակից կարծես թե անմասն չի մնացել դատական համակարգը, բայց առայժմ ոչ բացահայտ: Արդեն երկու շաբաթ է, ինչ դատական համակարգը սառած սպասում է դեպքերի զարգացմանը, իսկ դատական նիստերը չեն կայանում: Գրել էինք, որ քրեակատարողական հիմնարկներից կալանավորներին դուրս չեն թողնում, ուստի արդեն երկու շաբաթ է, ինչ կոնկրետ քրեական գործերով դատավարությունները չեն կայանում: Նաեւ կալանավորների կամ դատապարտյալների մասնակցությամբ քննչական գործողություններ չեն արվում: Միաժամանակ քաղաքացիական գործերով եւս դատական նիստեր չեն կայանում: Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքացիական գործերով կողմեր եւս չեն ներկայանում դատարան: Դատական համակարգում չեն բացառում, որ միգուցե դատարան չեն ներկայացել, քանի որ ստեղծված իրավիճակի մասով ծանուցում չեն ստացել, իսկ ահա մյուս վարկածն էլ այն է, որ միուցե քաղաքացիական գործերով քաղաքացիները ստացել են դատարանի ծանուցումները, բայց իրավիճակից ելնելով` չեն կարող գալ, հասնել դատարան:
Ու մինչ դատական համակարգում փորձում են հասկանալ, թե ինչու քաղաքացիական գործերով հայցվոր եւ տուժող կողմը չի ներկայանում դատարան, համակարգում նոր իրավիճակ է գլուխ բարձրացնում:
Բանն այն է, որ այս օրերին իրար հետեւից դատավորներն սկսել են դատարան չգալ եւ դատարան են ներկայացնում տեղեկանք բժշկից, թե առողջական խնդիրների պատճառով չեն կարող ներկայանալ դատարան:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` բժշկից տեղեկանք ներկայացրած դատավորները են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Գրիգորյանը, Վարդան Գրիգորյանը, Արմեն Վարդապետյանը, Մարինե Մելքոնյանը: Ըստ դատական համակարգում տարածված խոսակցությունների` դատավորների՝ հատկապես այս շրջանում իբր առողջական խնդիրներն առաջ քաշելը ձեւական են համարում եւ ըստ համակարգում տարածված խոսակցությունների` վերջիններիս դատարան չգալու պատճառները կապված են քաղաքական զարգացումների հետ:
Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատական համակարգում սպասում են` հասկանան, թե ինչպես կզարգանան պրոցեսները, որից հետո նոր իրենք կկարողանան խոսել այդ դատավորների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակից հետո զրուցեց դատավորների հետ: Մեզ հետ զրույցում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը` լսելով հարցը, թե արդյո՞ք քաղաքական զարգացումների հետ է կապված դատարան չներկայանալը, եւ պատճառաբանում եք, թե հիվանդ եք, դատավորը նշեց. «Ոչ, առողջական խնդիրներ կան»:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյան
-Պարո՛ն Գրիգորյան, առողջական խնդիրներ ունե՞ք, որ դատարան չեք ներկայանում, թե՞ քաղաքական զարգացումների հետ է կապված Ձեր այս քայլը, Դուք էլ այսպես եք որոշել հրաժարական տալ:
-Չէ, ես ստացիոնալ բուժման մեջ եմ եղել:
-Չե՞ք կարծում, որ զուգադիպությունը մեծ է:
-Չէ, զարգացումների հետ կապ չունի, եւ երկուշաբթի օրվանից գնում եմ: Ամենաժողովրդականը դատավորներն են, առաջին ժողովրդականը դատավորներն են, երբ ցանկացած մարդ դահլիճից դուրս է գալիս եւ շնորհակալություն է հայտնում: Մեր համակարգն է, որ մի քիչ թարմանա, փոխվի, հասարակության կարծիքն էլ կփոխվի:
-Հիմա դատական համակարգում սպասում են, որ քաղաքական այս պրոցեսները հանդարտվեն եւ բուլետին ներկայացրած դատավորների հետ հասկանան, թե ինչպես պետք է վարվեն, մտավախություն չունե՞ք:
-Բացարձակ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԿԱՐՃՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է` «Իմ Քայլը» նախաձեռնության կողմից օրեր շարունակ բողոքի ակցիայի շրջանակներում ձերբակալված եւ կալանավորված անձանց ազատ են արձակել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իշխանություններին ցուցակ է ներկայացրել եւ պահանջել է բողոքի ակցիայի շրջանակներում ձերբակալված եւ կալանավորված անձանց ազատ արձակեն: Ավելին` ըստ մեզ հասած տեղեկությունների` պայմանավորվածություն կա հարուցված քրեական գործերը «ջրելու» մասին:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական եւ տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26 անձ` հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակական կարգը խախտելու, ոստիկանության ծառայողների նկատմամբ` իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու հետ կապված բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու կասկածանքով, եւս 3 անձ կալանավորվել է` զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեղադրանքով:
Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 20, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով` 5, գույքը դիտավորյալ ոչնչացնելու կասկածանքով` 1 անձ:
Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2018թ. ապրիլի 17-ին` Երեւան քաղաքի տարբեր փողոցներով տեղի ունեցած քայլերթից հետո, Հայաստանի Հանրապետության հրապարակում կազմակերպվել է հավաք, որը հետագայում շարունակվել է Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում: Որոշ մասնակիցներ, վրդովված ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում չհավաքվելու եւ երթեւեկությունը չխաթարելու օրինական պահանջից, ժամը 23-ի սահմաններում գնացել են Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի հատման խաչմերուկ, որտեղ սկսել են կատարել զանգվածային անկարգություններ:
Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել, եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Եվս երկու քրեական գործ հարուցվել է լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ: Սակայն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցուցակ է ներկայացրել, ՀՀ գլխավոր դատախազության որոշմամբ` բոլոր ձերբակալվածներին եւ կալանավորվածներին ազատ են արձակել: Չնայած ՀՀ քննչական կոմիտեում գործով նախաքննությունը շարունակվում է, սակայն ըստ մեզ հասած տեղեկությունների` պայմանավորվածություն կա հարուցված քրեական գործերը կարճելու մասին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը երեկ հրաժարական է տվել: «Գիտակցելով պահի օրհասականությունն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը Հայաստանի պետականության առջեւ` ես հրաժարական եմ տալիս սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից: Որպես ԲՀԿ համակիր` ես պաշտպանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համազգային մոբիլիզացիայի մասին կոչին եւ անձամբ դուրս եմ գալիս փողոց»,-ասել է նա:

 

 

ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի եւ Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու եւ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: 2018թ. ապրիլի 22-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Երեւանի Էրեբունի եւ Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք հարձակվել են իր եւ երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով եւ էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետեւանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՎԵԴԻՈՒՄ
Վեդի քաղաքում գողություն է կատարվել: «Թել Սելի» տերմինալի գողության մասին ոստիկանության Արարատի բաժնում բանավոր հաղորդում է ստացվել խանութի սեփականատիրոջից: Պարզվել է, որ խանութի դուռը բացել են տեխնիկական միջոցների գործադրմամբ: Հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով: Հայտնաբերվել եւ գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արարատի բաժին բերման են ենթարկվել Երեւանի բնակիչներ 19-ամյա Վանուշ Մկրտչյանն ու 21-ամյա Խաչատուր Առաքելյանը: Հետագայում հայտնաբերվել է նաեւ գողոնը: Տերմինալը պահված է եղել Վեդիում գտնվող մի շինության տարածքում: Վ. Մկրտչյանն ու Խ. Առաքելյանը որպես կասկածյալ հարցաքննվել ու բաց են թողնվել: Դեպքի հանգամանքները պարզվում են:

 

 

ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ
«Չարենցավան» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա: Չարենցավանի հիվանդանոցի բակից ապօրինի հրազեն պահելու կասկածանքով բերման է ենթարկվել վիրավորի համագյուղացի, 53-ամյա Հարություն Թադեւոսյանը: Նրա մոտ հայտնաբերվել է ակոսափող հրազեն: Հ. Թադեւոսյանը հայտարարել է, որ ժամեր առաջ իր ազգականը զանգահարել է իրեն եւ հայտնել, որ Բդո մականվամբ քաղաքացին հրազենային վնասվածք է պատճառել իր որդի Հովհաննեսին` նկատի ունենալով հիվանդանոց տեղափոխված Հ. Թադեւոսյանին, եւ ինքը ինքնապաշտպանության նպատակով իր անվամբ հաշվառված նշված հրազենը վերցրել է եւ ժամանել Չարենցավանի ԲԿ:




Լրահոս