ՄԻ ՔԱՆԻ ԵՐԵՍԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» նախաձեռնության պայքարի սկզբում իշխանությունն ու դրա կերակրատաշտից օգտվող բոլոր քաղաքական գործիչներն ընդդիմությանը կոչ էին անում սթափ դատել եւ ետ կանգնել այդ պայքարից: Մինչդեռ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, մի քանի օրվա ընթացքում, բազմաթիվ «քաղաքական գործիչների» գիտակցության մեջ եւս թավշյա հեղափոխություն է եղել, եւ հիմա նրանք հավատարմության երդումներ են տալիս առ ընդդիմության առաջնորդ: Ժողովուրդն այս իրավիճակը նկարագրում է մեկ բառով՝ առնետավազք: Եւ ահա, այս օրերին ականատես ենք լինում առնետավազքի յուրօրինակ դրսեւորումների: Եվ այսպես` հերթով անդրադառնանք այն գործիչներին, որոնք իրենց քաղաքական հայացքները, սկզբունքներն ու պատկերացումները պատրաստ են վայրկենապես փոխելու` կախված իրավիճակից:

Երեկ համաժողովրդական շարժմանը միանալու մասին հայտարարեցին միանգամից երկու ՀՅԴ-ական պատգամավորներ: ՀՅԴ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ գործուղման է Բաթումիում, բայց ուշադիր հետեւում է Հայաստանում կատարվող իրադարձություններին: «Իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին»: Եվ այս ամենն ասաց դաշնակցական պատգամավորը, որի հարազատ կուսակցությունը մշտապես քննադատել է Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը` ամեն անգամ չմոռանալով հավատարմության երդումներ տալ Սերժ Սարգսյանին:
Րոպեներ անց պարզ դարձավ, որ հաջորդ ՀՅԴ-ական պատգամավորն է միանում ցուցարար քաղաքացիներին: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառել էր. «Իմ ընտրողներին տրված խոստման համաձայն` ես միանում եմ իմ ժողովրդին: Սա իմ որոշումն է: Հորդորում եմ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չտրվել սադրանքներին: Թող հաղթի ժողովրդի կամքը»: Առնետավազքի հարցում վարպետ Դաշնակցության շարքերում, փաստորեն, անգամ երիտասարդներն են տարեց դաշնակցականներից «ժառանգել» հարմար պահի մի նավից մյուսը ցատկելու հատուկ «շնորհը»: Եվ որպեսզի հերթով ՀՅԴ-ական մյուս պատգամավորներն էլ չհայտարարեին իշխանական նավը լքելու մասին, դաշնակցականները միանգամից հայտարարություն տարածեցին, որ դուրս են գալիս կոալիցիայից: Սակայն տեքստում որեւէ լուրջ քաղաքական դրդապատճառ ներկայացված չէր, որի համար էլ այս ուժը լքեց գործընկեր ՀՀԿ-ին:
«Ծառուկյան» դաշինքում նույնպես «հեղափոխվածներ» կան: Խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը, ով ժամանակին Սերժ Սարգսյանի մեծ երկրպագուն էր եւ անգամ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում էր տվել` այնտեղ քաղաքապետ եղած ժամանակ, այժմ մեծ ցնծությամբ նշում է նրա հրաժարականը: Ավելին` Ղուկասյանը Գյումրու փողոցներում հպարտ ճեմում է` տեսախցիկների առաջ առանձնահատուկ ջերմեռանդությամբ գոռալով «Քայլ արա, մերժիր Սերժին»: Մինչդեռ ոչ վաղ անցյալում նա ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն էր, պաշտոնավարման ժամանակ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում էր շնորհել Սերժ Սարգսյանին, անգամ 2013թ. ընտրություններում իր հաշվին Սարգսյանի նախընտրական շտաբ էր բացել:
«Ծառուկյան» դաշինքից մեկ այլ պատգամավոր` Վարդան Բոստանջյանը, ով վարչապետի պաշտոնում Ս. Սարգսյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել, օրեր անց լիովին փոխել է իր մոտեցումը: Այս առթիվ նա նշել է, թե պետք է համարել, որ սխալ է արել: Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա հունիսին Բոստանջյանն «Ազատություն» ռ/կ հետ զրույցում ասել էր. «Ես փողոցային չեմ, որպեսզի փողոց դուրս գամ»: Բոստանջյանն օրերս նշել է, թե մեր կառավարման համակարգն անարդյունավետ է, եւ չի բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին` Դավիթ Մանուկյանը, ով նույնպես կողմ էր քվեարկել Սարգսյանի վարչապետությանը, այժմ նշում է, թե փոշմանել է իր որոշման համար: Պատգամավորը շեշտել է, թե եթե ժողովրդի մեծամասնության կամքը դա էր, որ Սարգսյանը հրաժարական տար, ուրեմն այդպես ճիշտ էր: Ստեղծված իրավիճակում ջախջախված իշխանության շարքերից րոպե առաջ փախչելու նպատակով հանրության համար անսովոր հայտարարություններ արվեցին նաեւ ՀՀԿ-ականների կողմից: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարություն տարածեց. «Ներքաղաքական ներկայիս վիճակից ելնելով` կոչ եմ անում բացառել խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառման ցանկացած դրսեւորում եւ կտրուկ գործողություն»: Մինչդեռ օրեր առաջ, երբ Սերժ Սարգսյանը դեռեւս չէր հայտարարել հրաժարականի մասին, լուր տարածվեց, որ նույն Միհրան Պողոսյանի թիկնազորը Զեյթունում խաղաղ ցույցի ժամանակ ջարդուփշուր էր արել ճանապարհը փակած քաղաքացու մեքենան: Ինչպես երեւում է` բանանասեր Միհրան Պողոսյանը շտապել է այժմ կտրուկ փոխել մոտեցումը, որպեսզի հետագայում, երբ Փաշինյանն իշխանության գա, իր բիզնեսին վտանգ չսպառնա:
Դե ինչ, առնետավազքն ակտիվ շարունակվում է, եւ ամեն վայրկյան դավաճանների ցուցակում նոր անուններ կարող են ավելանալ: Սրանք մարդիկ են, որոնք չունեն քաղաքական միտք, գաղափարներ եւ ցանկացած րոպեի, կախված պահի նպատակահարմարությունից, լքում են մի «նավը»` մյուսում իրենց համար տեղ ապահովելու համար: Սակայն Նիկոլ Փաշինյանի թիմն, ըստ ամենայնի, կգիտակցի այս հանգամանքը եւ հետագայում այս եւ նման այլ մարդկանց թույլ չի տա տեղ գտնել խորհրդարանում կամ պետական որեւէ այլ մարմնում: Եվ սա մի պարզ պատճառով. մեկ անգամ հարազատ կուսակցությանը դավաճանած անձն այդ քայլը կարող է անել երկրորդ, երրորդ եւ տասներորդ անգամ: Նման մարդիկ մի քանի երեսանի են եւ ինչպես քամելեոնը` խնդիր չեն տեսնում ցանկացած պահի իրենց «գույնը» փոխելու հարցում:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԸ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ Է
Ապրիլի 25-ին Իջեւան քաղաքում կայացել է ցուցարարների մեծ երթ: Միջպետական ավտոճանապարհը փակվել է, ավտոմեքենաների մեծ կուտակում է եղել: Իջեւանի հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում պարապմունքներ չեն կայացել: Ապրիլի 26-ին` ժամը 13:45-ին, շուրջ կես ժամ սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը: Ցուցարարները գոչում էին` միացեք, ոստիկանը մերն է: Ոստիկանները ցուցարարների գործողություններին չէին խոչընդոտում: Նոյեմբերյանում բողոքի գործողությունները, ցուցարարների վանկարկումները ամբողջ օրը շարունակվում էին: Ցուցարարները փակել էին նաեւ Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհը: Դիլիջանի տարածաշրջանում եւս փակել էին միջպետական ավտոճանապարհը: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ եւ Բերդավան գյուղերի միջնակարգ դպրոցներում դասերն ընդհատվել են, բերդավանցի դպրոցականները ոտքով քայլել են դեպի Հաղթանակ գյուղի տարածքում գտնվող խաչմերուկ, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը` Բագրատաշենի մաքսակետը փակող ցուցարարներին միանալու: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղում ոսկեպարցու մահվան քառասունքին նվիրված հոգեհացի ժամանակ գյուղի բնակիչ Հրանտ Բադալյանը, բաժակ բարձրացնելով, հայտարարել է, որ չի կարելի Նիկոլին իր պայքարի մեջ մենակ թողնել, պետք է նրան սատարել, ոսկեպարցիները միացել են ժողովրդական շարժմանը: ՀՅԴ անդամ, իջեւանցի Աժ պատգամավոր Սուրեն Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Ես` Սուրեն Մանուկյանս, 2018թ ապրիլի 22-26-ը եղել եմ գործուղման Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետեւում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին եւ իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների` Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին` լինելով նրանց ընկերը: Այս ամենը նկատի ունենալով եւ իմ ընտրողների պահանջին արձագանքելով` այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը: Սա իմ անձնական որոշումն է»: Մեզ զանգահարեց խոշորացված Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը եւ հայտնեց, որ Կողբ համայնքը որոշում է կայացրել միանալ համաժողովրդական շարժմանը եւ մյուս համայնքներին կոչ է արել միանալ շարժմանը: Կողբը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հայրենի գյուղն է, մարզպետը բնակվում է Կողբում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ՈՒ ՉՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԲԻԶՆԵՍՆԵՐԸ
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի 28-ամյա քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին չի ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը: Չկա անգամ քաղաքապետի տիկնոջ` Մերի Փարվանյանի հայտարարագիրը: Բայց չնայած սրան` երիտասարդ քաղաքապետը զգալի ունեցվածք ունի: Շահվերդյանի դրամական միջոցները կազմում են 9 հազար դոլար եւ 12 մլն դրամ: Իսկ աշխատավարձը, որը հայտարարագրել է որպես եկամուտ, ամսական կազմում է 90 հազար 560 դրամ: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` տուն չունի, ունի ընդամենը «Vokswagen Touareg 3.6» մակնիշի մեկ ավտոմեքենա:
Մինչդեռ Թովմաս Շահվերդյանն անձամբ եւ նրա հայրը Աշտարակում մի քանի բիզնեսներ ունեն: Քանի որ քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու ժամանակ նա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրել է ունեցվածքի հայտարարագիր: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Շահվերդյանը ունի շենք եւ հողամաս` վարձակալության իրավունքով: Նրան է պատկանում նաեւ «Ավգոռ» ընկերությունը: Իսկ իրեն պատկանող շենքն ու հողամասը մի ամբողջ համալիր են, որտեղ եւ գտնվում է նշված ընկերությունը, Աշտարակի շուկան, «Աշտարակ» սուպերմարկետը եւ հացի գործարանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Ավգոռ» ընկերությունը նշված տարածքները վարձակալել է Սարգիս Շահվերդյանից: Իսկ վերջինս, ով գործարար է, Աշտարակի երիտասարդ քաղաքապետի հայրն է: Նա Քասախի կիրճում գործող «Արեւիկ» հանգստյան տան սեփականատերն է եւ տնօրենը:




Լրահոս