«ՄՆՈՒՄ Է ՏԱՆ ՊԱՏԵՐԸ ԾՈՒՌ ՉՇԱՐԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի առաջնորդած թավշյա հեղափոխությանը ներգրավված էին նաեւ մի շարք արվեստագետներ եւ շոուբիզնեսցիներ։ Եվ եթե չլինեին նրանց կոչերը, գուցե հեղափոխությունը հաջողությամբ չպսակվեր։ Վերջիններիս թվում էին Հայկ Մարությանը, Հովհաննես Ազոյանը, Ալինա Մարտիրոսյանը, Զառա Սահակյանը, Հովհաննես Դավթյանը, Հայկ Պետրոսյանը եւ այլն։ «Ժողովուրդ» օրաթերթը հեղափոխության արդյունքների, դրան հաջորդած անսպասելի իրադարձությունների, ժողովրդի հետագա անելիքների մասին զրուցել է դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանի հետ (նա Վարդան Պետրոսյանի որդին է)։ Նա շեշտել է՝ հանրապետականները պետք է հասկանան, որ իրենց ժամանակն անցավ, որ պետք է գա նոր, լավ, պինդ համակարգ, իշխանությունը պետք է փոխանցվի ժողովրդին։

-Հա՛յկ, թավշյա հեղափոխությունից ի՞նչ տպավորություններ ունեք։ Արդյոք ստացվե՞ց ժողովրդի մեջ սերմանել այն մտայնությունը, որ պայքարը ոչ միայն անհատների, այլեւ մի ամբողջ համակարգի դեմ է։
-Ինչպես բոլորը, ես էլ ապրեցի հիացմունքի, հպարտության պատմական պահեր։ Աշխարհում այսպիսի բան չէր եղել։ Մահաթմա Գանդին երկնքից նայել է Հայաստանի կողմը, ասել է՝ հալալա տղերք ջան, հալալա (ծիծաղում է)։ Հիմա մենք մեր ուրախությունը պետք է դնենք մի կողմ, ամենակարեւորը շարունակենք ծավալել խաղաղ, ես կասեի՝ ավելի խաղաղ պայքար՝ արդեն երկրորդ փուլով։ Լինենք համարձակ եւ զգոն։ Այսպիսի շարժումների ժամանակ արտաքին ուժերը, օլիգարխները սովորաբար փորձում են խառնվել եւ իրենցով անել ինչ-որ բաներ։ Այդ իմաստով պետք է շատ զգույշ լինենք։ Հիմա այնպիսի վիճակ է, որ ժողովուրդն ինտուիցիայով Նապոլեոն է դարձել։ Ամեն ինչ շատ լավ զգում եւ հասկանում ենք։ Սա տարիների կուտակվածի կուլմինացիան է։ Այստեղ հարցը միայն այս կամ այն գործչին մերժելը չէ։ Սա երկրորդ փուլն է՝ շատ բարդ ու յուրահատուկ։ Պետք է զինվել համբերությամբ, շտապողականությունը մեզ չպետք է խանգարի։ Աստված տա, այն սոլիդարությունը, որ ցուցարարների շրջանում եղել է պայքարի հենց սկզբից, պահպանվի։
-Հանրապետականները վստահ հայտարարություններով են հանդես գալիս, ասում են, որ իրենք են ընտրելու իրենց վարչապետին։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին։
-Դե, ինչ ասեմ, անցյալի մնացուկներ են. ես երբեք իրենց լուրջ չեմ վերաբերվել։ Ինձ համար նրանք տանող-բերող քաղաքական գործիչներ են, կշիռ չունեն։ Թող աչքերը լայն բացեն ու տեսնեն՝ փողոցներում ինչ է կատարվում։ Իրենք պետք է հասկանան, որ իրենց ժամանակն անցավ, որ պետք է գա նոր, լավ, պինդ համակարգ, իշխանությունը պետք է փոխանցվի ժողովրդին։ Հեղափոխության արդյունքում երկրի հիմքը, ֆունդամենտը լավ է դրված, մնում է` տան պատերը ծուռ չշարենք։ Ամեն դեպքում, ես արդեն տեսնում եմ մտածողության, ներքին որակների փոփոխություն։ Ապրիլի 24-ին, երբ Ծիծեռնակաբերդում էինք, հսկայական հերթ էր գոյացել։ Ոմանք խախտում էին այն, իսկ մյուսները սաստում էին կարգը չպահպանելու համար։ Սա արդեն իսկ փոփոխություն է։ Ուրեմն սթափ լինենք, ինչպես ժամանակին ասել է մեր ոստիկանապետերից ամենաքրիստոնյան։ Ժամանակն է՝ այդ կոչին հետեւենք։
-Եվ վերջին հարցը՝ հիմա ժողովուրդն ի՞նչ պետք է անի։ Ո՞րը պետք է լինի նրա հաջորդ քայլը։
-Ես կոնկրետ քայլերով քաղաքական լուծում առաջարկել չեմ կարող։ Փոխարենը հետեւում եմ քաղաքագետների տեսակետներին, օրինակ՝ Արա Պապյանի, Լեւոն Շիրինյանի։ Բայց մի բան հստակ է՝ պետք է կյանքի կոչվի Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգը, ընդ որում, այդ պրոցեսը պետք է անցնենք հանգիստ, առանց էմոցիաների տրվելու։ Դեռեւս այսքանն անենք, իսկ թե որոնք կլինեն հետագա անելիքները, ցույց կտա ժամանակը։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԹՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ԳՆԱՆ, ՈՐՊԵՍԶԻ ԿԵՂՏԸ ՄԱՔՐՎԻ»

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի քաղաքական ներքին կյանքում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ զրուցել է երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանի հետ։

-Տիկի՛ն Պիպոյան, նոր էինք սկսել տոնել թավշյա հեղափոխությունը, սակայն երկրում կտրուկ կերպով իրավիճակ փոխվեց։ Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի անձի դեմ պայքարը բավական չէր, պետք էր համակարգի դեմ պայքար մղել։ Հատկապես, որ հանրապետականներն ասում են, որ իրենք խորհրդարանում մեծամասնություն են կազմում եւ իրենք էլ ընտրելու են իրենց ղեկավարին։ Ի՞նչ տպավորություն ունեք այս գործընթացներից։
-Իհարկե, սպասելի էր այս ամենը։ Նրանք հեշտ ու հանգիստ իշխանությունը չէին հանձնի։ Ես հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանն ուներ այնքան ռեալ տեսլական, որ կարողանար կանխատեսել հնարավոր դժվարությունները։ Հիմա մի փոքր բարդ է հասկանալ՝ ինչ կարող է լինել։ Ես տեսնում եմ, որ Փաշինյանի դիրքորոշումն աջակցվում է նաեւ դրսից, կարեւոր միջազգային դերակատարների կողմից։ Տեսնենք՝ այսօրն ու վաղը ինչ ցույց կտան։ Բայց եթե հանրապետականները կամովի հրաժարական չտան, մենք պետք է լուծարենք Ազգային ժողովը։ Դա է ճանապարհը։
-Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի քայլերին հետեւելով՝ ի՞նչ եզրակացություններ կարելի է անել։
-Վերջերս նրա ելույթն էի լսում, մոտավորապես այն էր ասում, որ կա զանգված՝ այլ կերպ է մտածում, ոչ այնպես, ինչպես ցուցարարները, եւ պետք չէ նրանց կարծիք պարտադրել։ Ինքը ուզում է վարչապետի ընտրությունը դնել քվեարկության, բայց պետք է հասկանալ, որ պառլամենտի կազմը արդեն երեկվա կազմ է, արդեն անցած իրավիճակում են գտնվում։ Միեւնույն է՝ պետք է հեռանան։ Դա փաստ է, որի հետ հարկավոր է հաշտվել։ Թող հիմա իրենք զենքերը վայր դնեն, դրանից հետո լինեն ընտրություններ։ Այդ ժամանակ խորհրդարանի կազմը թող ընտրի ժողովուրդը։ Թող հանրապետականները գնան, որպեսզի կեղտը մաքրվի։ Եթե այդքան լավն են, թող իրենց նորից ընտրեն, մենք ուղղակի կապահովենք այդ ընթացքի արդարությունը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՀԵՏԱՁԳԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտնել է, որ անորոշ ժամանակով որոշել է հետաձգել պատանեկան առաջնությունների բոլոր հանդիպումները: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին ընթանում է համաժողովրդական ընդվզում, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել անորոշ ժամանակով հետաձգել պատանեկան առաջնությունների բոլոր հանդիպումները»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

 

ՈՒՄ ԿՀԱՍՆԻ «ՈՍԿԵ ԳՆԴԱԿ»-Ը
«Ինտեր»-ի խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը, Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի` «Լիվերպուլ»-«Ռոմա» խաղից հետո առաջարկել է «Ոսկե գնդակ»-ն այս տարի հանձնել մերսիսայդցիների կիսապաշտպան Մուհամեդ Սալահին: Եգիպտացի ֆուտբոլիստը, հիշեցնենք, հռոմեական թիմի հետ խաղում դարձել է 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Լիվերպուլ»-ը հաղթել է 5:2 հաշվով:
Պերիշիչը «Ոսկե գնդակ»-ի լուսանկարն է հրապարակել` ավելացնելով Մուհամեդի ազգանունը: Նախքան 2017թ. ամռանը «Լիվերպուլ» տեղափոխվելը` Մուհամեդ Սալահը հանդես է եկել «Ռոմայում»:

 

 

10-ԱՄՅԱ ՏՂԱՅԻ ՀԵՏ
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը թենիս է խաղացել 10-ամյա Մարկ Կրաեկյանի հետ, ում մոտ երկու տարի առաջ ոտքի քաղցկեղի հազվադեպ տեսակ էր հայտնաբերվել: «Շատ հաճելի էր խաղալ Մարկի հետ: Իսկապես, հիանալի էր»,-ասել է Նադալն ու համատեղ լուսանկար հրապարակել: Մարկ Կրաեկյանն իր ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում: Նշվում է, որ թենիսի հանդեպ սերն իրեն օգնել է հաղթահարել քաղցկեղը, չնայած հիվանդության պատճառով կորցրել է ոտքը: Ավելի վաղ Մարկի պատմությունն անտարբեր չի թողել նաեւ Ռոջեր Ֆեդերերին:

 

 

2,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Բոկա Խունիորս»-ի` «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին առաջարկած պայմանագրից: 5-ամսյա պայմանագրի համար արգենտինական ակումբը 2,5 մլն դոլար է առաջարկել իտալացի դարպասապահին: Առաջարկն արդեն ուղարկվել է 40-ամյա դարպասապահին, նրանից պատասխան է ակնկալվում մայիսի 17-ից հետո: Հիշեցնենք, որ Բուֆոնի գործող պայմանագիրը «Յուվենտուս»-ի հետ նախատեսված է մինչեւ 2018թ. հունիսը:




Լրահոս