ՀԱՐՑ. Աղջիկս սովորում է միջին մասնագիտական ուսհաստատությունում: Խնդրում եմ ասեք` ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի նա կարողանա օգտվել ուսման վարձավճարի զեղչից:
Միլենա Հարությունյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը եւ բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը`
1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին.
2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին.
3) 3 եւ ավելի անչափահաս կամ 3 եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.
4) վճարովի ուսուցման համակարգում երկու եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.
5) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին.
6) հեռավոր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին.
7) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին.
8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` ուսումնական հաստատության հայեցողությամբ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` եթե նշված կետերին համապատասխանում է տիկին Միլենայի դուստը, ապա կարող են դիմել եւ ստանալ վարձավճարի զեղչի հնարավորություն:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: