Հեղափոխության շղարշի ներքո կոնսերվատորիայի ուսանողները ելել են դեկանի դեմ՝ հուսալով ազատվել նրանից. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օգտվելով երկրում տիրող ներքաղաքական պրոցեսներից՝ Երևանի պետական կոնսերվատորիայի որոշ ուսանողներ անարդարացի կերպով թիրախավորել են դաշնակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ, դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանին: Նրանք ուսանողական և դասախոսական որոշ շերտերից հավաքել են ստորագրություններ՝ փորձելով հեղափոխության շղարշի ներքո «ազատվել» շիտակ ու արդար դեկանից»,- այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգում են դաշնամուրային ֆակուլտետի մի խումբ ուսանողներ: Նրանք պնդում են՝ Արմեն Բաբախանյանն օժտված է ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային բարձր որակներով: Նա իր դեկան եղած ժամանակ ճահճից հանել է այդ ֆակուլտետը՝ պահանջելով բարձր որակներ թե՛ դասախոսներից, թե ՛ ուսանողներից: Ուստի, ահազանգը հնչեցնողների խոսքով, հասկանալի է, որ այդպիսի մեկը ձեռնտու չէ աշխատել չսիրող դասախոսներին և ուսանողներին, որոնք նախկինում հեշտությամբ ստանում էին բարձր գնահատականներ, իսկ այժմ՝ ոչ:

«Դժգոհող ուսանողները իրենց ձայնը բարձրացրել են այնպես, որ իրենցից ու իրենց համախոհներից բացի՝ ուրիշ ոչ ոք չի լսել, դեկանատի դռները միշտ բաց են եղել, մենք հորդորում ենք բաց քննարկել բոլոր առկա ու թվացյալ խնդիրները և չգործել ընդհատակից։ Այն, ինչ թավշյա հեղափոխությունը տվեց մեր երիտասարդությանը, մենք Բաբախանյանի շնորհիվ ունեինք վաղուց։ Մինչև նրա՝ կոնսերվատորիա գալը գերազանց գնահատականներ են շռայլվել աջ ու ձախ, այսինքն՝ ուսանողները սովոր են եղել, որ իրենց բարձր գնահատականը հեշտ է տրվելու:

Տարիների ընթացքում իրավիճակ է փոխվել, որի հետ որոշ ուսանողներ ու դասախոսներ չեն կարողանում համակերպվել: Պարզապես պարոն Բաբախանյանն իրեն պաշտպանելու ունակություններով այնքան էլ օժտված չէ, որովհետև ճգնավոր, զուսպ մտավորականի տեսակ է, ուստի մենք մեր պարտքն ենք համարում դրանով զբաղվել ինքներս»,-մեզ հետ զրույցում շեշտեց դաշնամուրային ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Արգինա Հարությունյանը: Դաշնամուրային ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Ռոման Նամալյանն էլ նշեց, որ Բաբախանյանը Հայաստանում իսկական հեղափոխություն է արել դաշնամուրային արվեստում. «Այն, որ մենք ունենում ենք հաջողություններ միջազգային փառատոններում և մրցույթներում՝ նաև նրա մասնագիտական մեծ ներդրումի շնորհիվ է:

Մեր դեկանը տարբերվող, առաջադեմ տեսակ է, որը լուռ կատարում է իր գործը և երբեք չի հարմարվում անարդարության հետ»,-մեկնաբանեց նա:
Ուսանողների համոզմամբ՝ եթե բողոքի ակցիան կազմակերպվեր, օրինակ, մեկ ամիս առաջ, արձագանք չէր ունենա, բայց այսօր, քանի որ հայ հանրությունը հեղափոխության էյֆորիայի տակ է, և չի շտապի թացը չորից տարբերել, շատ հնարավոր է, որ ստացվի վարկաբեկել Բաբախանյանին։ Նույն ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Խաչիկ Անդրեասյանն էլ դժգոհող ուսանողներին հարցնում է. «Եղե՞լ է դեպք, որ խնդրանքով դիմեք Բաբախանյանին, և նա մերժի ձեզ: Վստահ եմ՝ ոչ: Չկա մեկը, ում նա չօգնի»:

Նույնը վկայեց ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Էդգար Գերաշենկոն. «Պարոն Բաբախանյանը մշտապես բաց է ուսանողների հետ քննարկումների համար, նրա հետ կարելի է ազատ զրուցել ամեն ինչի մասին, նա երբեք չի վախեցել լսել անգամ ուսանողի քննադատությունները, հետևաբար այս բողոքի ակցիայի դրսևորումները մեզ համար խիստ անհասկանալի ու կասկածելի են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Դաշնամուրային ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Մարտին Շահբազյանն էլ պնդեց՝ դաշնամուրային ֆակուլտետում կան անարդար, դիլետանտ ու կոռուպցիոն ռիսկերի մեջ թաղված գործիչներ, և, անհասկանալի է, որ ուսանողների բողոքի ակցիան սկսվում է այն մարդուց, որի և՛ կատարողական, և՛ դասախոսական հատկանիշները կասկածի տակ չեն դրվում ո՛չ նրա համախոհների, ո՛չ նրան դեմ դուրս եկած մարդկանց կողմից. «Հարկ եմ համարում նշել, որ ըստ ինձ հասած հավաստի ինֆորմացիայի՝ ստորագրահավաքին որոշ ուսանողներ մասնակցել են, իհարկե, առանց ճնշման, բայց և՝ առանց անձնական դրդապատճառի»,-ասաց նա։ Մարտինը խոսեց նաև Բաբախանյանի քաղաքական հայացքների մասին: Նա վկայեց՝ թեև իր ուսուցիչը կուսակցական չէ, բայց մշտապես անվախ կերպով արտահայտում է իր տեսակետները. «Ես, մասնակից լինելով թավշյա հեղափոխությանը, քննարկումներ եմ ունեցել նրա հետ, և կարող եմ ասել, որ պարոն Բաբախանյանը ոչ միայն չի արգելել իր ուսանողներին մասնակցել ցույցերի, այլև խրախուսել է նրանց»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Նույն ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Ադրինե Կարասեֆերյանն էլ հավելեց, որ վեց տարի շարունակ սովորել է Արմեն Բաբախանյանի դեկանության օրոք և համաձայն չէ նրա դեմ ներկայացված դժգոհություններից ոչ մեկին. «Ի տարբերություն մյուսների՝ ես իմ ստացած գնահատականների վերաբերյալ ինքնուրույն հետևություններ եմ արել ինքս իմ մասին, ոչ թե իմ ուսուցչի, առավել ևս՝ դեկանի մասին»,- եզրափակեց նա:

Նշենք, որ ստորագրահավաքի մասնակից ուսանողները ոչ մի կոնկրետ, ձևակերպված մեղադրանք չեն առաջադրում Արմեն Բաբախանյանի նկատմամբ, միայն բավարարվում են պնդել, որ համաձայն չեն նրա որոշ դիրքորոշումներին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս